«Ի՞նչ հրավերի մասին է խոսքը»,- «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես հերքեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարություններն այն մասին, որ իրեն հեղափոխության օրերին Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են հրավիրել, որ գնա եւ հրապարակում հավաքվածների մոտ ելույթ ունենա, սակայն իրեն հարթակ չեն թողել, որովհետեւ այլ ծրագրով են այնտեղ գործել: Զարուհի Փոստանջյանը դա ներկայացրել էր «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ:
Լենա Նազարյանը պատմեց, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել հրապարակում եւ ինչն է Զարուհի Փոստանջյանն ընկալել՝ որպես հրավեր անձամբ իր եւ Ալեն Սիմոնյանի կողմից:
Նրա խոսքով՝ «Դա այն օրն էր, որ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին ձերբակալեցին, պատկերացնո՞ւմ եք, այդ խառը իրավիճակում, շատ անհանգիստ ու լարված, երբ որ ես իմ գործընկերներին դժվարությամբ էի գտնում, որովհետեւ քաղաքի տարբեր հատվածներում էինք երթեր կազմակերպում եւ համակարգում, ասենք, այդ պահին ամենաանհավանականը պետք է լիներ, որ ես հիշեի Զարուհի Փոստանջյանին ու նրան կանչեի հանրահավաքի: Բնականաբար՝ ոչ, մենք իրեն չենք հրավիրել հանրահավաքի: Հազիվ մենք ենք եկել հասել այդ օրը, իրար հանդիպել հարթակի մոտ: Ինքը այնտեղ է գտնվել, իր բարձրախոսով եկավ ու ասաց, որ այդ օրը ինքը հանրահավաքի հայտարարություն էր արել եւ հրապարակի մարդիկ եկել են իր հանրահավաքին, տարօրինակ է, չէ՞ այդպիսի բան այդ օրերին: Այսինքն, հրապարակում հավաքված մարդիկ եկել են իր հանրահավաքին: Ես այդ պահին ոչ տրամադրություն ունեի, ոչ ցանկություն հակաճառելու, այնքան լարված ու անհանգիստ էի, ավելի շատ մտածում էի ինչ պետք է ասենք ժողովրդին, մեր խաղաղ ակցիաները շարունակեինք, անորոշությունները շատ էին: Ինքը մոտեցավ ինձ ու Ալենին, անկեղծ չեմ հիշում ինչ եմ ասել, կարող է ասել եմ՝ դեմ չեմ, բայց, բարեբախտաբար Ռուբեն Ռուբինյանն եկավ հասավ, հետո եկավ Աննան Հակոբյան ու մենք որոշեցինք, որ մենք ենք խոսելու, մեզանից բացի ոչ ոք չի խոսելու: Մենք չենք հրավիրել, ինքն է մեզ մոտեցել»:
Ինչ վերաբերում է այլ ծրագիր ունենալուն, որի մասին խոսում է հաղորդման ժամանակ Զարուհի Փոստանջյանը, Լենա Նազարյանն ասաց. «Դա անհեթեթություն է, աբսուրդ, ոնց որ գուշակություններ են անում»:
Լենա Նազարյանն ասաց, որ երբ հետահայաց նայում է այդ օրվա իրադարձություններին ու վերլուծում է կատարվածը, հասկանում է, որ շատ ճիշտ որոշում են ընդունել՝ հարթակում ելույթ ունենալու հնարավորություն նրանց չտալով. «Լսելով ինչ է հիմա ինքն ասում, ոնց է մեկնաբանում, ինչպես է տեսնում իրավիճակը, ինչպես է ներկայացնում, ես չգիտեմ ինքը ինչ կասեր ու բարեբախտություն էր, որ եկան մեր այն ընկերները, որոնք ավելի իրատես էին ու պատրաստ էին իրավիճակն ու ռիսկերը կառավարելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ