Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այս պահին քննարկում է արձակուրդ վերցնելու հարցը, որպեսզի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այսօր այս մասին ասաց պարոն Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքն է՞լ հրաժարական կտա, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, թե՞ կգնա արձակուրդ:
Պարոն Զեյնալյանն այսօր մասնակցում էր «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագրի միջոցառմանը:
Նախարարի պաշտոնակատարից նաեւ հետաքրքրվեցին, թե անկախ ընտրությունների արդյունքներից, պաշտոնավարման հետ կապված պայմանավորվածություն կա՞ եւ արդյոք այս հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ, ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց. «Ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից:
Այն հարցին, էլ, թե Արտակ Զեյնալյանն իրեն ընդդիմադի՞ր դաշտում է տեսնում, պատասխանեց. «Բոլորը բոլորին մրցակիցներ են: Իսկ ընդդիմություն հասկացությունը կփոխի իր բովանդակությունը եւ ընկալումը. ընդդիմություն եւ թշնամություն, դրանք չպիտի լինեն հոմանիշներ»:
Հարցրին նաեւ, թե այս պահին նա ընդդիմադի՞ր է, ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց՝ բոլոր նրանք, որոնք նույն կուսակցության մեջ չեն՝ ընդդիմադիր են. «Նույնիսկ նույն կուսակցության մեջ եղած մարդիկ, տարբեր ընտրատարածքներում ինչ-որ չափով ընդդիմադիր են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչ ակնկալիքներ ունի Արտակ Զեյնալյանն այս ընտրություններից հարցին, պատասխանեց. «Ընտրությունները պետք է լինեն այնպիսին, որ Հայաստանի պատմության մեջ լավագույնը եւ դրանց արդյունքը որեւէ կասկած չհարուցի: Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք անցկացնելու այսպիսի ընտրություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ