Հայաստանում կուսակցությունների հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է: Այս կարծիքին է սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում սոցիոլոգը ներկայացրեց հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն, Հայաստանի հասարակական դիրքորոշումը`ՌԴ-Արեւմուտք 70-30 հարաբերակցությունն ունի:
Այս տեսանկյունից, «թավշյա հեղափոխության» ռազմավարությունը նա իմաստուն է համարում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսը ոտքի հանեց եւ համախմբեց հասարակության երիտասարդ ու ակտիվ մասին, իսկ ի սկզբանե հռչակած դրույթը, որ հեղափոխությունը նպատակ չունի`փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքորոշումը, հետ պահեց շարժումը պառակտումից եւ քաղաքական ընդհարումներից: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի հետազոտությունների, «թավշյա հեղափոխության» մասնակիցներ շարքում պրոռուսական եւ պրոեվրոպական դիրքորոշումների հարաբերակցությունը 2-1-ի է եղել`հօգուտ պրոռուսականի: Իսկ ոստիկանության հետ բախումների փորձ ունեցողների շրջանում`6-5-ի:
Ըստ նույն հարցումների, Հայաստանի նկատմամբ եվրոպական նպատակաուղղված մշակութային քաղաքականության հետեւանքով, առաջացել եւ խորանում է երկրորդ ջրբաժանը`«ազգային պահպանողականություն եւ լիբերտինիզմ»: Երրորդ դրույթն էլ այն է, որ ըստ այդ հետազոտության, Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների դաշտում բացակայում է իսկական գաղափարական ջրբաժանը`տնտեսակարգի վերաբերյալ: Հայաստանում «մաքուր սոցիալական» ընտրազանգվածը 72 տոկոս է, «մաքուր լիբերալը»`8, մնացածը`խառը տիպերն են:
Անդրադառնալով Հայաստանում քաղաքական գործընթացների հետագա զարգացումներին եւ դրանց ռիսկերին, բանախոսն առանձնացրեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի, ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները եւ տնտեսական զարգացման տեմպերը: Ինքը ռուսական ռազմաբազան թուրքական վտանգից Հայաստանի պաշտպանվածության երաշխիքի սիմվոլ համարողներից է: «Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ աճել է հասարակության կողմից նոր պատերազմի սկսելու վտանգի զգացողությունը: Այն շատ բարձր է: Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս`որքան բարձր է այդ վտանգի զգացողությունը, այնքան բարձր է Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը»,- ասաց նա հավելելով, որ մեր հասարակության 82 տոկոսի կարծիքով, նոր պատերազմական գործողությունների դեպքում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի, եթե դաշնակցի ՌԴ-ի, այլ ոչ Եվրոպայի կամ Արեւմուտքի հետ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Սամվել Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանություններին «փող է պետք լինելու» եւ այդ խնդրանքով նրանք արդեն դիմել են ԵՄ-ին ու ԱՄՆ-ին եւ մերժվել. «Փող կլինի, բայց Միլզն ասաց, թե որ դեպքում»:
Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի`ամերիկյան զենքի հանցավոր վաճառքի մասին հայտարարություններին էլ, հոգեբանը նկատում է. «Տարիներ առաջ ՌԴ-ն մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեց ՀՀ-ին, գուցե իրենք էլ նվիրեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ