Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության որակի վերահսկման խնդիրները Հայաստանում

Նոյեմբեր 17,2018 16:47

Կրթության ոլորտում ծառայությունների որակի վերահսկողությունը կարևոր նշանակություն ունի կրթական հաստատություններում մատուցվող կրթության արդյունավետության բարձրացման համար:

Հայաստանում այս ոլորտում վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի Կրթության պետական տեսչությունը (Տեսչություն)՝ «Կրթության պետական տեսչության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության և իր կանոնադրության հիման վրա:

Տեսչության գործունեության մասին «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի զեկույցը, սակայն, մատնանշում է ոլորտում առկա մի շարք խնդիրներ, որոնց բացասաբար են ազդում տեսչության արդյունավետության վրա և բազմաթիվ ռիսկեր պարունակում:

Հատվածականություն

Մասնավորապես, զեկույցում, որի հեղինակը Ավետիք Մեջլումյանն է, նշվում է, որ Հայաստանում կրթության ոլորտում տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հանրակրթության խնդիրների ու իրավիճակի վերաբերյալ ձևավորվող պատկերը բավական հատվածական է: Ստուգումներն ու ուսումնասիրությունները հարուստ տեղեկատվություն են ապահովում առանձին դպրոցներում առկա խնդիրների վերաբերյալ, սակայն բացակայում է դրա պատճառահետևանքային կապերի համակարգային վերլուծությունը: Որպես արդյունք՝ տեսչությունը քիչ ազդեցություն է ունենում Հայաստանում կրթական քաղաքականության մշակման և վերանայման վրա, մինչդեռ ըստ օրենքով իրեն վերապահված լիազորությունների՝ ակնկալվող ազդեցությունն ավելի արժեքավոր ու հիմնարար կարող էր լինել:

Չափից շատ փաստաթղթեր

Զեկույցում վեր հանված խնդիրներից է նաև հետազոտական մեթոդների՝ տեսուչների կողմից կիրառվող սահմանափակ զինանոցը: Այսպես, եթե օրենքով մեթոդների սահմանափակում չկա և տեսուչներն իրենց ստուգումները կարող են իրականացնել դասալսումների, փաստաթղթերի վերլուծությունների, հարցումների և այլնի միջոցով, նրանք, որպես կանոն, ընտրում են միայն փաստաթղթերի ուսումնասիրությունը: «Տեսչության հաշվետվություններն ու վերլուծությունները սովորաբար հիմնվում են դպրոցի ղեկավարության կողմից տրամադրված տարատեսակ փաստաթղթերի վրա: Հետազոտական մեթոդներից այս մեկին տրվող նախապատվությունն էլ հետադարձ ազդեցություն է ունենում հետազոտության առարկայի վրա: Այլ կերպ ասած, մեթոդն է «որոշում», թե ինչին պետք է ուշադրություն դարձնել: Մինչդեռ հակառակը պետք է լիներ»,- գրված է զեկույցում: Այս դեպքում, որպես հետևանք, Տեսչության հաշվետվություններում մանրակրկիտ անդրադարձ է կատարվում դպրոցի գրագրությանը՝ տարբեր փաստաթղթերի պատշաճ կազմմանը, դրանց բովանդակության՝ ձևային (ֆորմալ) պահանջներին համապատասխանության խնդիրներին: Ֆորմալության նկատմամբ այս գերակա ուշադրության արդյունքում տուժում է իրականության ուսումնասիրությունը: Անպատասխան է մնում այն հարցը, թե «թղթերի իրականությունն» ինչ ազդեցություն ունի կրթության որակի և, ընդհանրապես, դպրոցի առաքելության պատշաճ իրագործման վրա:

Համաձայն զեկույցի, Տեսչության մեթոդաբանության հիմնական բացն այն է, որ տեղեկատվության աղբյուրը ոչ թե մարդիկ են, այլ՝ փաստաթղթերը: Ուսումնասիրության առարկա են ոչ թե մարդկանց մոտեցումներն ու տեսակետները, գաղափարներն ու արժեքները, այլ՝ փաստաթղթերը, որոնք, ենթադրաբար, արտացոլում են որոշակի օբյեկտիվ իրականություն, սակայն անկարող են փոխել այն:

Հաճախականությունը

Առանձին խնդիր է կազմում նաև տեսչական ստուգումների ժամանակագրությունը: Այսպես, համաձայն ՀՀ-ում ստուգումներ անցկացնելու մասին օրենքի, դրանք նույն դպրոցում կարող են անցկացվել ոչ ավելի հաճախ, քան 5 տարում մեկ անգամ, ինչը չի կարող բավարար պատկերացում ձևավորել տվյալ դպրոցում առկա յուրահատուկ իրավիճակի և դրա դինամիկայի վերաբերյալ:

Չկան հարկադրանքի միջոցներ

Զեկույցում բարձրացված մյուս խնդիրը վերաբերում է տեսչության կողմից բացահայտված խախտումները վերացնելու գործընթացը վերահսկելու միջոցների բացակայությանը: Այսպես, խախտում արձանագրելու դեպքում ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչը կամ, նրա հանձնարարությամբ, տեսչության տարածքային մարմնի ղեկավարը ուսումնասիրվող սուբյեկտին նախազգուշացնում է կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին՝ նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը: Սակայն Տեսչությունը չունի պարտադիր հանձնարարականների կատարմանը նպաստող կամ այն երաշխավորող հարկադրանքի միջոցներ: Որևէ կերպ կարգավորված չէ այն հարցը, թե խախտման հետևանքները չվերացնելն ինչպիսի պատասխանատվություն է նախատեսում հանրակրթական հաստատության ղեկավար մարմինների՝ տնօրենի և խորհրդի համար:

Շահերի բախում

Զեկույցում բարձրացվում է նաև այնպիսի ուշագրավ խնդիր, ինչպիսին Կրթության պետական տեսչության ենթակայության և շահերի բախման խնդիրն է: Այսպես, հաճախ տեսչական ստուգումների արդյունքում պարզվում է, որ աշակերտների առաջադիմության վերաբերյալ դպրոցների ներկայացրած տվյալները մոտ չեն իրականությանը, և սովորողները անբավարար արդյունքներ են ցուցադրում տեսչության կազմակերպած քննությունների ժամանակ: Այս դեպքում ԿՊՏ առջև ծառանում է երկընտրանք՝ մի կողմից փաստել ստեղծված անմխիթար իրավիճակը, մյուս կողմից՝ հարվածի տակ դնել կրթական համակարգի, այն է՝ Կրթության և գիտության նախարարության հեղինակությունը, որի ենթակայությամբ աշխատում է հենց ինքը՝ Տեսչությունը: Այս նրբությունը, ընդհանուր առմամբ, հարց է առաջացնում, թե ինչքանո՞վ է նպատակահարմար կրթության նկատմամբ վերահսկողությունը ԿԳՆ ենթակայությամբ գործող մարմնի վրա դնելը: Ըստ զեկույցի, Քաղաքականության մշակող ու իրագործող և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների տարանջատումը կարող է նպաստել պետական կառավարման միևնույն բնագավառում հակակշիռների ստեղծմանը, շահերի բախման ռիսկերի կանխմանը, ներհամակարգային կոռուպցիոն ազդեցությունների չեզոքացմանը:

Անարդյունավետ դասալսումներ և կադրային խնդիր

Զեկույցում բացահայտվել են նաև խնդիրներ՝ կապված տեսչավորման գործընթացում կիրառվող մեթոդներից մեկի՝ դասալսումների հետ: Խնդիրներից մեկը վերաբերում է դասալսում իրականացնող անձի և դասավանդող ուսուցչի մոտեցումների տարբերությանը՝ դասավանդման հայեցակարգերի և մեթոդների շուրջ: Օրինակ, դասալսում իրականացնող անձը կարող է նախապատվություն տալ դասավանդման առավել ինտերակտիվ մեթոդներին, իսկ դասավանդողը՝ ավանդական մոտեցումների կողմնակից լինել, կամ՝ հակառակը: Մինչ այժմ Տեսչության տրամադրության ներքո առկա չէ դասալսում իրականացնող մասնագետների տվյալների բազա, որը թույլ կտար ավելի արդյունավետ դասալսումներ իրականացնել:

Կադրային խնդիրը վերաբերում է նաև անմիջապես տեսուչներին: Ըստ զեկույցի, ներկայում առկա չէ: ԿՊՏ տեսուչների վերապատրաստման որևէ ընթացակարգ: Տեսուչները վերապատրաստվել են Տեսչության ձևավորման փուլում՝ շուրջ տասը տարի առաջ, բրիտանացի գործընկերների կողմից, և դրանից հետո մասնագիտական դասընթացներ գրեթե չեն իրականացվել: Տեսուչները՝ որպես քաղաքացիական ծառայողներ, անցնում են օրենքով նախատեսված ատեստավորումները, որոնցում շեշտը դրված է օրենքների իմացության վրա: Սակայն բուն տեսչավորման կարողություններին և հատկապես կրթության բնագավառում տեսչավորման առանձնահատկություններին նվիրված դասընթացներ տեսուչներին չեն առաջարկվում:

Բարեվարքություն ու կոռուպցիոն ռիսկեր

Առանձին է բարեվարքության խնդիրը: Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի համաձայն, ստուգում իրականացնող անձինք, այս դեպքում՝ տեսուչները, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները»:  Ըստ զեկույցի, սակայն, օրենքի այս պահանջը երբեմն անտեսվում կամ խախտվում է տեսչավորում իրականացնող անձանց կողմից: Նրանք երբեմն քննության առարկա են դարձնում նաև այնպիսի խնդիրներ, որոնք ընդգրկված չեն ստուգաթերթում կամ գլխավոր տեսուչի կողմից հանձնարարված թեմատիկ ստուգման խնդիրների շարքում: Այս երևույթը նաև տնօրենների՝ օրենքի չիմացության խնդիր է, ինչը ստեղծում է մի իրավիճակ, երբ տեսուչները, ընդունելով խիստ կեցվածք, կարող են չարաշահել իրենց պաշտոնական լիազորությունները և ճնշում գործադրել տնօրենների վրա: Հատկապես մարզերում դա առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Կոռուպցիոն ռիսկեր է պարունակում նաև տեսչավորման ավարտից հետո դպրոցի տնօրենին Տեսչություն հրավիրելու պրակտիկան: Այստեղ մտահոգության տեղիք է տալիս նաև այն փաստը, որ Տեսչության գործունեության շուրջ մեկ տասնամյակի ընթացքում, երբ կազմվել են հարյուրավոր արձանագրություններ և հանձնարարականներ, դպրոցների ղեկավար մարմինները երբևէ չեն բողոքարկել դրանք:

Տեսչավորման գործընթացի օբյեկտիվության վրա ազդում են նաև դպրոցի տնօրենի անձնական հարաբերություններն ինչպես տեսուչների, այնպես էլ կրթական համակարգի պատասխանատուների հետ: Առավել լայն և ազդեցիկ կապեր ունեցող տնօրենները կարողանում են խուսանավել բացասական եզրահանգումներից, ինչպես նաև՝ լիազոր մարմնի կողմից դրանց հետևող պատասխանատվության միջոցներից: Տեսուչների անկողմնակալության վրա, իրենց հերթին, կարող են ազդել նաև բուն տեսչավորման գործընթացում դպրոցի անձնակազմի հետ ձևավորվող հարաբերությունները: Օրինակ, դեպքեր են լինում, հատկապես մարզերում, երբ հեռավոր, դժվարամատչելի դպրոցների տնօրեններն իրենց մեքենաներով տեսուչներին աջակցում են դպրոց հասցնելու հարցում, կազմակերպում են նրանց հյուրասիրությունը, աջակցում են կացարան գտնելու և այլ կենցաղային խնդիրների լուծման հարցում: Բացի վերը նշված խնդիրներից, բարեվարքության վրա ազդում է նաև տեսչավորման միատեսակ, հստակ և կանխատեսելի մոտեցման բացակայությունը:

Դուրս մնացած հարցեր

Համաձայն զեկույցի, Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների շրջանակից դուրս են մնում բազմաթիվ ակտուալ հիմնախնդիրներ: Օրինակ՝ համընդհանուր ներառականության ապահովման խոչընդոտներն ու ներառական կրթության համակարգային բացերը, հանրակրթության անհասանելիությունը տարբեր խմբերի երեխաների համար, կրթության իրավունքի իրացման խոչընդոտներն ու կրթության սոցիալական երաշխիքները, կոռուպցիոն ռիսկերն ու բարեվարքության ապահովումը դպրոցներում, և այլն: Այս խնդիրները նախատեսված չեն ԿՊՏ մասին գործող օրենքով: Բացի այդ, Տեսչությունը չի տիրապետում տեղեկատվության անհրաժեշտ աղբյուրների և մեթոդաբանության՝ դրանք հետազոտելու համար: Օրինակ, Տեսչությունը համադրում է դպրոցում գրանցված և իրականում, փաստացի սովորող աշակերտների թվաքանակները: Սակայն հանրակրթական համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և դրա պատճառների բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություն չի իրականացնում:

Զեկույցում վեր են հանվում այլ խնդիրներ ևս, մասնավորապես՝ արդյունավետ չէ տեսչության կապը ոլորտի փորձագետների և գործող կազմակերպությունների հետ, իսկ տեսչության գործունեությունը թափանցիկ չէ www.kpt.am կայքի գործունեության դադարից հետո:

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930