Նոյեմբերի 17-ին «Փաստարկ» ակումբում «Ընդդեմ իրավական կամայականության հ/կ» գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, խոսելով Ղարաբաղյան կարգավորման հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին տարածաշրջանային այցի հետևանքների, հնարավոր զարգացումների մասին, ասաց, որ այդ այցը ինքնին առանձին չի կարելի դիտարկել, այն պիտի դիտարկվի աշխարհաքաղաքական բուռն, (բայց ոչ դրական) զարգացումների ներքո: Ալավերդյանը շեշտեց. «Ահա այստեղ է, որ մենք պետք է առանձնացնենք ԱՄՆ նախագահի ուշադրությունը Արցախի հարցի նկատմամբ. դա այդքան դրական ազդակ չէ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը: Վերջինս սա նուրբ տարբերություն համարեց:
Ալավերդյանը պատահական չհամարեց նաև, որ Թրամփն ասել է՝ ինքն Օբամա չէ (չնայած նկատի է ունեցել Իրանը):
«Մենք պետք է մեզ դիրքավորենք և հասկանանք, որ որպես աշխարհագրական և քաղաքական միավոր՝ մենք մտնում ենք, այսպես կոչված, մերձավոր արևելքի մեջ, և հենց այստեղ է, որ մենք պետք է փոխենք մեր հայացքները այն ամենին, ինչ տեղի է ունենում օրինակ Արցախի հարցում»:
Ալավերդյանը շեշտադրեց ԱՄՆ հատուկ փորձագետների այցը Հարավային Կովկասի հանրապետություններ՝ դա համարելով առանձնահատուկ. «Այն, որ տեղի են ունեցել սանկցիաներ Իրանի հանդեպ, դա առաջին անգամ չէ, բայց Հայաստանը առաջին անգամ է առնչվում այդպիսի բանի, ինչպես հատուկ փորձագիտական խումբը այցելում է բոլոր երեք հանրապետություններ,- նկատում է Ալավերդյանը,- դա արվում է այն ֆոնի վրա, երբ խնդիրը ավելի պարզ է դրված. ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, որը Հայաստանի համար անչափ կարևոր նշանակություն ունի»:
Ալավերդյանի խոսքով՝ «Մենք ընկնում ենք մի դաշտի մեջ, որտեղ ԱՄՆ-ի շահերն են աշխատում»: Նա ասաց, որ սրանք հստակ ազդակներ են և հարցադրում հնչեցրեց. «Արցախի հարցն այստեղ իրո՞ք կդառնա այն գինը, որի շուրջ սակարկումը կբերի կամ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի մեղմացման, կամ կոշտացման»:
Լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը՝ ելնելով ներկայում տարածաշրջանային զարգացումների որակից, որոնք ըստ էության միտված են սրվելու, Ալավերդյանը պատասխանեց. «Մենք արդեն կես տարի է ապրում ենք նոր իշխանությունների օրոք, և ես չեմ տեսել որևէ նոր ռազմավարության մշակում. ճիշտ հակառակը՝ կարծես թե չի խոսվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին»: Ալավերդյանի դիտարկմամբ քիչ է միայն, որ ինքդ քեզ համարես ինքնիշխան պետություն, պետք է կարողանաս արտաքին և ներքին բոլոր մարտահրավերներին համարժեք պատասխանել և գործել: Հավելեց նաև. «Այս ամենը տեղի չի ունենում այնպես, ինչպես տեղի է ունեցել երեկ: ԵԱՀԿ ՄԽ-ում պետք է նորովի հանդես գալ, նոր իշխանություններն օր առաջ պետք է հանդես գանՙ թե ինչպես են տեսնում Արցախի հարցի նորովի ռազմավարությունը»:
Լրագրողի այն ճշտմանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Ստեփանակերտում հանդես է եկել հայտարարությամբ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Ալավերդյանը պատասխանում է, որ ինքը ողջունել է հայտարարությունը, բայց որևէ գործիքակազմ, որով դա կբերվի քաղաքական օրակարգ, չկա:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ «Այսօր նոր իշխանությունները հայտնվել են ծանր դրության մեջ, որովհետև նախ՝ նոր փաթեթ կամ նոր ռազմավարություն առնվազն չի նշմարվում, և հետո տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վիճակը կոշտանում է»:
Հարցին, թե արդյո՞ք այս պահի գործընթացը մեզ թույլ է տալիս լինել լավատես, որ նվազել է պատերազմի վերսկսման վտանգը, Ալավերդյանն ասաց, որ մենք պետք է անենք ամեն ինչ և աշխատենք դիվանագիտական, պետական, քաղաքական և հասարակական մակարդակներով, որպեսզի ունենանք պատերազմի հավանականության ցանկալի նվազում:
Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ