Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին դիկտատորները» Փաշինյանին չեն կարողանում ընդունել իրենց փակ ակումբ. Արա Պապյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքի մասին

Նոյեմբեր 18,2018 14:35

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԱՊԿ դռնփակ նիստի խոսակցությունը դուրս բերելու մասին, ասաց. «Եթե Բելառուսի ԱԳՆ խոսնակն արձագանքեր ժամանակին, օրինակ՝ նույն ՀԱՊԿ-ում Նուրսուլթան Նազարբաեւի տարբեր մեկնաբանություններին կամ ԵԱՏՄ մուտքի ժամանակ, երբ Ալիեւի հայտնի մեղադրական նամակը եղավ, կարելի էր ինչ-որ տեղ տրամաբանական ընդունել նրանց արձագանքը: Բայց հիմա բացահայտորեն կողմնակալություն է ընկալվում, ոչ թե սկզբունքայնություն, դրա համար բացասական եմ վերաբերվում: Եվ հետո, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է արդեն նրանց տված մեկնաբանություններին, ինքը հենց այնպես չի եկել ու սկսել այդ ներքին խոսակցությունները: Այստեղ կա ե՛ւ սկզբունքային, ե՛ւ հոգեբանական օտարում, տարանջատում: Ի վերջո, հին դիկտատորները չեն կարողանում ընդունել ինչ-որ նոր մեկի մուտքը իրենց փակ ակումբ: Դրա մասին է խոսում անգամ իրենց մեկնաբանության մեջ այն  ձեւակերպումը, որ փողոցային ժողովրդավարություն են ասում: Իրենց համար դա ընդունելի չի»:

Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել էր, թե Փաշինյանն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որը լիազորված է ներել կամ պատժել. «Հնարավոր է, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ»:

Ըստ Արա Պապյանի, իրենք իրենց շահերն են լուծում, վախենում են, որ իրենց երկրում էլ հեղափոխություն կլինի, նաեւ սիրաշահում են Ադրբեջանին. «Փաշինյանն ասել է այն, ինչ պիտի ասեր, որովհետեւ նրանք չեն վարվել դաշնակցի նման: Ի վերջո` սա պետք է տեղի ունենար: ՀԱՊԿ-ը այն կառույցը չի, որտեղ մեր շահերը պաշտպանվել եւ պաշտպանվում են: Դա պիտի տեղի ունենար ու հիմա է տեղի ունեցել»: Արա Պապյանն ասաց, որ եթե Փաշինյանը գնահատականներ տված լիներ Լուկաշենկոյի քայլին, այդ դեպքում կասեինք հա, միջազգային դատախազի տեղ է դրել, բայց Փաշինյանն իր արդարացի դիրքորոշումն է հայտնել:

Արա Պապյանի խոսքով՝ Բելառուսում բռնատիրական համակարգ է ու իրենց վախեցնում է ժողովրդավարություն բառը, դրա համար ասում են, որ փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականությունում: Իրենց ձեւակերպման մեջ հենց կա դատապարտում եւ դիրքորոշում: Ինչ վերաբերում է արարողակարգին, այդ պրոտոկոլ կոչվածը հարաբերական է ու փոփոխելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930