Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը Թալիշում ու Մատաղիսում ապրիլյան պատերազմից հետո․ Արցախում ծառայած գյումրեցի ռեժիսորի ֆիլմը

Նոյեմբեր 18,2018 14:44

Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «Պատերազմից խաղաղություն» անունը կրող փաստագրական ֆիլմի պրեմիերան, որի շուրջ երկու տարի տևած նկարահանումները կատարվել են ադրբեջանցիների վայրագություններից ամենաշատ տուժած Մատաղիս և Թալիշ գյուղերում։ Ֆիլմի ռեժիսորը Ներսես Մանուկյանն է, տնօրենը Արթուր Հարությունյանը՝ «Շիրակ» հեռուստաընկերության երիտասարդ ռեժիսորներից մեկը, որը կատարել է նաև մոնտաժային աշխատանքները, գլխավոր պրոդյուսերը Աննա Թադևոսյանն է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարը։

Ֆիլմում ներկայացվում էին Թալիշի ու Մատաղիսի բնակիչների հիշողություններն ապրիլյան պատերազմի մասին, որոնք դրվագներ էին պատմում թշնամու հարձակումների ու հետ շպրտվելու մասին, միաբերան պնդում էին, որ կրակոցները չեն կարող պատճառ դառնալ հարազատ բնակավայրից հեռանալու։ Վանաձորցի մի կին նշում էր, որ թեև իր հարազատները պատերազմի օրվանից մինչև օրս համոզում են հավաքել իրերը ու տեղափոխվել Վանաձոր, սակայն ինքը մտածել անգամ չի ուզում։

«Արցախցին այդ ես եմ, չեմ գնա այստեղից, եթե ամեն կրակոցից հայրենիք լքես, ի՞նչ կլինի»,-խրոխտ ձայնով ասում էր կինը։

Կադրերում թշնամու ռմբակոծություններից ավերակների վերածված ու միաժամանակ վերակենդանացող տեղանքների համադրությունն էր․ մարդիկ ոչ մի պայմանով չեն լքում իրենց բնակավայրերը, վերակառուցում են, շարունակում բնակվել։ Նկարահանումներ կատարվել էին նաև դպրոցներից, կային կադրեր առաջին դասարանցիների մայրենիի դասից, երբ հայրերն տառերն էին սովորում, այստեղ, բնականաբար, շեշտադրված էր այն գաղափարը, որ ոչ մի թշնամի ի զորու չէ հայ ազգի ոչնչացմանը։

Ֆիլմը դիտելու էին եկել նաև ապրիլյան պատերազմի նահատակների ծնողները։

Ֆիլմի տնօրեն Արթուր Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը ոչ թե 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տալն է, այլ պատերազմից հետ այն խաղաղությունը, որն այսօր կա։ «Ֆիլմի ռեժիսորներից Ներսես Մանուկյանը ծառայում էր Մատաղիսում, երբ նա եկավ արձակուրդ, միտքը հղացավ ստեղծել ֆիլմ, որը ոչ միայն կպատմի հերոս տղաների մասին, այլ մարդկանց, որոնք այսօր ապրում են Արցախում։ Երբ մենք կարճ ժամանակով՝ երեք օրով բնակություն հաստատեցինք Արցախում, կոնկրետ Մատաղիսում, մեզ համար անսովոր էր լսել կրակոցները, մի պահ զարմացանք, թե մարդիկ ինչպես են ապրում կրակոցների մեջ և հասկացանք, որ իսկական հերոսներն այն մարդիկ են, որոնք ապրում են սահմանին և ապահովում են մեր խաղաղ կյանքը»,-ասաց Արթուր Հարությունյանը։

Ըստ մեր զրուցակցի, ընտրված հերոսների աչքերից երևում է, որ իրենք պատերազմ տեսած ժողովուրդ են, և ամեն մի կրակոցի ժամանակ վերապրում են 2016 թվականի ապրիլյան պատերազմը։

Արթուր Հարությունյանի ասելով՝ նկարահանումների ժամանակ որոշակի դժվարություններ եղել են Թալիշում, քանի որ պատերազմից հետո տները դեռ քանդված էին, ռմբակոծությունների հետևանքները դեռ չէին վերացել, չնայած մարդիկ հենց այդ ժամանակ սկսել էին շինարարությունը՝ հավատալով, որ իրենք նորից բնակություն են հաստատելու այնտեղ։

Արթուր Հարությունյանը նշեց նաև, որ այս ֆիլմով ուզում են շնորհակալություն հայտնել այն մարդկանց, զինվորների ծնողներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր խաղաղ ապրելու համար։

Ֆիլմի պրոդյուսեր Աննա Թադևոսյանն էլ ֆիլմի ստեղծագործական կազմի մասին ասաց․ «Արդեն 3-4 տարի է՝ ճանաչում եմ, շատ տաղանդավոր երիտասարդներ են, ես հիշում եմ՝ երկու տարի առաջ, երբ Ներեսը գնաց բանակ, ինչպես էին մյուս տղաները այցելում իրեն ու միշտ գնում էին տեսախցիկներով ու անընդհատ կադրեր էին նկարում»։

Աննա Թադևոսյանը համոզված է, որ այս ֆիլմը դեռ շատ տեղերում կցուցադրվի, մարդիկ մեկ անգամ ևս կհամոզվեն, որ խաղաղությունը շատ կարևոր է հատկապես սահմանում ապրող մարդկանց համար, որոնք չնայած պատերազմին՝ շարունակում են ապրել թե՛ Մատաղիսում, թե՛ Թալիշում:

Ֆիլմի ցուցադրումից հետո շնորհակալական խոսքեր էին հնչում նորօրյա հերոսների ծնողներին։ Ռեժիսոր Գառնիկ Սարգսյանը շեշտեց, որ այն ժամանակվա ապաշնորհ կառավարության ու ապաշնորհ գեներալիտետի իշխանության պայմաններում տղաների անձնազոհության շնորհիվ ապահովվեց խաղաղությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930