«Անձերին չեմ ուզում համեմատել, բայց ո՞րն է այդ ցուցակի գաղափարախոսությունը: Հայտարարվե՞լ է այդ մասին, որ հանրությունը հասկանա եւ հետագայում գնահատականներ տա: Նրանք լիբերա՞լ են, սոցիալի՞ստ, թե այլ ինչ-որ բան: Եթե քաղաքական ուժը չունի գաղափարախոսություն եւ հավաքվում է մեկ անձի շուրջ, պաշտամունքի առարկա դարձնում նրա ուսապարկը, ինձ համար անհատները դառնում են երկրորդական»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակին, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը: «Այստեղ կուռքերի ստեղծման խնդիր է: «Կռապաշտության» տարրերը քաղաքական դաշտում ժամանակավոր երեւույթներ են»,-համոզմունք հայտնեց նա:
Ըստ Սամվել Նիկոյանի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի ցուցակում կրթված տղաներ եւ աղջիկներ կան, բայց այդ քաղաքական ուժը չգիտի՝ վաղն ի՞նչ է անելու. «Իսկ ՀՀԿ-ն ունի մեծ ներուժ, որի պահանջն ունի հանրությունը, այդ պատճառով մասնակցում ենք ընտրություններին: Եթե մեզանից բացի այլ որեւէ քաղաքական ուժ կարող է իրեն համարել ընդդիմադիր, ես կզարմանամ: Ոմանք իրենց հայտարարում են ընդդիմություն, մինչդեռ «ընդդիմության ընդդիմություն» չի կարող լինել: Մենք հավակնում ենք լինել երկրորդը խորհրդարանում եւ լինել իրական ընդդիմություն»:
Ըստ Սամվել Նիկոյանի՝ ներկայիս ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը քծնում է իշխանությանը, մի մասն էլ՝ վախենում նրանից. «Բոլորը քարկոծում են ՀՀԿ-ին: Գուցե զարմանալի է, որ իշխանությունը հավակնում է մեծ թվով ձայներ տանել, բայց քաղաքական դաշտը հարձակվում է մի կուսակցության վրա, որը չի հավակնում լինել առաջինը»: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի իննին:
https://www.facebook.com/aravot.am/videos/1225889697559871/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ