Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Շատերը ուզում էին, որ մեր երկրում, մեր փողոցներում արյան գետեր հոսեն: Թույլ չենք տվել ու չենք տալու»

Նոյեմբեր 19,2018 12:29

«Այսօր առավոտից պատուհանից նայում եմ ու շատ մեծ քանակությամբ աղբ եմ տեսնում»,-այսօր Մարտունիում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա մասնակցում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 190 ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանն իր ելույթում քաղաքացիներին կոչ արեց մաքուր պահել շրջակա միջավայրը, չաղտոտել. «Այսօր Հայաստանի ծխողների 95 տոկոսը ծխախոտը գցում է գետնին: Ես, որպես հին ծխող, կոչ եմ անում թողնել ծխելը»: Փաշինյանն իր օրինակը բերեց, նշելով՝ ժամանակին մոլի ծխող է եղել, օրը 3 տուփ ծխել է, բայց 2004-ից թողել է ծխելը, ու այն տարիներին, երբ ծխում էր, ինքն էլ ծխախոտը նետում գետնին. «Ու մի պահի հասկացել եմ, որ սխալ է, դիտողություն են արել»: Այս օրինակները բերելով՝ Փաշինյանն ասաց. «Հեղափոխությունը սկսում է այստեղից»:

Փաշինյանը Մարտու գնալու ճանապարհին կուտակված շատ աղբ է նկատել ու իր ելույթում ֆիզիկական աղբի մասին խոսելիս սահուն անցավ քաղաքական աղբին:

«Ճանապարհին գալիս եմ, Նորատուսի մոտ մի ակնթարթ տեւեց, սարսափեցի. երկու հսկայական խանութ կա ու 10 մետր էն կողմ խանութի չափ աղբ կա: Տպավորություն է, որ գյուղապետ չկա, սեփականատեր չկա: Ո՞ւր է նայում մարզպետարանը: Այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չի փոխվել, այդ աղբը անարգանք է մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ: Ես հիմա լուրջ զբաղվելու եմ բոլոր այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով՝ «Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, ինչպես մեզ ուզում էին սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել: Մենք մաքրեցինք այդ աղբը: Հիմա մենք պետք է մաքրենք նաեւ ֆիզիկական աղբը, պիտի մաքրենք մտավոր աղբը, պիտի մաքրենք բարոյական աղբը, եւ հուսահատության աղբը, մենք չենք հանդուրժելու որեւէ աղբի գոյությունը… Ամեն տեղից անընդհատ բոլոր կողմերից ուզում են համոզել, որ դուք փոքր ժողովուրդ ենք, յոլա գնացող, դե լավ, յոլա գնացեք, փոքր ժողովուրդ եք, դեռ էդքան էլ կա: Ձեր հայրենիքի էս մի մասը տվեք, էն մի մասը տվեք, բայց մենք բոլորին ասում ենք՝ ո՛չ, մենք կարող է փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը դա է՝ աշխարհին ապացուցել ենք, որ մենք արել ենք մի բան, որը մեզանից առաջ ոչ մեկ ի վիճակի չի եղել անել»:

Փաշինյանն ասաց. «Շատերը ուզում էին, որ մեր երկրում, մեր փողոցներում արյան գետեր հոսեն, մենք դա թույլ չենք տվել ու թույլ չենք տալու: Որեւէ մեկը չփորձի ապացուցել, որ մենք փոքր, խեղճ, անօգնական, հուսահատ ժողովուրդ ենք: Մենք հաղթող ու մեծ, հաղթած ժողովուրդ ենք, որեւէ մեկը չփորձի մեզ հետ խոսի քամահրանքով, սպառնալիքով: Սա Մոնթե Մելքոնյանի, մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Մեր մեծությունը սկսում է նաեւ այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս՝ կռանում եւ վերցնում ենք, մենք մեր մեծությամբ ենք սիրում մեր հայրենիքը»:

Ապա Փաշինյանը, կրկին աղբի ու մաքրության օրինակը յուրաքանչյուրի տան օրինակով ներկայացրեց. Նա ասաց, որ մենք մեր տանը աղբ չենք կուտակում, չէ՞, եթե կուտակվում է այդ անկյունը օտարվում է մեզանից, հետեւաբար, հայրենիքն էլ մեր տունն է. «Մեր երկրի ամեն անկյուն մեր տունն է, մեր ընտանիքն է, մենք թույլ չենք տա որեւէ անկյուն օտարվի մեզնից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930