Վերջերս հիմնադրված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն ու պատգամավորի թեկնածուներն այսօր Երեւանից ավտոերթով հասան Արցախ՝ այն նվիրելով արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, քաղաքագետ Իգոր Մուրադյանի հիշատակին: Հիշեցնենք, որ 2015թ. «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մասնակիցները դեպի Արցախ նախաձեռնած ավտոերթի ճանապարհին՝ Բերձորում, ծեծի էին ենթարկվել:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին Արցախում համախոհները աղ ու հացով դիմավորեցին, պար բռնեցին:
Իսկ արդեն Ստեփանակերտում բացվեց «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության գրասենյակը, եւ կայացավ համակիրների հավաք: «Սա պատմական օր է: Մենք վերստին միավորվեցինք՝ կամքով եւ ոգով, իսկ շուտով՝ նաեւ գործով: Նպատակը՝ իրականություն դարձնել Արցախի «դե յուրե» միացումը ՀՀ-ին՝ Արցախի ներառումը ՀՀ-ի կազմի մեջ՝ որպես մարզ»,-հայտարարեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վարուժան Ավետիսյանը՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի խոսնակը:
Ավելի ուշ Ստեփանակերտում կայացավ «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարը: «Այդ կազմակերպությունը հետագայում Արցախը ՀՀ-ին վերամիավորելու նպատակով իրականացնելու է համապատասխան քայլեր: Արցախի կարգավիճակը վաղուց որոշված է հայ ժողովրդի կողմից՝ ազատագրական պայքարի ելքով: Դա պետք է իրավական ամրագրում ստանա»,-նշեց Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը եւս մասնակցում է դեկտեմբերի իննին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության