Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Կունենանք միահեծան իշխանություն, որը մեկ ուժի իշխանություն չէ, մեկ անձի իշխանություն է».(Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2018 17:30

«Ոչ հեղափոխական ընդդիմության բացակայությունը, առանց ընդդիմության իշխանությունը դա ավտոմեքենա է միայն շարժիչով, առանց ղեկի եւ արգելակների», ասում է Շահնազարյանը:

Նոյեմբերի 16-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի հյուրը քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն էր, որը հիմնավորելով իր որոշումը՝ ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրությունների մասնակցել, շեշտեց.

«Զարգացումներն ընթանում են բոլոր հնարավորներից, թերեւս, ամենավատ ուղղությամբ: Այսօր, պարզ է, գծված է սահմանագիծը, մի մասում «հեղափոխականներ» են եւ «հեղափոխությունը» սատարածները: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ նրանք բոլորը, կարեւոր չէ, թե նրանք այսօր ինչ դիրք են զբաղեցնում՝ պատասխանատու են այսպես կոչված՝ «հեղափոխության» եւ նրա հետեւանքների համար: Ըստ էության, միակ ընդդիմադիր քաղաքական ուժը ՀՀԿ-ն է, այլընտրանք չկար:

Մյուս հանգամանքը, որը չափազանց կարեւոր է, որ այսօր մենք ունենք եւ սպասվում է, որ՝ կունենանք միահեծան իշխանություն: Միահեծան իշխանությունը, որն ինքնըստինքյան մեծագույն խնդիր է, մեզ մոտ այդ խնդիրն արտահայտված է շատ ավելի սուր ձեւով: Մեզ մոտ այդ միահեծան իշխանությունը մեկ ուժի իշխանություն չէ, դա մեկ անձի իշխանություն է: Մեկ անձի իշխանությունը՝ անկախ այդ անձից, չափազանց ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Ոչ հեղափոխական ընդդիմության բացակայությունը, առանց ընդդիմության իշխանությունը դա ավտոմեքենա է միայն շարժիչով, առանց ղեկի եւ արգելակների: Թարմ օրինակ բերեմ, այն խիստ վրդովվեցրել է: Քաղաքապետարանում մենք ունենք ամբողջովին «հեղափոխական» ավագանի, «հեղափոխական» քաղաքապետ: Մի քանի օր առաջ քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում էր Նորք-Մարաշում գտնվող կիսակառույց շենք: Այն, ինչ ես տեսել եմ՝ բարբարոսություն է, երբ շինարարական տեխնիկայով քանդվում են ոչ միայն պատերը, այլեւ նոր տեղադրված եվրոպատուհանները»:

Արամ Աբրահամյանի հարցին՝ եթե ապօրինի՞ է, Շահնազարյանը հակադարձեց. «Եթե նույնիսկ դա ապօրինի է, դա համարում եմ բարբարոսություն, որովհետեւ պետք էր սեփականատիրոջը գոնե հնարավորություն տալ՝ ապամոնտաժել թանկարժեք եվրոպական պատուհանները: Ի դեպ, սեփականատերը բղավում էր, որ կասեցված է շինարարությունը եւ գործը դատարանում է: Եվ այդ 81 տոկոսանոց ավագանու եւ քաղաքապետի ներկայացուցիչը՝ օլիգարխիկ թիկնապահի կեցվածքով, օրենք էր ներկայացնում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կատարվել է բարբարոսություն: Եվ եթե խորհրդարանի միահեծանությունը չլիներ՝ վստահ եմ, որ նման պահվածք չէր լինելու»:

Դիտարկմանը, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարզաբանում է տալու, Շահնազարյանը հավելեց, որ միակ նշանակումն է, որ ողջունել է. «Արթուր Մեսչյանը կենդանի լեգենդ է, պատիվ ունեմ անձամբ նրա հետ ծանոթ լինել: Բայց այստեղ խոսքը գնում է միահեծան իշխանության գործողությունների մասին՝ քանդել, քանդել… Հետո՞, ի՞նչ է լինելու… »:

Հարցին՝ դուք հաշվի առե՞լ եք, որ այն քաղաքական ուժը, որի ցուցակում դուք եք՝ հասարակության գիտակցության մեջ շատ դեպքերում ընկալվում է որպես կոռուպցիայի, կամայականությունների եւ նաեւ արտագաղթի ուժ:

Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Պարոն Աբրահամյան, մենք միմյանց ավելի քան 26-27 տարի ճանաչում ենք, ի՞նչ եք կարծում՝ հաշվի՞ առել եմ, թե՞ չէ…: Իհարկե, հաշվի առել եմ: Նախ, մեր հասարակությունը հիմա խիստ բեւեռացված է, դա իշխանությունների գործողությունների ոչ միայն արդյունքն է, այլեւ՝ նպատակն է եղել: Հասարակության մի հատված, անկախ նրանից, թե ինչ է արել վարչապետը, պետք է ասեն՝ կեցցե, նրա տեղակալը կոռուպցիոն սկանդալի մեջ է՝ «լավ է արել, իրենց կարելի է»… Դա հասարակության այն հատվածն է, որը չեմ ասի, թե շատ մեծ է, բայց փոքր չէ: Օրինակ, վաղը, եթե հայտարարեն, որ Արցախում մենք պետք է այս անենք, այն անենք, քանի որ դա խանգարում է «հեղափոխությանը», որեւէ կասկած չունենաք՝ այդ հատվածը ծափահարելու է:

Բայց կա նաեւ մի այլ՝ հսկայական հատված, որը ոչ հեղափոխական է: Օրինակ՝ քաղաքապետի ընտրությունները, «հեղափոխությունից» հետո մասնակցության ցուցանիշները պետք է լինեին խիստ բարձր՝ 65-70 տոկոս: Ինչու՞ նման մասնակցություն եղավ, որովհետեւ ոչ հեղափոխական ընդդիմություն Երեւանի քաղաքապետի ընտրություններում չկար: Եվ իրենք թող չխաբվեն այդ 81 տոկոսով: Իմ համար չափազանց կարեւոր է քաղաքական պայքարի տրամաբանությունը: Քաղաքական ուժն ընդհանրապես իր առջեւ պետք է խնդիր դնի հաղթել, սա ընդամենը առաջիկա էտապն է լրջագույն քաղաքական պայքարի:

Որեւէ կասկած չունեմ, որ իշխանությունների գործողությունների արդյունքում, եթե ընտրություններն օրինակ լինեին մայիսին՝ կարող է այսօրվա քաղաքական ուժը նույնիսկ պայքարեր խորհրդարան անցնելու համար, որովհետեւ, ըստ էության, ոչինչ արված չէ, բարեփոխումների ոսկե շրջանն արդեն կորսված է, դրանք պետք է առաջին ամիսներին տեղի ունենային: Դեռ ամռանն եմ հայտարարել, որ անկախ նրանից, թե ներկայիս կառավարությունը բարեփոխումներ կանի, թե ոչ՝ միեւնույն է վարկանիշն անընդհատ ընկնելու է եւ չի կարելի այս ոսկե ժամանակաշրջանը կորցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930