Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը, մյուսներն ու արտահերթ ընտրությունները

Նոյեմբեր 18,2018 12:00

Առաջիկայում քաղաքականության մասին ինչ էլ ասենք ու գրենք, անկարող ենք շրջանցել Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերը: Այդուհանդերձ, ավելորդ չենք համարում վերլուծել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական կյանքում գոյություն ունեցող իրավիճակը և գոյություն ունեցող քաղաքական ուժերի շանսերն ու հնարավորությունները, և չնայած հասկանում ու գիտակցում ենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից բացի՝ քաղաքական որևէ այլ ուժ Ազգային ժողովում հայտնվելու ռեալ շանս չունի, այդուհանդերձ, ավելորդ չենք համարում վերլուծել, պատկերացնել ու պատկերել այդ չունեցած շանսերն ու հնարավորությունները, և եթե Երևանի քաղաքապետի ընտրություններում Նիկոլի կուսակցությունից ու Հայկ Մարությանից հետո «պատվավոր» երկրորդ տեղում հայտնվեց ԲՀԿ-ն, ո՞վ այդ «պատվավոր» տեղը կզբաղեցնի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում:

Երկրորդ տեղի հավակնորդները շատ են՝ Ծառուկյանից ու ԲՀԿ-ից սկսած, և Մարուքյանի «Լուսավոր Հայաստանով» ու Արամ Զավենի Սարգսյանով վերջացրած: Վերջին երկուսը, որոնք Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինք կազմած էին Ազգային ժողով թափանցել, այս անգամ իրար հետ դաշինք չեն  կազմում: Չնայած սեֆիլյանականներն էլ են ընդգծված փաշինյանամետ, «Քաղաքացիական պայմանագիրն» Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա հետ էլ նախընտրական դաշինք չի կազմել: Որովհետև ձեռնտու չէ: «Քաղաքացիական պայմանագիրն» ու որևէ այլ քաղաքական ուժ չի ցանկանա, որ իր քաղաքական վարկանիշի շնորհիվ ու իր բաժին ձայներով քաղաքական այլ ուժեր պատգամավորական մանդատներ ստանան:

Նույն պատճառով Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք չի կազմել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլոց հետ: Բնականաբար, «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք չէր կազմի առաջին հերթին ՀՀԿ-ի հետ:

Հայաստանի քաղաքական ուժերից ՀՀԿ-ն թերևս միակն է, որ կարող է հավակնել Ազգային ժողով թափանցելու համար պարտադիր ձայների նվազագույն շեմին, որովհետև ինչքան էլ որ Նիկոլի առաջնորդած հեղափոխության հաջողությունը մեծ է, պահպանողական ուժերն, այնուամենայնիվ, որոշակի քանակություն են: Իսկ որ պահպանողականների մեծ մասն իր ձայնը կտա ՀՀԿ-ին՝ կասկածից վեր է: Բայց որ պահպանողականների շարքերում ոչ միայն հանրապետականներ ու սերժամետներ կան, այլև քոչարյանականներ ու քոչարյանամետներ՝ նույնպես կասկածից վեր է: Արդյո՞ք քոչարյանականներն ու հանրապետականներն ընդհանուր լեզու կգտնեն՝ ժամանակը ցույց կտա:

Ապագա Ազգային ժողովում ընդդիմություն կարող են լինել նաև քոչարյանականներն ու հանրապետականները: Եթե, իհարկե, ընտրվեն: Եթե ընտրվեն, ապագա Ազգային ժողովում ընդդիմություն կարող են լինել նաև ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու սեֆիլյանականները: Եթե ընտրվեն, գալիք Ազգային ժողովում որոշ չափով ու որոշ իմաստով ընդդիմություն կարող են հանդիսանալ Արամ Զավենի Սարգսյանի կազմած նոր դաշինքն ու Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը». չափավոր և, ինչպես ասում են, կառուցողական ընդդիմություն: Այնպես որ, մեր այն անհանգստությունը, որ ապագա Ազգային ժողովում կարող է ընդդիմություն չլինել, գուցեև միանգամայն անտեղի է: Փաստորեն, ընդդիմություն կունենանք միայն այն դեպքում, եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» բացի՝ քաղաքական այլ ուժեր ևս թափանցեն Ազգային ժողով:

Կարճ ասած, չափազանց հետաքրքիր ու դիտարժան ընտրություններ են սպասվում: Թերևս ամենահետաքրքիր ու ամենադիտարժան ընտրությունները Հայաստանի անկախությունից հետո:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …«Փաստորեն, ընդդիմություն կունենանք միայն այն դեպքում, եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» բացի՝ քաղաքական այլ ուժեր ևս թափանցեն Ազգային ժողով:»…

    Տե՛ս ՀՀ ընտրական օրենսգիրք, Հոդված 125, կետ 2: Ըստ այդ կետի, առնվազն 2 այլ ուժեր ևս «կթափանցեն»: Այսպիսով, կարող ենք հանգիստ լինել՝ ընդդիմություն կունենանք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930