Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեքիաթներ փրկության և զարմանալու մասին. փոքրիկ Էմանուելի «փրկող» հեքիաթները (ֆոտոշարք)

Նոյեմբեր 17,2018 16:55

Նոյեմբերի 17-ին «Արթ-Բրիջ» գրադարան-սրճարանում հեքիաթային մթնոլորտ էր:  «Խաղաղության քաղաք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր Լիլիթ Համբարձումյանը ներկայացրեց իր նախաձեռնությամբ տպագրված «Արևի մոլորակ» անվամբ հեքիաթի գիրքը: Գիրքը նախատեսված է քաղցկեղով հիվանդ երեխաների համար:

«Առավոտը» մինչ շնորհանդեսի մեկնարկը զրուցեց Լիլիթ Համբարձումյանի հետ, որն առավել մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է որոշել ստեղծել «Արևի մոլորակ» գիրքը. «Հեքիաթը գրվել է երեք տարի առաջ Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական խաղասենյակը կահավորելիս: Միջավայրը տրամադրող էր, և ես գրեցի մի տղայի մասին, ով եկել էր «արևի մոլորակ» իր ներսի արևը բուժելու»:

Լիլիթ Համբարձումյանը մի հետաքրքիր պատմություն է հիշում իր որդու՝ 5,5 տարեկան Էմանուելի հետ կապված, որը ևս հեքիաթներ է գրել քաղցկեղով հիվանդ փոքրիկների համար. «Երբ գրում էի «Արևի մոլորակ» հեքիաթը, տղաս՝ Էմանուելն, ինձ մոտեցավ, հարցրեց՝ ի՞նչ եմ անում: Ես էլ նրան ասացի, որ հեքիաթ եմ գրում: Նա էլ ասաց, որ ինձանից ավելի լավ կարող է հեքիաթ գրել: Եվ գրեց երեք հեքիաթ՝ փոքրիկ դինոզավրի, փոքրիկ սկյուռիկի և փոքրիկ ձկնիկի մասին: Տղայիս բնորոշմամբ՝ այդ հեքիաթները փրկության մասին են»:

Լիլիթ Համբարձումյանը նշում է, որ իր տղայի հեքիաթներն իրեն թևեր են տվել. «Երբ տեսա, որ արդեն երեխան է երեխայի փրկության համար հեքիաթներ գրում, հասկացա, որ պետք է այս ամենն իրականություն դարձնեմ»:

Փոքրիկ Էմանուելը ևս ներկա էր շնորհանդեսին: Վերջինիս հետաքրքրվեցինք, թե ինչի՞ մասին են իր հեքիաթները. «Իմ հեքիաթները փրկության ու զարմանալու մասին են: Բայց իմ հեքիաթի ամենածիծաղելի պահն ասե՞մ՝ լավան բարձրանում ու դառնում է Մասիս ու Սիս»:

5,5 տարեկան Էմանուելն արդեն գիտի, երբ մեծանա ինչով է զբաղվելու. «Մեծանամ ոսկորներ եմ հավաքելու, որպեսզի դինոզավր սարքեմ»:

Հոգեբան Մարիամ Զաքարյանն էլ, որը «Հրաշագործ զենքերը» հեքիաթի հեղինակն է, կարծում է, որ երեխաներին բուժման համար միայն խոսքերով դժվար է օգնելը. «Երբ հիվանդանոցում բուժում անցնող երեխաներին ասում ենք՝ դուք կառողջանաք, կգնաք տուն, կխաղաք ձեր ընկերների հետ, այդ խոսքերն այնքան էլ չեն տպավորում նրանց: Հեքիաթի միջոցով կարելի է ավելի ազդեցիկ տպավորություն ստեղծել: «Հրաշագործ զենքերը» հեքիաթն ստեղված է սիմվոլներով, որոնք ազդելով երեխայի ենթագիտակցության վրա՝ ավելի շատ ուժ են հաղորդում երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել հիվանդությունը»:

Միջոցառմանը ներկա էին նաև ծնողներ, երեխաներ, արյունաբանական կենտրոնի բուժաշխատողներ, ովքեր ևս ոգևորված էին այս նախաձեռնությամբ: Գրքի շնորհանդեսի ավարտին, բոլոր ներկաներին հաճելի և համեղ անակնկալ էր սպասվում՝ քաղցր տորթի և հեքիաթի հերոսների մասնակցությամբ:

Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930