Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարհագրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը:
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀԿ 1-ին փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար