2019թ-ի մարտի 2-ին Բրազիլիայի ազգային կառնավալի ժամանակ «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը ներկայացնելու է հայկական մշակույթն ու հայ ժողովրդի պատմությունը։
Այս թեմայով Aravot.am-ը զրուցեց «Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Գևորգյանի հետ։
Գևորգյանը պատմեց, որ Բրազիլական կառնավալի ժամանակ մի քանի դպրոցներ մրցում են միմյանց հետ, և սա առաջին անգամն է, որ ներկայացված են լինելու նաև հայկական մշակույթն ու պատմությունը։
«Այս տարի ամենահայտնի դպրոցներից մեկը՝ «Ոսկե վարդերի» դպրոցը, որոշում կայացրեց ներկայացնել հայկական մշակույթը , ինչը շատ անսպասելի էր, սակայն հաճելի»։
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշում կայացվել, որ հենց Հայաստանը ներկայացվի «Ոսկե վարդերի» կողմից։
«Երբ լսեցի, որ ուզում են ներկայացնել Հայաստանը, մտածեցի, որ «Թավշյա» հեղափոխության մասին են լսել ու ոգևորվել, բայց պարզվեց, որ մինչ հեղափոխությունն են որոշել ներկայացնել մեր երկիրը։
Բրազիլիայում փոքրիկ ռեպորտաժ են տեսել Հայաստանի մասին, որն էլ առիթ է հանդիսացել, որ հետաքրքրվեն հայկական մշակույթով ու պատմությամբ, հետո էլ քննարկել են ու որոշել, որ պետք է հենց Հայաստանը ներկայացնեն 2019թ․-ին»։
Գևորգյանը խոսեց նաև այն թեմաների մասին, որոնց միջոցով ներկայացվելու է հայ ժողովրդի պատմությունը։
«5 առանձին թեմաների միջոցով պետք է ներկայացվի Հայաստանը, բայց դրանցից մի քանիսն են կոնկրետացված․ դրանք են՝ քրիստոնեությունը, Ցեղասպանությունը և մեծ մշակութային գործիչներ Արամ Խաչատրյանի ու Շառլ Ազնավուրի գործերը»։
Գևորգյանի խոսքով դժվար է 5 թեմաներ առանձնացնել, քանի որ հայոց պատմությունը բավականին հարուստ է։
«Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը Հայաստանին նվիրված երգ է պատրաստել, որտեղ խոսվում է հայ ժողովրդի հավատի և հաղթանակների մասին։
Ըստ «Հայ-բրազիլական մշակութային-տնտեսական ֆորումի» նախագահի՝ Հայաստանի մասին երկու տասնյակ երգերի տարբերակներ են եղել, սակայն ժյուրիի անդամների կողմից ընտրվել է հենց այս երգը։
Նշենք, որ օրեր առաջ «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցի ատենապետուհի Նժելինա Բազիլիոնին, սոցիալական հարցերով տնօրեն Վանեսա Դիաս Դե Օլիվեյրանին, կոմերցիոն տնօրեն Կարլոս Ռենատո Կանդիդո Բառոսին, տնօրեն Էվանդրո Սուզա Սիլվանն, մոդելավորող Անդրե Ֆեռեյռան և պոլսահայ երգչուհի Սիբիլը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսի հրավերով եղել են Հայաստանում և այցելել պատմամշակութային վայրեր։
Բրազիլիայի ազգային կառնավալը տեղի է ունենալու 2019թ-ի Մարտի 2-ին Բրազիլիայի ժամանակով երեկոյան ժամը 2-ին, իսկ հայկական ժամանակով՝ առավոտյան 9-ին։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ
բայց Հայաստանում արդէն ամէն օր, տարին 365 օր, կառնավալ է…
թող Բրազիլիան հրամմէ այդտեղ… (գոնէ տոլմայի փառատօնին, որ ամենափառաւորն է)
իսկ Բրզիլիայի կառնավալին Հայաստանի մասնակցութեան համար շատ ել յոգնելու պէտք չկայ… կառավարական պատուիրակութիւն մը թող երթայ, ի պաշտօնէ, այդպէս մասնակցի տողանցքին, եւ արդէն բոլ ա…