Լրահոս
Օրվա լրահոսը

 Վարդան Պետրոսյան՝ տիեզերքի լուսանկարիչը

Նոյեմբեր 17,2018 17:05

Բյուրականի աստղադիտարանում բացվել է Վարդան Պետրոսյանի «Դեպի տիեզերք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսանկարիչը սիրով պատասխանեց մեր հարցերին:

-Չնայած նրան, որ տարբեր թեմաներով նկարներ շատ ունես, քեզ համարում ես աստղանկարիչ։ Երվանի՞ց է առաջացել հետաքրքրությունը երկնքի և տիեզերքի հանդեպ։

-Օրինակ լուսինը մանկուց գրավել  է ինձ, հատկապես նոր դուրս եկած ժամանակ։ Հետո, երբ աստղագիտություն ուսումնասիրեցի, հասկացա, որ լուսինն ուղղակի երկնային մարմին չէ, անմիջապես կապ ունի մեր կյանքի հետ։ Ու ինչպես մարդիկ արևն են սիրում, որպես կյանքի աղբյուր, այդպես էլ ես լուսինն եմ սիրում։

-Լուսինը՝  քո, դու էլ մարդկանց հետաքրքրությունն ես բավարարում՝ նախօրոք տեղեկացնելով այս կամ այն երկնային երևույթի մասին։

– Տեղեկատվությունը սպասվելիք աստղաթափության կամ խավարման մասին ես հատուկ ծրագրերի միջոցով եմ ստանում և գրում եմ այդ մասին, որ մարդիկ հետևեն, տեսնեն իրենց աչքով։ Հետո երբ տեղադրում եմ արածս նկարները, համեմատությունները շատ տարբեր ու հետաքրքիր են լինում իրենց տեսածի ու իմ նկարածի միջև։

-Գիշերային երկինք նկարելու համար գիշերային կենսակերպ է հարկավոր։ Հասցնո՞ւմ եք քնել։

-Գիշերը ինձ էներգիա է տալիս, քաղաքի լույսերից հեռու, լռության մեջ արթուն մնալն ու նկարելը իմ տարերքն է։ Հատկապես ամռանը ինձ գիշերով տանը չեք գտնի։ Հայաստանում ամառը երկինք նկարելու լավագույն ժամանակն է։

-Քո լուսանկարներն այնքան աստղաշատ են, մենք երբեք նման երկինք չենք տեսնում։

-Մարդիկ շատ են հարցնում, թե ոնց է այդքան աստղ երևում, հաստատ photoshop է։  Իրական աստղային երկինք տեսնելու համար պիտի քաղաքային լույսերից հեռու գնաս, իսկ ֆոտոներում աստղերը եռակի, քառակի անգամ ավելի շատ են, քանի որ դրանք անզեն աչքով անտեսանելի են։ Եվ իմ աշխատանքում ինձ ամենից շատ ձգում է այդ փաստը, ես անտեսանելին եմ տեսնում:

-Երկնքի հանդեպ սերը մեծ է, ու քեզ կողքից հետևողի կարծիքով դու ավելի շատ երկնքում ես, քան երկրի վրա։ Օդապարիկով թռիչքներիդ մասին կպատմե՞ս։

-Ես Skyball-ում լուսանկարիչ եմ աշխատում։ Թռչնի թռիչքի բարձրությունից լուսանկարելը առօրյա է դարձել։ Գիտե՞ք՝ ոչ երկնքի, ոչ էլ թռիչքների ժամանակ դեպի ներքև արված լուսանկարները երբեք նույնը չեն լինում։ Կարող ես անընդհատ թռչել նույն տեղով, բայց միշտ գտնել նոր մի բան, որ կարելի է նկարել։ Ուղղակի նկատել է պետք։

-Սկզբունքներ կա՞ն, որոնցով առաջնորդվում եք որպես լուսանկարիչ։ Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին։

-Երբեք չպիտի նայես, թե ինչ տեխնիկա է մոտդ։ Սարքի թանկարժեքությամբ չի պայմանավորված հաջողված կադր ստանալը։ Իմ տեխնիկան էլ թանկ չի, միջին ստանդարտները բավական են լավ արդյունք ստանալու համար։

-Քո աշխատանքի արդյունքն արդեն տեսնում ենք։ Ո՞րն է հաջողության քո գրավականը։

-Աշխատասիրությունն ու ձգտումը։ Եթե մի բան չի ստացվում, չպիտի հուսահատվես։ Ես էլ սկզբից չեմ գնացել ու Ծիր Կաթին նկարել։ Ընդհակառակը, սկզբում գիշերային լուսանկարները չէին ստացվում: Անընդհատ պայքարով ստացա այն, ինչ ուզում էի։ Նաև կարևոր է, որ ինքնուրույն անես ամեն ինչ։ Ինչքան էլ օգնեն, խորհուրդ տան, միևնույն է, գաղտնիքները չեն բացում։

-Իսկ դու բացո՞ւմ ես այդ գաղտնիքները։

-Ասում եմ, թե ոնց եմ ստացել, ինչ կարգավորումներով

-Շատ շատերը նկարներդ օգտագործում են, տարածում առանց հեղ. իրավունքի պահպանման, ինչպես ես վերաբերվում երևույթին:

– Դա նորմալ է, ուղղակի ոչ նորմալ եմ համարում, երբ անունս ջնջում են կամ կտրում ու գունափոխում, ավերակ են սարքում ձեռագիրս:

Ի դեպ, ասեմ, որ բոլոր նկարներս ի պահ են վերցված «Հայ հեղինակ » կազմակերպությունում, որը  հեղինակային իրավունքների պահպանությամբ է զբաղվում:

Զրույցը՝ ԱԻԴԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Լուսանկարները տրամադրել է Վարդան Պետրոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930