Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ մենք ունենք էդքան լծակ, որ պահանջենք մյուս երկրի ղեկավարներից կեցվածք պահպանել». Ռուստամյանը՝ ՀԱՊԿ-ի խնդիրների մասին

Նոյեմբեր 19,2018 13:12

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեկնաբանելով Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը՝ ՀԱՊԿ դռնփակ նիստի խոսակցությունը դուրս բերելու մասին, ափսոսանք հայտնեց, որ մեր անվտանգության կարեւորագույն ձեւաչափում՝ ՀԱՊԿ-ում այդպիսի իրավիճակ է առաջացել:

Ըստ Ռուստամյանի, «Միանշանակ է, որ թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց»: Նա նշեց, որ այդ խնդիրները քննարկելու ներքին համաձայնություն եւ պայմանավորվածություն, ավանդույթներ են եղել ու երբ խոսքը գնում է զգայուն հարցվերի հետ կապված, այդ հարցերը մինչեւ ներսում չեն քննարկվում, չեն հրապարակվում:

Ռուստամյանն ասաց, որ նման հարցերը պետք է լուծվեն համախոհությամբ. «Չեմ կարծում, որ երկու ղեկավարների հայտարարությունները նպաստել են, որ հարցերը լուծվեն համախոհությամբ: Մենք էլ պետք է խնդիրները այնպես ձեւակերպենք, որ խնդիրներ չառաջացնեն: Մասնավորապես, երբ խոսքը գնում է տեղը պահելու մասին, տեղը պահելը մենք հասկանում ենք, որ կար բաց ՀԱՊԿ կանոնադրության մեջ, որ եթե մենք անձին հետ ենք կանչում, այդ տեղն ինչ ենք անում: Հիմա փորձում են կանոնադրության մեջ այդ ձեւակերպումները տալ: Մինչեւ մեր տեղն այդտեղ հարվածի տակ դնելը, այդ խնդրին պետք էր նախապես անդրադառնալ: Մինչեւ Խաչատուրովին հետ կանչելը, անհրաժեշտ էր նախապատրաստվել այս ամեն ինչին, որ կատարված փաստից հետո չփորձեինք այդ հարցերը լուծել: Պարզ է, որ Խաչատուրովին նշանակելն այնտեղ այդպես պարզ ու հանգիստ չի եղել, դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային ու այդ հարցն այնուամենայնիվ, լուծվեց»:

Ռուստամյանը նաեւ նշեց՝ «Չեմ կարծում, որ մենք ունենք էդքան լծակ, որ պահանջենք մյուս երկրի ղեկավարներից կեցվածք պահպանել, որովհետեւ պահանջել բառն իր մեջ պարտադրանք է պարունակում ու եթե առաջիկա նիստը այդ տրամաբանությամբ սկսի, լավ տեղ չի տանելու: Ես կարծում եմ, որ կրքերը բորբոքվում են, լարվածությունը մեծանում է: ՀԱՊԿ-ում եթե առաջանում են պրոբլեմներ, դրանից առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու, ոչ թե մենք: Ես տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է արտահայտում Ադրբեջանի նախագահը այդ թեմայով տարբեր առիթներով՝ մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի վրա: Մենք պետք է շատ նրբանկատ լինենք, հմուտ մտածված քայլեր կատարենք, որ մի կողմից ՀԱՊԿ-ի կարեւորությունը եւ մեր անվտանգության համար դրա նշանակությունը իրական դառնա, մյուս կողմից էլ չունենալով այլընտրանքներ այլ դաշտերում՝ տանել նրան, որ այդ կառույցը եւ մեր անդամակցությունն այնտեղ հարվածի տակ դրվի, չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չպե՞տք է բացատրություն պահանջի Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից իրենց քայլերի համար՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ձեւակերպումը, որ պահանջել ինչ-որ բաներ այլ երկրի ղեկավարից…նա հեշտությամբ կարող է ասել, որ դուք դրա իրավունքը չունեք, ես էլ նախագահ եմ եւ պարտավոր չեմ բացատրություններ տալ իմ քայլերի համար: Ուրիշ հարց, որ խնդիր դրվեր կառույցն ավելի արդյունավետ դարձնելու, պայմանավորվածությունները հարգելու: Այդ հարցը պետք է դրվեր առաջին իսկ հանդիպմանը, որ չկրկնվեր: Բայց չպետք է թույլ տանք, որ հարցը տեղափոխվի այլ դաշտ ու դառնա անձնական հեղինակության խնդիր: Անձնական հեղինակությունը կասկածի տակ դնելու հարց չի այստեղ»:

Ռուստամյանը կարեւորեց երկրների ղեկավարների հետ անձնական հարաբերություններ պահելը նաեւ: Ըստ նրա, ինչքան այդ անձնական հարաբերությունները լինեն նորմալ, բարեկամական, ընդհանուր գործը դրանից կշահի, մանավանդ գիտենք, թե ում հետ գործ ունենք. «Մարդիկ այնպիսի գնահատականների են սովոր, որ իրենց համար ցանկացած այլ գնահատական ոչ միայն լսողությունն է խզում, այլ իրենց առողջությունն է քայքայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930