Բատատը, կամ ինչպես ընդունված է ասել՝ «քաղցր կարտոֆիլը», իրականում կարտոֆիլի տեսակ չէ, սակայն արտաքինից շատ նման է: Համով բատատն ավելի շուտ հիշեցնում է դդում կամ գազար: Մեր սուպերմարկետներում էլ արդեն հաճախ հանդիպում է այս վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ բուսատեսակը, այնպես որ, կարելի է այն հնարավորինս հաճախ ընդգրկել սննդակարգում: Այն կարելի է տապակել ձեթով, եփել, սակայն ջեռոցում, թերեւս, ամենահամեղ տարբերակն է ստացվում:
Անհրաժեշտ մթերքները
Բատատ- 1 հատ
Թարմ սխտոր-1 պճեղ (կամ գդալի ծայրով` չորացրած, աղացած սխտոր)
Աղ, կարմիր պղպեղ եւ չորացրած կանաչիներ (օրինակ՝ ծիթրոն, ուրց կամ «պրովանսյան կանաչիների խառնուրդ)- ըստ ճաշակի
Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Բատատը կեղեւահանել, կտրատել: Ջեռոցի թավայի մեջ շարել բատատի կտորները, վրան աղ, պղպեղ, համեմունքներ անել, ձիթայուղ ցողել եւ դնել 200 աստիճանով տաքացրած ջեռոցը 20-30 րոպե՝ կախված նրանից, թե ինչ հաստությամբ եք կտրել: Կարող եք պատրաստվածությունը ստուգել պատառաքաղով, եթե հեշտությամբ մտնի բատատի մեջ, ուրեմն պատրաստ է:
Կարող եք մատուցել եւ որպես առանձին ճաշատեսակ եւ որպես խավարտ՝ մսեղենի հետ: Իսկապես շատ համեղ ճաշատեսակ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ