Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը նվեր չեն ստանում

Նոյեմբեր 18,2018 18:30

Ժամանակակից աշխարհում երրորդ երկրների ազգաբնակչության հայացքը մշտապես ուղղված է դեպի քաղաքակիրթ աշխարհ և ոչնչի առաջ չկանգնելով նրանց զգալի մասը արտագաղթում է դեպի ԱՄՆ և Եվրոպա: Բարեկեցի և պաշտպանված կյանքը բոլորի համար էլ երազանք է:

Մեր ժողովուրդը իր երկար ու բարակ, մաքառումներով ուղեկցվող պատմության ընթացքում ապացուցել է, որ ինքն արժանի է բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի: Բայց ինչպես ասում են մարդ պետք է մի քիչ էլ բախտ ունենա: Սա վերաբերվում է նաև ժողովրդին: Ղարաբաղյան շարժումը հույսեր արթնացրեց, որ հայ ժողովուրդը հնարավորություն է ստացել կառուցել երկիր, որը համապատասխանում է իր արժանիքներին: Ստացվեց ճիշտ հակառակը: Այս տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ժողովրդի զարթոնքը, հույս են ներշնչում, որ ամեն ինչ կորած չէ: Նախախնամությունը վերջին երեսուն տարվա ընթացքում շռայլ է գտնվել մեր ժողովրդի նկատմամբ և տվել է երկրորդ հնարավորությունը: Ինչպես ցանկացածիս կյանքում այնպես էլ ժողովրդի կյանքում՝ որպես հավաքականություն, հնարավորությունները շաղ չեն տալիս: Դրանք չօգտագործողները հնարավոր է տևականորեն զրկվում են այդ շնորհից: Այս հանգամանքի գիտակցումով է, որ յուրաքանչյուրս պետք է մեզ պատասխանատու համարենք մեր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ: Չպետք է անուշադրության մատնել պետական,  տեղական ինքնակառավարման և մյուս ոլորտներում ցանկացած դրսևորում, որը  նսեմացնում է քաղաքացուն կամ ոտնահարում է նրա շահը:

Ես, որպես շատերից մեկը ապրել և ապրում եմ այդ պարզ ճշմարտության գիտակցումով: Այդպես ապրել եմ հին Հայաստանում, այդպես ապրում եմ նոր Հայաստանում: Հեղափոխությունը կոչված է արմատական փոփոխություններ բերել մեր կյանքում և ես առաջին հավատացողներից մեկն եմ: Հավատում եմ, բայց ոչ թախտին նստած: Հեղափոխությունից հետո, անցած ամիսների ընթացքում առնչվեցի, թե՛ հանրապետության նախագահի, և թե՛ վարչապետի աշխատակազմերում ձևավորվող նախկինում գոյություն ունեցած՝ քաղաքացու նկատմամբ քամահարական, անլուրջ վերաբերմունքի դրսևորումների: Որպես հեղափոխության համակիր և որպես քաղաքացի աստիճանաբար թուլանում են փաստարկներս, երբ խոսք է գնում նոր իշխանության կադրային քաղաքականության մասին: Տեսածից հետո դժվար է պահպանել ոգու ուժը և նույն կրքով ու հավատով պաշտպանել կատարվող փոփոխությունները:

Շատերը տեղյակ են, որ ՀՀ նախագահի աշխատակազմում հայտարարվել և ներկայումս էլ ընթացքի մեջ են թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթները: Ես մասնակցում էի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնի համար անցկացվող մրցույթին: Մրցույթի առաջին փուլը մասնագիտական կարողությունները և ընդհանուր զարգացվածությունը ստուգող թեստ էր, որը ես հեշտությամբ հաղթահարեցի: Ի դեպ նշեմ, որ 2008 թվականին քաղաքական հայացքների համար այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար մուկ  մականունով ոմն մեկի կողմից վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետի պաշտոնից իմ սկանդալային հեռացումից հետո, ես կարողացա ամիսների ծանր աշխատանքով հաշվապահական հաշվառման և աուդի միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան, քննություններ հանձնել և ստանալ որակավորված հաշվապահի և աուդիտորի վկայականներ: Քանի որ նախագահի աշխատակազմի, քաղաքացիական ծառայության խորհրդի և վարչական դատարանի խամաճիկների օժանդակությամբ, բացի աշխատանքս խլելը, ինձանից գողացվեց նաև քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանս, ես զրկվել էի պետական համակարգում աշխատելու հնարավորությունից և այդ ծանր փորձություններով անցնելը ինձ հարկավոր էր նախ աշխատանք ունենալու, ապա նաև պահել պատիվս և արժանապատվությունս:

Մրցույթի երկրորդ փուլը, որում ստուգում են մասնակցի ինչ-ինչ հատկանիշներ և ունակություններ ինձ հայտնեցին, որ ես այդ փուլը չեմ հաղթահարել: Այստեղ էր, որ նորից ապրեցի ուղիղ տաս տարի առաջ իմ նկատմամբ կիրառված զազրելի անօրինականության առաջացրած հոգեվիճակը: Եվ կարելի է ծաղր համարել, որ իմ պիտանիությունը որոշեցին երկու ջահել, երկու հարցի պատասխաններ լսելու արդյունքում: Այդ «ծանրագույն» հարցերից մեկը վերաբերվում էր ինքնակենսագրությունը երկու րոպեում ներկայացնելուն, մյուսը՝ թե ինչու եմ ուզում զբաղեցնել այդ պաշտոնը՝ վերջերս մոդայիկ դարձած, շաբլոն հարցը: Առաջինը «մեծ դժվարությամբ», բայց ժամանակի մի փոքր գերազանցումով ներկայացրեցի, իսկ երկրորդ հարցի պատասխանի ժամանակ մի փոքր ծավալվեցի և «անզգուշություն» ունեցա ասել, որ մուկը  և խամաճիկները ինչքան անմարդկային են վարվել ինձ հետ: Հետագայում պարզեցի, որ խամաճիկներին վերաբերվող մասում, երբ ես ներկայացրել էի իմ անհանդուրժողականությունը մկների և առնետների նկատմամբ ջահելները որակել են որպես կոնֆլիկտայնություն և ինձ կպցրել կոնֆլիկտային մարդու պիտակ:

Ավելի խայտառակ է, երբ քառասուն տարվա հագեցած ու հրապարակային կյանք ապրած և իշխանությունների դեմ ժողովրդի բոլոր ընդվզումների մասնակից մարդուն առաջարկում են երկու րոպեում կենսագրություն ներկայացնել: Հիմա տեղին չի, որ ասեմ՝ այ ջահելներ, նախ գնացեք կյանք սովորեք, նոր եկեք ինձ նման մարդկանց աբսուրդի հասնող հարցեր առաջադրեք: ԵՎս մի տխուր իրողություն: Վերջերս նախագահի աշխատակազմից զանգում են և ինձ սփոփում, որ եթե աշխատակազմի ղեկավարը վերջին փուլին հասած (վերջին փուլը աշխատակազմի ղեկավարի հետ հարցազրույցն է) մասնակիցներից ոչ մեկին չհավանի հնարավոր է քննարկվի իմ թեկնածության հարցը, սա իհարկե այն նամակից հետո, որով ես պահանջել էի, որպեսզի գրավոր ներկայացնեն իմ պատասխանում տեղ գտած թերությունները: Իմ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք մրցույթի երկրորդ փուլից դուրս թողնված մասնակցին նման առաջարկություն անելը բնականաբար տրամաբանության մեջ տեղավորվող ոչ մի պատասխան չստացա: Միակ սփոփանքս այն է, որ հնարավոր է վերջին էպիզոդով զգուշավորությունը վախ է Հանրապետության նախագահից, որ նա  կարող է չհանդուրժել աշխատանքի նման ոչ կոմպետենտությունը: Սա իհարկե ենթադրություն է, որը պայմանավորված է նախագահի անձով:

Հաջորդ դեպքով մեջբերում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի երկու պաշտոնյաներին ուղղված նամակս:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության

և դիմումների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանին

պատճեն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանին

Քաղաքացի Ղազարյան (բարեկիրթ տոնը պարզապես այս դեպքի համար չի), չորս ամիս ուշացումով ստացա ավելի քան հինգ ամիս առաջ վարչապետին  հասցեագրված իմ նամակի (ՀՀ 150/14275-18, գրանցված է 2018-05-16, հսկիչ համար C4F1-46B6-B7A7, վերջնաժամկետ 2018-06-18) պատասխանը: Առաջին զգացողությունս  զզվանքն էր: Յուրաքանչյուր բառ ու նախադասություն գարշահոտություն է առաջացնում: Լղոզված, անդեմ, ամեն գրված բառ ճչում է, որ նամակին պատասխանողը նյութին չի տիրապետում և նամակը ընթերցել է առանց փորձ իսկ անելու խորամուխ լինելու նամակի բովանդակության մեջ, հասկանալու քաղաքացու ցավն ու դարդը: Դու քու կերպարով՝ հայտնի սովետական ֆիլմում ներկայացված «тамбовский волк тебе товарищь» ոճով և  անհոգի անտարբերության «բարձունքից» թքում ես մի մարդու հոգու մեջ, որի՝ այս կյանքում արածի և ապրածի համեմատ դու զրո ես: Քու պատասխանը ընդամենը ձևին հավատարիմ մնալու միջոց է, որը պարտադրված ես անել՝ քաղաքացուց օձիքդ  ազատելու համար:  Ես ձեզ չափից ավելի նյութ էի ուղարկել՝ հույսով, որ կառավարության աշխատասենյակները դադարել են ավգյան ախոռներ լինելուց և ՀՀ քաղաքացին կարող է հույսեր փայփայել, որ իրեն կարող են լսել և մարդավարի պատասխանել: Երևի շտապել, կամ սխալվել եմ: Ես չգիտեմ դու նո՛ր ես, թե՝ հին, մեծ հաշվով դա կարևոր էլ չի: Կարևորն այն է, որ քու տեսակը կա և այդ տեսակը չարիք է մաքրվելու փորձեր կատարող մեր պետության համար: Քու գրած պատասխան կոչվող խզբզոցը կարդալուց հետո առաջին մղումով ցանկություն առաջացավ գալ ու քեզ հետ հաշվեհարդար տեսնել: Սակայն հաջորդ ակնթարթին հասկացա, որ դու դրա արժանիքը չունես: Վերջին հաշվով ո՞վ ես դու, այ …

Ես Անդրանիկ Հարությունյանն եմ, 2016 թվականի ապրիլին Արցախի սահմանները պաշտպանելու նպատակով Արցախ մեկնած շատերից մեկն եմ, որը Թալիշից հյուսիս սահմանին մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից ոտքը կորցրած կամավորականին օգնելու նպատակով առանց ակնթարթ իսկ տատանվելու, կյանքը վտանգելով մտել է ականապատ դաշտ մարդկային կյանք փրկելու համար: Ցավոք ականի պայթյունից ես էլ վիրավորվեցի և ոտքս կորցրեցի: Սակայն ամենամղձավանջային հոգեվիճակում և  ամենածանր ֆիզիկական ցավի ժամանակ էլ երբեք իմ արածը կասկածի չեմ ենթարկել: Ես հայր եմ, որը երեք տղամարդ տղա է դաստիարակել, որոնք երեքն էլ պատվով ու թասիբով ծառայել են Հայոց բանակում: Միջնեկ որդիս պրոֆեսիոնալ զինվորական է: Պրոֆեսիոնալ է բառիս բուն իմաստով: Շուտով կլրանա ծառայության 20 տարին: Տավուշի ու Արցախի սահմաններին քիչ տեղեր կան, որ ոտքը դիպած չլինի: Քու քաշով մեկ մեդալների, դիպլոմների և պատվոգրերի է արժանացել: 2016 թվականի ապրիլի 2-ից մայիսի 5-ը մարտական առաջադրանքով գտնվել է Արցախում: Մյուս երկուսը`արժանապատիվ կյանքով ապրող երիտասարդներ են, որոնք գիտեն քարը քարին դնել և ապրել ոչ միայն իրենց հոգսերով: Ես Վանաձորի պատվավոր քաղաքացի եմ: Իմ վիրավորվելուց հետո ամբողջ քաղաքը շունչը պահած սպասում էր, կապրի՞ մեր քաղաքապետը, թե՞ ոչ: Ամբողջ կյանքս քու տեսակի դեմ պայքարել եմ: Շատ զրկանքներ եմ կրել և համբերատար սպասել նոր Հայաստանի կառուցմանը: Ի դեպ մեր տեսակների անհամատեղելիությունը նկարագրելու համար տեղին է օգտվել հայի և թուրքի տեսակի միջև քաղաքակրթական խորը անդունդը նկարագրող հետևյալ համեմատությունից.

«Հայերի և թուրքերի միջև քաղաքակրթական անդունդը նրանց համար անհամատեղելի է դարձնում մարդկային կեցության առանց  բացառության բոլոր ոլորտները. Էթնիկ փիլիսոփայությունը, կյանքի կենսաձևը, մտածողությունը, էթիկան, ազգային աշխարհընկալումը, բարոյականությունը, զինվորական պատիվն ու արիությունը, վերաբերմունքը ծնողների և երեխաների նկատմամբ, նախնիների մեծարումը, վերաբերմունքը աշխատանքին, ճշմարտության և կեղծիքի ընկալումը»: Կարծում եմ համեմատությունը դիպուկ է, այդպես չի՞:

Նամակը ուղարկելուց հետո կսպասեմ իմ անձի նկատմամբ հարգալից վերաբերմունք արտահայտող պատասխանի: Մեկշաբաթյա ժամկետում պատասխան չստանալուց հետո նամակը քու ուղարկած խզբզոցի հետ կդառնա մամուլի և համացանցի սեփականությունը քու տեսակի կերպարի վառ նկարագրով: Սկզբի համար սրանով կսահմանափակվեմ և կսպասեմ իրադարձությունների ընթացքին: Ի վերջո քու տեսակը իրավունք չունի նման պատասխանատու պաշտոն զբաղեցնել:

Մի երկու խոսք էլ աշխատակազմի ղեկավար պարոն Աղաջանյանին: Պարոն, որպես հավատավոր մարդ միամտություն ունեցա կարծելու, որ իմ անցած ճանապարհը կարող է մի փոքր դերակատարություն ունենալ ակնկալելու, որ կարող եք չմերժել խնդրանքս և ինձ ձեզ մոտ ընդունելության հնարավորություն տալ: Սակայն պարզվում է, որ մենք դեռևս առաջնորդվում ենք խոսքի և գործի շեղումը որպես անկյունաքարային գործելաոճ հասարակության հետ հարաբերվելու նախկինում տարածված մոտեցումով: Դուք կարող եք նորից կրկնել ձեր կողմից շրջանառվող պատճառաբանությունը, որ չափից շատ եք նամակներ ստանում, որ բոլորով զբաղվելը և բոլորին ժամանակին պատասխանելը դժվար է և այլն: Նախ այնպիսի պատասխանը ինչպիսին ինձ եք ուղարկել կարելի է ուղարկել օրվա ընթացքում հազարներով կախված ձեր տպագրող և բազմացնող սարքերի հզորությունից: Եթե ձեր հզորությունները, ենթադրենք, օրական 5-10 հազար օրինակ է, դրեք քոփի փեստ արեք և ուղարկեք դիմումատու քաղաքացիներին: Մենք պատասխանները կստանանք, դուք՝ պլանները  կգերակատարեք, նամակների կուտակում չեք ունենա և   բոլորս միասին  կապրենք ուրախ ու երջանիկ: Իմ կարծիքով լավ խորհուրդ է: Ձեր շահերից է բխում, ձեռի հետ էլ ինձ հեղինակային իրավունք կտաք՝ «ես քեզ, դու ինձ»  սկզբունքով, էլի սովետական հայտնի ֆիլմի մոտիվներով: Էս անտեր մնացածը ոնց պտտվում ենք սովետին ենք հանդիպում:

Հարգելիս, հետևեք ձեր աշխատողներին, ամոթ է, ձեզ հետ հույսեր են կապել:

ԵՎ վերջում: Ես նամակիս հետ վարչապետին էի ուղարկել իմ հեղինակած «Ապագայի հավատավորը» բրոշյուրը՝ նվիրված ընկերոջս՝ Սոս Նալղռանյանի հիշատակին, որը 1988 թվականի ազգային զարթոնքի Կիրովական քաղաքի առաջին զոհն էր: Զոհվել է 1990 թվականի օգոստոսի 20-ին Ոսկեպարում, սահմանային բախումների ժամանակ: Ձեր վերաբերմունքից համոզված եմ, որ գիրքը տեղ չի հասել: Համարենք, որ ես սխալվել եմ:  Խնդրում եմ գիրքս հետ վերադարձրեք:

Անդրանիկ Հարությունյան

Արցախի սահմանների պաշտպանության մասնակից

Վանաձորի առաջին քաղաքապետ

Վանաձորի պատվավոր քաղաքացի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930