«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդման փաստին, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Նա Մանվել Գրիգորյանի օրինակով իրավիճակն այսպես է բնութագրում. «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»:
Սամվել Նիկոյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն կանգնած է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների եւ հաղթանակի կողքին եւ պաշտպանելու է նրանց: Դիտարկմանն ի պատասխան, որ «Մանվել Գրիգորյանին հստակ մեղադրանքներ են առաջադրվել՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, ուրիշի գույքի առանձնակի չափերով հափշտակում, որո՞նք հիմնավորումներն առ այն, որ նրա հանդեպ կատարվածը Արցախյան հերոսամարտի դեմ է ուղղված», Սամվել Նիկոյանը նկատեց. «Մանվել Գրիգորյանի հանդեպ միակ քրեական մեղադրանքը դա ապօրինի զենք-զինամթերքի պահումն է: Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին»:
Սամվել Նիկոյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ պահեստներում հայտնաբերվածը տրված էր «Երկրապահ կամավորականների միությանը»՝ ՊՆ-ի կողմից. «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»: Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1225889697559871/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ