Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքով հեղինակություն չեն բարձրացնում

Նոյեմբեր 17,2018 10:00

Պե՞տք է արդյոք Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր, թե՞ պետք չէ՝ մասնավոր հարց է: Ինձ թվում է՝ եթե Գարեգին Բ-ն դիմի համապատասխան մարմիններին, վերջիններս պետք է հարգեն նրա խնդրանքը եւ ապահովեն նման բարձր հոգեւոր պաշտոն զբաղեցնող անձնավորության անվտանգությունը: Արդյոք Մայր աթոռը դիմե՞լ է նման խնդրանքով: Փաստարկները, թե ինչու է դա պետք ամրագրել օրենքի մակարդակով, կարծում եմ՝ այնքան էլ հիմնավոր չեն: Երբ ասվում է, որ կաթողիկոսին պետք է պաշտպանել աղանդավորների եւ սեռական փոքրամասնությունների հարձակումներից, պարզ չէ՝ խոսքը ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական, գաղափարական հարձակումների մասին է: Եթե ֆիզիկական ոտնձգություններ են եղել, ապա անկախ հարձակվողների կրոնական եւ սեռական կողմնորոշումից՝ նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Եթե խոսքը գաղափարական վեճի մասին է, ապա այստեղ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր տեսակետը հայտնելու:

Երեկվա խորհրդարանական բանավեճն ընդհանրապես սխալ ուղղությամբ գնաց: Կաթողիկոսին թիկնազոր տալու օրենքին ընդդիմացողները հարցնում էին՝ ի՞նչ է, կաթողիկոսին պետք է պաշտպանել սեփական ժողովրդի՞ց: Իսկ օրենքի կողմնակիցները հակադարձում էին՝ դե, թող Փաշինյանին նույնպես թիկնազորը չպաշտպանի ժողովրդից: Թե՛ փաստարկը, թե՛ հակափաստարկը իրար արժեն: Իհարկե, «ժողովուրդ» բառը պատեհ-անպատեհ օգտագործելը հետհեղափոխական ժամանակաշրջանի առանձնահատկություններից է: Բայց այս օրինագծի պարագայում «ժողովուրդը» կապ չունի: Կան քաղաքացիներ, որոնց անվտանգությունը պետք է պաշտպանել, եւ կան քաղաքացիներ, որոնք այդ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում: Կամ չեն ներկայացնում: Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի հետ համեմատությունը բացարձակապես տեղին չէ. վարչապետն այսօր պետության թիվ մեկ պատասխանատուն է, եւ նրա անվտանգությունը պետք է ապահովվի ամենաբարձր մակարդակով: (Անձամբ ես կողմ եմ, որ անվտանգության միջոցառումներն այս առումով խստացվեն):

Ասվում էր նաեւ, որ այդպիսով ընդգծվում է կաթողիկոսի հասարակական հեղինակությունը: Բայց եկեք անկեղծ լինենք՝ վեհափառն այսօր հեղինակություն չունի: Դրանում չկա ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական պատգամավորների մեղքը, եւ նրանք, եթե նույնիսկ 20 օրենք ընդունեն, դրանով այդ հեղինակությունը չի բարձրանա: Չդիտեմ՝ Գարեգին Բ-ն ինչ պետք է անի, որ իր հեղինակությունը բարձրանա, բայց դա ամբողջությամբ իր խնդիրն է:

Ինչ մնում է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությանը, ապա այն բարձր է՝ անկախ կաթողիկոսի եւ մնացած կղերական պաշտոնյաների դրական կամ բացասական հատկություններից: Եվ բոլորիս պարտքն է այն է՛լ ավելի բարձրացնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հետաքրքրական է նկատելը թէ խորապէս ըմբռնած էք թէ Պետութեան ներկայացուցիչ մը յարգելով, այդ պաշտօնը ստանձնող անհատը չէ որ յարգում էք, այլ այդ պաշտօնը, Պետութիւնը, սակայն նոյն էական նրբութիւնը երեւի չէք նկատում Եկեղեցւոյ եւ իր վեհագոյն ներկայացուցիչի պարագային:

    Ո՞նց կարելի է Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակութիւնը բարձրացնել, կղերականները – ամենավերից վար – տեւաբար բնութագրելով որպէս սատանայի ծառաներ:

    Ասի ըսած, որպէս մասնագէտ դիտորդ, բաւարար փաստեր երբեւիցէ չեմ տեսած կամ լսած, որպէս լուրջ հիմնաւորում՝ Վեհափառ Տիրոջ ուղղուած ծայրայեղ, զարհուրելի մեղադրանքներին: Այս գետնի վրայ եւս, նոյնն է պարագան պետական շատ մը ներկայացուցիչներու:

  2. gib.gibindus says:

    Արա, մեկը չկա՞ էդ թուրքալեզու հույների թոռ Շարմազանին բացատրի, որ ոչ Հայկն էր քրիստոնյա, ոչ էլ Բելը ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչ: ՖԲ-ում մարդա մեկն ա ասել: Իմ կողմից ավելացնեմ, որ նույնիսկ 1915 թ-ին կաթողիկոսը հատուկ ՛՛ախրանա՛՛ չուներ:

  3. Լավատես says:

    Հայ ազգային կրոնը պետք է համախմբի բոլոր ավանդական կրոնների, աղանդական կրոնների եւ հակակրոնների հայերին, հայ ազգային կրոնը հայի համար պետք է վեր լինի բոլոր ավանդական կրոններից, աղանդական կրոններից եւ հակակրոններից: Ես կողմնակից եմ հայ ազգային կրոնի ու հայ ազգային պետության ու հայ ազգի միավորմանը, երբ մեկն առանց մյուս երկուսի գոյություն ունենալ չի կարող, երբ մեկն առանց մյուս երկուսի աճել ու զարգանալ չի կարող:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930