Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ». ոստիկանության պարզաբանումն ու Արփինե Հովհաննիսյանի փաստերը

Նոյեմբեր 18,2018 13:00

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում նշվում է. «Վերջին օրերին համացանցում շրջանառվում է 1in.am լրատվականի կայքի «Նոր թալանչիներ՝ քրեական օլիգարխիայի գիշատիչների փոխարեն. հեղափոխության պարադոքսը» վերտառությամբ հոդվածը, որում հոդվածագիրը հանցավորության աճի պատճառը տեսնում է նոր իշխանությունների ֆունկցիոնալ անպատրաստության և ոստիկանության ոչ արդյունավետ գործունեության մեջ: Նման գնահատական է տվել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնի է, հանցավորությունը սոցիալական երևույթ է, մեծապես կախված երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացումներից, ունի խորը արմատներ, և դրա դինամիկայում ու կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորել վերջին 6 ամիսների զարգացումներով, մեղմ ասած, պրոֆեսիոնալ չէ:

Հանցավորության վիճակի մասին պատկերացում կազմելու համար խորհուրդ կտայինք վերլուծության ենթարկել հանցավորության շարժընթացը՝ կառուցվածքի հետ համատեղ:

Այսպես. 2018թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռը նվազել է մոտ 3,5%-ով (2017թ.՝ 25,9%, 2018թ.՝ 22,5%): Ընդ որում, նվազում է արձանագրվել սպանության (58-52), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (840-760), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (148-141) և այլ հիմնական հանցատեսակներով:

Որոշակի նվազում է արձանագրվել նաև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (17,3%-ից 16,4%):

Այս ամենի հետ մեկտեղ, նկատելիորեն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների (39,2%-ից 41,8%) և պետական իշխանության, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները (14,2%-ից 15,6%):

Ակներև է, որ 2018թ. 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է գույքի հափշտակությունների և առավել լատենտային համարվող՝ պաշտոնեական հանցագործությունների թվի կտրուկ ավելացմամբ: Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերի, ավելի քան 2 անգամ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև անձնական գույքի գողության և խարդախության դեպքերի հայտնաբերման ցուցանիշները:

Հիշեցման կարգով նշենք, որ քրեաբանության մեջ լատենտային են համարվում այն հանցագործությունները, որոնք մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ դուրս են մնում հաշվառումից, իսկ դրանց հայտնաբերումն իրավապահ մարմինների համար համարվում է առավել բարդ: Հետևաբար, վիճակագրական տվյալներում դրանց աճն ամենևին բացասական ցուցանիշ դիտարկել չի կարելի, քանզի այն արտացոլում է ոչ թե իրավապահ մարմինների անգործությունը, այլ հակառակը՝ վերջիններիս արդյունավետ և նախաձեռնողական աշխատանքը: Այսինքն՝ արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճը ոչ թե խոսում է ներկայումս հանրապետությունում կոռուպցիայի ծավալների ավելացման կամ ամենաթողության, այլ այդ արատավոր երևույթի նկատմամբ անհանդուրժողական պայքարի մասին:

Միաժամանակ, հարկ է նշել, որ ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունը զգալի ջանքեր է գործադրել նաև նախկին տարիներին կատարված և հաշվետու ժամանակահատվածում ի հայտ բերված հանցագործությունների հաշվառման և անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումների իրականացման ուղղությամբ, որոնցից շատերն ուղղված են եղել սեփականության դեմ (տարատեսակ խարդախություններ, գողություններ, յուրացումներ և այլն):

Դրա մասին է վկայում քաղաքացիների կողմից հանցագործությունների մասին ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդումների աննախադեպ աճը. եթե 2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ստացվել է 33.735 հաղորդում, ապա 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում դրանց թիվն աճել է, համապատասխանաբար, 12.578-ով կամ 37,3%-ով և 8.726-ով կամ 18,8%-ով: Այս փաստը, ինքնին, վկայում է նաև քաղաքացիների կողմից իրավապահ համակարգի նկատմամբ վստահության աճի մասին: Ներկայումս քաղաքացիները ոչ միայն չեն խուսափում դիմել իրավապահ մարմիններին, այլև հաճախակի հայտնում են նախկին տարիներին կատարված և հաշվառումից դուրս մնացած իրավախախտումների մասին՝ վստահ լինելով, որ դրանք կարձանագրվեն, կբացահայտվեն, իսկ կատարողները անխուսափելիորեն կենթարկվեն պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ հանցագործությունների աճը համահունչ է գրեթե բոլոր զարգացած երկրներում արձանագրված միտումներին և ներկա փուլում լիովին տեղավորվում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների տրամաբանության մեջ, իսկ օպերատիվ իրավիճակը լիովին վերահսկվում է ՀՀ ոստիկանության կողմից»:

Այս առիթով Արփինե Հովհաննիսյանը «Մի «մանիպուլիացիայի» հետքերով կամ ինչպես «արգելել» հանրությանը անհանգստանալ» խորագրով գրառում է կատարել: Արփինե Հովհաննիսյանը նշում է. «Երեկ գրառում էի կատարել, որով հայտնել էի իմ անհանգստությունը հանցագործությունների աճի առումով: Ներկայացրել էի այս տարվա առաջին 8 ամսվա տվյալները` համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Քանի որ եղան անձինք, ովքեր փորձեցին պարզ վիճակագրության մեջ մանիպուլյացիա տեսնել, ապա ներկայացնեմ որոշ մանրամասներ:

Եվ, այսպես, 2018 թվականի հունվար-օգոստոսին հանցագործությունների ընդհանուր թիվը 14205 է, իսկ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ 12484:

Այս թվերի մեջ հատկապես աճել են`

1)միջին ծանրության հանցագործությունները`

2018 թվականին` 4943

2017թվականին` 3859

2) ծանր հանցագործությունները`

2018 թվականին` 2222

2017թվականին`1606

3) ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը` այդ թվում՝ մահվան ելքով

2018 թվականին` 781

2017թվականին` 493

4) անձնական գույքի հափշտակությունները `

2018 թվականին` 5169

2017 թվականին` 4576

որից` բնակարանային գողություններ`

2018 թվականին` 782

2017թվականին` 505

5) Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ

2018 թվականին` 2099

2017թվականին` 1740

Եթե 5-րդ կետի արդյունքները պայմանավորված են կոռուպցիայի դեմ հռչակված պայքարով և կազմում են այդ պահի դրությամբ աճած 1721 հանցագործություններից 359-ը, ապա մյուս հանցագործությունների աճը ինչո՞վ է բացատրվում։ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարանային գողությունների թվով, թե՞ ոչ։ Արդյոք ողջամիտ մտահոգությունը որպես մանիպուլիացիա մեկնաբանելը եւ ՀՀ քաղաքացիների զգոնությունը բթացնելը, իրավապահ մարմիններին էլ «պաշտպանելը» կպաշտպանե՞ն նրանց բնակարանները, երբ նրանք առավոտյան գնան աշխատանքի։ Ի՞նչ է պատճառը, որ տեսախցիկները վերացնելու սին խոստումներից հետո էլ ճանապարհային հանցագործությունները այսքան աճ են գրանցում։

Հ.Գ. Արդեն սեպտեմբերի ամսվա դրությամբ օրինակ` բնակարանային գողությունների թիվը կազմում է 899»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930