Երկու օր է՝ Գյումրիում Լեհաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, որոնք կազմակերպվել են Հայաստանում Լեհաստանի դեսպանատան, Գյումրիում լեհերի միության՝ «Պոլոնիայի» և լեհական համայնքի մասնակցությամբ։
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը մեզ հետ զրույցում, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի ու Լեհաստանի անկախության 100-ամյակի միջև, ասաց․ «Շատ նմանություններ կան Հայաստանի և Լեհաստանի պատմության մեջ․ Եվրոպայում շատ երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան նույնպես անկախացել են, կարող եմ ասել, որ լեհերին ու հայերին միայն անկախություն չէ, որ միացնում է։ Անկախությունը կարևոր մի մասնիկ է, բայց միակը չէ, այլ մշակույթը, կրոնը։ Իմ կարծիքով Հայաստանը մի քանի հազար տարի, իսկ Լեհաստանը մի քանի հարյուր տարի հեռու է եղել բոլոր տեսակի քաղաքակրթությունից։ Շատ ուրախ եմ, որ Լեհաստանում հայկական Սփյուռքի 650-ամյակն է, շատ հպարտ եմ, որ հայկական համայնքը Լեհաստանում գործում է արդեն 650 տարի։ Այս առիթով ցուցահանդես կազմակերպվեց լեհական պառլամենտում, Արա Բաբլոյանի և Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու կողմից համաձայնագիր ստորագրվեց, և ցուցահանդեսը պառլամենտում գործում է»։
Խոսելով Լեհաստանում բնակվող հայերի մասին՝ դեսպանն ասաց․ «Կարող ենք դեպի Լեհաստան հայկական էմիգրացիայի երեք ալիք առանձնացնել․ 1795 թվականից առաջ առաջին ալիքն է եղել, երկրորդը՝ 19-րդ դարում Ռուսաստանի ցարի կողմից ուղարկված են եղել, և ամենանոր էմիգրացիոն ալիքը Սովետական Միության փլուզումից հետո է։ 40 հազարից ավել հայեր կան Լեհաստանում»։
Լեհաստանի ու Հայաստանի միջև տնտեսական ապրանքաշրջանառության մասին էլ ասաց․ «Ցավոք սրտի, շատ քիչ է, երբեք չի անցել 100 միլիոն դոլարի սահմանը, կաշխատենք ավելի բարձրացնել ցուցանիշը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ