Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ինչպե՞ս եք քարոզչություն իրականացնելու՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պաթոսի մթնոլորտում են անցնելու ընտրությունները եւ այդ պաթոսն առավելություն տալու է իշխանական ուժին»:
Aravot.am-ը հարցրեց՝ ՀՀԿ-ն հեղափոխությունից հետո վերլուծելով իրավիճակը՝ ընդունել է իր սխալները, ՀՅԴ-ն իր ո՞ր սխալներն է ընդունում՝ Ռուստամյանը պատասխանեց. «Մի կարեւոր սխալ քաղաքական առումով մենք արձանագրել ենք եւ վստահ եմ, որ ապագայում մենք դա երբեք չենք կրկնի: Խոսքը նրա մասին է, որ ՀՅԴ-ն չպետք է մաս կազմի որեւէ կառավարության, որեւէ կոալիցիայի, որտեղ վճռական ձայնի իրավունք չունի եւ չի կարող որոշումներ կայացնել»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ իհարկե, ազգային մի քանի խնդիրներ լուծել են, բայց շատ հարցեր մնացել են կիսատ. «Մենք մինչեւ վերջ մեր մոտեցումները չենք կարողացել պաշտպանել, առանց մեզ էլ մեր կոալիցիոն գործընկերները կարողացել են խնդիրները լուծել: Օրինակ, 2003-ին մենք ընդունել ենք մի օրենք, որը մեր երկարատեւ պահանջների մեջ էր, որ սոցիալական քաղաքականությունը հիմքում ընդունի նվազագույն կենսապահովման զամբյուղը: Օրենքն ընդունվել է, բայց զամբյուղի բաղադրությունը պիտի կառավարությունը լուծեր: Բայց քանի որ մենք չունեինք լիարժեք վճռական ձայնի իրավունք, այս խնդիրը չլուծվեց: Հիմա աղքատության եւ այլ թվերը, որ ներկայացվում են, կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ համեմատ չեն ներկայացվում, պետք է կրկնակի լինեին այդ թվերը»:
Նա ասաց, որ ենթադրվում է, կառավարություն կկազմի «Իմ քայլը» ու այդ դեպքում, եթե իրենց հրավիրեն կառավարություն՝ չեն գնա. «Չենք պատրաստվում մաս կազմել կառավարության, եթե անգամ մեզ թախանձագին խնդրեն»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ նոր դեմքեր կլինեն իշխանությունում ու անորոշ է, թե ինչ ուղղությամբ երկիրը կտանեն. «Անորոշությունները շատ են: Անցումային շրջան է ու այդ անցումը ինչպես կկատարեն նորերը, լուրջ խնդիրներ կան: Փոփոխությունը՝ փոփոխություն, բայց անցած ճանապարհը ճիշտ գնահատել է պետք, որ նույն սխալները պատմության մեջ գրանցված չկրկնեն: Ես այս վիճակը 90-ականներին շատ եմ նմանեցնում, եկան նորերը, փոխեցին հներին ու նոր էին սովորում, դրա համար էլ ձախողեցին»:
Հարցին՝ ՀԿ-ն ասում է, որ մենք ենք իրական ընդդիմություն, որովհետեւ վերջին 6 ամսում որեւէ ուժ չի քննադատել Փաշինյանին ու մի ծպուտ չի հանել նրա դեմ, համաձա՞յն եք դրա հետ՝ Ռուստամյանը պատասխանեց. «Կրկնվում է նույն սխալը, ինչ եղել է էլի նորից՝ ով է իրական ընդդիմություն, ով է կեղծ»:, Չեն հոգնել մարդիկ: Այսինքն, ով որ հայհոյում է, ով ամենակծու բաներն է ասում, նա՞ է դառնում ընդդիմություն»: Ըստ Արմեն Ռուստամյանի, ընդդիմություն լինում ես, երբ ձեւավորվում է իշխանություն. «Եթե բառախաղով զբաղվենք, մենք դուրս ենք եկել կառավարությունից, ուրեմն ըստ կանոնակարգի, ընդդիմություն ենք: Մենք քննադատել ենք այն ամենը, ինչը մեզ համար եղել է անընդունելի: Օրինակ, հոկտեմբերի 2-ի դեպքերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ