Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար լավ դերասանը անկեղծ մարդն է»

Նոյեմբեր 19,2018 14:00

Հարցազրույց դերասան Արթուր Բարսեղյանի հետ

– Դուք գործունեություն եք ծավալել թատերական ասպարեզում, բայց փորձ ունեք նաև հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում. որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում՝ որպես դերասան:

– Միանշանակ՝ թատրոնում, որովհետև թատրոնում կա խաղ: Տեսախցիկների առաջ ինչ-որ անգիր արած տեքստ կարդալը նույնը չէ, ինչ բեմում կանգնելն ու խաղալը: Ես թատրոնի մարդ եմ: Ֆիլմը բերում է ճանաչում, բայց բավականություն չի պատճառում: Ի սկզբանե ես որոշել էի՝ դերասանական ուղիս սկսելու եմ հենց թատրոնում: Հետո ճանապարհներն ինձ տարան դեպի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն:

– Որո՞նք են եղել դերասանական առաջին քայլերը, և ի՞նչ փոխեցին դրանք Ձեր կյանքում:

– Ուսանողության տարիներին խաղացել եմ ըստ Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի բեմադրված ներկայացման մեջ: Երկու կերպար էի մարմնավորում՝ Վասկա Պեպել և Սատին: Բարդ էր, իհարկե, բայց սրանք այն դերերն էին, որոնք շատ կարևոր նստվածք տվեցին իմ մասնագիտությանը: Շատ բան սովորեցի, ու կարծում եմ՝ հենց առաջին քայլերն են ամենակարևորը յուրաքանչյուր մասնագիտության դեպքում:

– Ո՞րն է ամենահաջողված դերը, որ խաղացել եք:

– Ես ավելի հաջողակ եմ եղել թատրոնում, քան կինոյում: Հաջողված էր իմ դիպլոմային աշխատանքի համար տրված դերը: Խաղում էի Ֆերնանդո Արաբալի «Պիկնիկ» աբսուրդ ներկայացման մեջ՝ Սափոյի դերում: Շատ եմ սիրել այս դերը, կարծում եմ՝ այն ինձ հաջողություն բերեց, որովհետև հենց այս դերից հետո շատ ռեժիսորներ ինձ սկսեցին նկատել, ունեցա առաջարկներ:Հետո նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում խաղացել եմ Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» ներկայացման մեջ, որը հետո ձևափոխվեց, կոչվեց «Աթոռ»: Նշանիկի դերում էի. սա նույնպես իմ հաջողված դերերից է:

– Թատերական ակտիվ կյանք եք ունեցել, եղել եք տարբեր թատրոններում. որտե՞ղ կարողացաք գտնել ձեզ…

-Եթե անկեղծ, ես ինձ համարում եմ տրագիկ դերասան: Յուրաքանչյուր թատրոն ունի իր ուրույն բնորոշումները: Թատրոնը մի փոքրիկ ընտանիք է, որտեղ դու կա՛մ հյուր ես, կա՛մ այդ ընտանիքի անդամը: Որևէ կոնկրետ անուն տալ չեմ կարող, պարզապես կարող եմ ասել, որ թատրոնում պետք է լինի ճիշտ մթնոլորտ: Իմ բոլոր դերերն էլ ես սիրով եմ խաղացել:

– Ի՞նչն է կարեւոր լավ դերասանի համար:

– Առհասարակ մասնագետը իր ոլորտում լավ արդյունքներ ունենալու համար առաջին հերթին պետք է լինի լավ մարդ, անկեղծ մարդ: Բեմում կամ տեսախցիկների առաջ պետք է լինել անկեղծ, հանդիսատեսն ու լսարանը շատ արագ հասկանում են՝ երբ է դերասանը անկեղծ, երբ՝ ոչ: Ինձ համար լավ դերասանը անկեղծ մարդն է:

– Կարողանո՞ւմ եք նույն ձևով «խաղալ» նաև կյանքում, ինչպես բեմում եք խաղում:

– Դերասանները կյանքում չեն կարողանում խաղալ: Պարզապես չի ստացվում. նրանք կյանքում ավելի հասարակ են, քան մնացած բոլոր մարդիկ: Ինչ-որ մի պահի ինքներս մեզ բռնացնում ենք, ու խաղալը պարզապես դառնում է անհնար: Հավատացնում եմ՝ դերասանները կյանքում շատ ավելի պարզ, հասարակ ու անկեղծ են:

– Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանում հնարավո՞ր է կերտել դերասանական լավ կարիերա:

– Կյանքում միշտ չէ, որ ինչ սովորում ես, այդ ոլորտում էլ դառնում ես լավ մասնագետ հեշտությամբ: Անկախ պայմաններից՝ առաջին հերթին պետք է ճիշտ հաղթահարել խոչընդոտները, պատրաստ լինել անկումների: Ամենակարևորը՝ պետք է լինել աշխատասեր, նպատակասլաց, որից հետո պայմանները ինքնըստինքյան կհայտնվեն քո առաջ, քեզ կսկսեն նկատել: Իսկ մեր երկրում «իրավիճակ է փոխվել», հետևաբար՝ ամեն ինչ էլ հնարավոր է:

– Ի՞նչը կփոխեիք հայկական ֆիլմարտադրության մեջ:

– Ինձ համար բավականին լուրջ խնդիր կա մեր ֆիլմարտադրության մեջ՝ վերաբերմունքը աշխատանքի հանդեպ: Պետք է մեծացնել պատասխանատվությունը գործի նկատմամբ: Ես շատ կցանկանայի, որ մինչև էկրաններին ֆիլմ ցուցադրելը, այդ ֆիլմը անցներ նախադիտման փուլ պրոֆեսիոնալների կողմից, հետո նոր որոշվեր՝ ցուցադրվի՞, թե՞ ոչ. այդ դեպքում մեր հեռուստատեսությունը չէր լցվի շատուշատ անորակ ֆիլմերով: Հայկական ֆիլմարտադրությունից կհանեի ցենզուրայից դուրս բառերի կիրառությունը: Ընդհանուր առմամբ՝ մենք ունենք շատ խնդիրներ այս ոլորտը բարելավելու հետ կապված:

– 2009 թվականին Դուք «Բանակում» հեռուստասերիալում մարմնավորել եք շարքային Հակոբյանի կերպարը, որը բացասական էր. դա Ձեզ առօրյայում խանգարո՞ւմ էր հասարակության հետ շփման մեջ:

– Հակոբյանի կերպարը մարմնավորելուց հետո ես որոշ ժամանակ սկսեցի կտրվել ու հեռանալ հասարակությունից: Իմ հասցեին հնչում էին վատ արտահայտություններ, նույնիսկ լինում էին դեպքեր, երբ բոլոր դերասանների հետ երկրպագուները նկարվում էին, իսկ ինձ հետ՝ ոչ…Այդ ժամանակ դեռ մեքենա չունեի, երթուղայինով էի գնում նկարահանումներին, ստիպված այդ ռեպլիկների «դարդից» հեծանիվ գնեցի, որ երթուղայինում չլսեմ իմ հասցեին վատ խոսքեր…

– Վերջին շրջանում պասիվ եք՝ որպես դերասան, ի՞նչ նոր ծրագրեր ունեք, ինչե՞ր սպասենք դերասան Արթուր Բարսեղյանից:

– Պասիվությունս պայմանավորված էր ամուսնությամբ, ընտանեկան հանգամանքներով: Այժմ նկարահանվում եմ 16 մասից բաղկացած սերիալում, առայժմ չեմ ուզում բացել «փակագծերը»:

Զրույցը՝ ԱՐՓԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

«Առավոտ»

17.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930