Լիլիթի ձեռքում պտտվում է բանալին, բացվում է լսարանի դուռը, որտեղ և պիտի զրուցենք: Իմ տեսած լսարանների նման չէ սա: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետի բեմանկարչության բաժնի ուսանողների լսարանն է, կարգուկանոն փնտրելու կարիք չկա, իսկ անավարտ-ավարտուն աշխատանքներ՝ ինչքան ուզես:
Լիլիթ Իսպիրյանը սովորում է նույն բաժնի չորրորդ կուրսում: Նրա հետ որոշել ենք արվեստ-ընդդիմություն գաղափարներից խոսել:
Բանալին Լիլիթի ձեռքում պտտվում է նորից, այս անգամ՝ ներսի կողմից: Սկսվում է զրույցը:
Արվեստ և ընդդիմանալ
Արվեստի մի կողմն է միայն ընդդիմանալու հնարավորությունը, բայց ինքը՝ արվեստը միայն ընդդիմանալու միջոց չէ: Արվեստը միայն որպես ընդդիմանալու միջոց ընդունելը կնշանակի արվեստին վերջնագիր տալ, վերջնական կոնցեպտ կամ սահմանում: Այստեղ կարևորը արվեստի ինչ լինելու հարցը անընդհատ արդիական պահելն է: Օրինակ՝ քաղաքական արվեստը հենց դրանով էլ զբաղվում է, բայց արվեստը նաև դաշտ է, որտեղ դու ազատ ես համակարգներից և հասարակության ստեղծած հնարավոր ամեն ինչից: Թեպետ՝ այն կարող է համակարգի մասին էլ լինել, ու այդ մասին խոսելը արվեստագետի համար նշանակի ընդդիմանալ երևույթին: Մեկնաբանության խնդիր է:
Մի մեծ դաշտ ունենք, որտեղ շատ արվեստներ կան, շատ երևույթներ այդքան համարձակություն ունեն իրենց արվեստ կոչելու: Մյուս կողմից՝ արվեստը՝ որպես ընդդիմանալու միջոց, կարող է հենց այդ երևույթներին ուղղված լինել: Մենք միշտ մտածում ենք արվեստով ընդդիմանալ համակարգերին, բայց հնարավոր է նաև «արվեստին» արվեստով ընդդիմանալ:
Բախումներ
Համակարգի ու արվեստագետի բախումը կախված է նրանից, թե դու ներքուստ ինչքանով ես ազատագրված այդ համակարգից: Եթե ազատագրված ես, կարիք չունես ընդդիմանալու:
Բայց համակարգի հետ արվեստագետի խնդիրը անկախ է եղած հեղափոխություններից: Համակարգը փոխարինվում է այլ համակարգով, ու եթե այն չլինի, քաոս է: Համակարգի լավը կամ վատը լինելը կախված է դրա նկատմամբ արվեստագետի դիրքից ու վերաբերմունքից:
Մենք բախվում ենք զանազան ինստիտուտների, մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին ունեն բախումներ: Ու ստացվում է՝ այս շրջանակում կան խմբեր, որոնց մենք կատեգորիա ենք համարում, բայց մենք էլ նրանց համար ենք կատեգորիա:
Հաճախ ընկերներով քննարկում ենք ու ասում՝ եթե ամեն ինչ նորմալ է, ոչ մի ներքին, արտաքին բախում չունես, ուրեմն հաստատ մի բան այն չէ, միտքդ չկա, ինտեգրվել ես:
Սովորեցնե՞լ արվեստ
Հետաքրքիր է՝ «համացանցի դարում» ինչպե՞ս կարող է արվեստի բնագավառում սովորող ուսանողին զարմացնել դասախոսը, ով սովորել է Սովետական միությունում, իր հետ բերել է այնտեղի բոլոր կանոնները և բաց չէ փոփոխությունների համար (իհարկե, Սովետական միությունում էլ կային արվեստագետներ, ովքեր տաղանդավոր էին, հարցը դա չէ, այլ ժամանակաշրջանի փոփոխությունը):
Միակ բանը, որ համալսարանները պետք է անեն հետազոտություններն են ու ուսանողների քննադատական միտքը զարգացնելը: Ամեն բան բաց է, հասանելի: Ուսանողներն ակնկալում են հարցեր տալ սովորել:
Պարադոքսն այն է, որ դու սովորում ես մի տեղում, որտեղից պետք է մաքուր ազատագրված լինեիր՝ արվեստ ստեղծելու համար:
Իսկ եթե ծերունին մահացե՞լ է
Արվեստը, միշտ մտածում եմ, որ այս շրջանում հայտնվել է փակուղու մեջ:
Դելյոզի ու Գվատարիի «Ի՞նչ է փիլիսոփայությունը» աշխատությունը կարդալիս հանդիպեցի մի մտքի: Ասում են՝ ծերունին իր կյանքի վերջում կարող է ինքն իրեն հարցնել, թե փիլիսոփայությունն ինչ է: Ծերունին համաշխարհային մտքի սիմվոլն է: Ու ես հիմա մտածում եմ՝ գուցե ծերունին մահացե՞լ է արդեն: Որովհետև այս շրջանում փիլիսոփայության, արվեստի մասին հարցեր բարձրացնելը, Դելյոզի ու Գվատարիի նշած ծերուկի մասին հիշողություններն են: Արդյո՞ք ավելին է:
Գործառույթի փոփոխություն
Հայաստանում կան մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքական արվեստով: Նրանք հեղափոխությունից հետո ասում են, որ այն դեռ չի ավարտվել, այլ թևակոխել է բարեփոխումների փուլ: Շատ հաճելի է լսել դա՝ որպես քաղաքացի: Սակայն արվեստի տեսակետից, կորում է ստեղծագործությունների բացասական տարրը, ու դրանք փոխում են ուղղվածությունը: Այլևս ընդդիմադիր չեն կարող լինել, քանի որ դրական տարրեր ունեն: Քաղաքական արվեստը արդեն ոչ թե ընդդիմանալու, այլ տեսնելու, նշելու միջոց է: Փոխվել է գործառույթը:
Հեղափոխությունից առաջ
Հեղափոխությունից առաջ՝ մարտ ամսին ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) հեղինակային նախագիծս ներկայացրի՝ «Հատկանիշներ, կնիքներ, ապրանքներ» խորագրով: Այն արվեստի վերաբերյալ սոցիալական պատկերացումների մասին էր: Փորձել էի ներկայացնել արվեստի կնիքավորումը: Մի անգամ՝ աշխատանքներս համալսարանում տեսնելով ասել էին, որ նման մտածողությամբ են կարողանում ՆՓԱԿ-ում ներկայացվել: Այսինքն՝ կնիքավորել էին, որ ես մտածում եմ այնպես, ինչպես ՆՓԱԿ-ում: Ու ՆՓԱԿ-ն ինձ տեղեկանք տվեց, համաձայն որի ես որ արել էի ՆՓԱԿ-ի «Ալտերնատիվ» ամենամյա փառատոնի շրջանակում համարվում էի նրանց ապրանքը: Դա կնիք էր:
Հեղինակային նախագծիս ընթացքում, որ «ՆՓԱԿ-ի ապրանք» աշխատանքի ընդլայնումն էր, օրինակ, Ֆեյսբուքում հարցում էի անցկացրել՝ ինչ է արվեստը մարդկանց համար: Եվ մարդկանց պատասխանները ցուցասրահում ֆիքսվում էին՝ որպես կնիք՝ արվեստ երևույթի համար:
Մալևիչի «Սև քառակուսի»-ն՝ որպես հասարակությանը անհասկանալի գործ, դրել էի հասկացված սոցիալական տարրի՝ սովետական գորգի վրա, իսկ դիմացի պատին ներկայացրել քառակուսուն անընդհատ տրվող հարցերը:
Հեղափոխությունը և ես
Մտածում եմ, որ հեղափոխությունն ինձ համար, արվեստին իմ մոտեցման մեջ, իմ հայացքներում ոչինչ չփոխեց: Ինձ համար շատ հետաքրքիր էր դա գիտակցելը:
Կամ գուցե հեղափոխությունը փոխեց, և ես չկարողացա ֆիքսել: Դրա համար ժամանակ է պետք, որ նոր հարցադրումներ առաջ գան:
Կամ գուցե չփոխեց ոչինչ, և հենց դա է իրական արվեստը, որ գրեթե կապված չէ ոչ մի արտաքին փոփոխության հետ:
Բանալին պտտվում է երկու անգամ ևս՝ ներսի, ապա դրսի կողմերից: Զրույցն ընդհատվում է, գուցե չի ավարտվում:
Վիկտորյա Մարկոսյան
Ցուցահանդեսի լուսանկարները՝ ՆՓԱԿ-ի կայքից
Լավ էլի: