«Մենք դեմ ենք ոռոգման համար Սևանից ջրառ իրականացնելուն: Ոռոգման համար պետք է գտնենք համապատասխան աղբյուրներ, Սեւանա լիճը խմելու ջրի շտեմարան է»,- այս տեսակետն այսօր բարձրաձայնեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը`«Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովի ժամանակ:
Նա առաջարկում է կառուցել նոր թունել, որը թույլ կտա լուծել Սեւանա լճի ջրային պաշարների հարցը: «Արփա-Սեւան թունելով անհրաժեշտ քանակով ջուր պետք է տեղափոխենք Սեւանա լիճ: Կա երեք ինժեներական խնդիր՝ Եղեգիս-Սեւան հատվածը պիտի վերակառուցվի: Դրա նիշը գտնվում է ցածր մակարդակի վրա և խանգարում է անգամ 6 մետրով ջուրը բարձրացնելու համար: Մենք պետք է վերջին հատվածում կառուցենք նոր թունել՝ ավելի փոքր թեքությամբ, որպեսզի թունելի ելքի մակարդակը հասցնենք մինչ 1917 մետրի, որը կապահովի Արփա-Սեւանի ոչ ճնշումային աշխատանքը»,-ասաց Հովհաննես Թոքմաջյանը`հավելելով, որ այդ նոր թունելի կառուցումը հիմա շատ ավելի հեշտ է:
Հովհաննես Թոքմաջյանը այլ առաջարկ էլ ունի`Հրազդան գետի հոսքը համապատասխանեցնեն բնական հոսքին. «Այսինքն, Սեւանից 50 մլն խմ-ից ավել բաց չթողնել: Ոռոգման համար պակասը ջրամբարաշինության միջոցով պետք է լրացվի»:
Բանախոսը միամտություն է համարում տեսակետը, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը երկրին կարող է բերել տնտեսական վնաս: Հակառակը, իր կարծիքով, լճի մակարդակի բարձրացումը բազմաթիվ ուղղություններով շահեկան կլինի: Այդ կարծիքը հիմնված է հետազոտությունների վրա. «Գոլորշիացումն ավելանալու է շուրջ 100 մլն մետր խորանարդով: Վատ սցենարների դեպքում 200-218 մլն. Մետր խորանարդ: Այդ ցուցանիշը ամբողջ համակարգում մեծ դեր չի խաղալու խնդրի լուծման համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ