Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողները լոկ օրենքներ դակող չեն լինելու»

Նոյեմբեր 17,2018 15:00

«Առավոտի» զրուցակիցն է թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը:

– Տիկին Առաքելյան, ինչո՞ւ եւ ինչպե՞ս որոշվեց, որ ընդգրկվելու եք ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում: Դուք արդեն Երեւանի ավագանիում էիք, գուցե Ձեր քաղաքական կարիերան այդպե՞ս շարունակեիք, ինչո՞ւ եք ձգտում անպայման պատգամավոր դառնալ:

– Ճիշտն ասած, եթե ունեմ ցանկություն ներգրավված լինելու օրենսդրի աշխատանքներում, կարծում եմ՝ միայն լավ պետք է գնահատել իմ այս նախաձեռնությունը, քանի որ միշտ համոզված եմ եղել, որ լրագրողները շատ ավելի լավ են աշխատում քաղաքական հարթակներում, մասնավորապես օրենսդիր իշխանությունում: Նաեւ պետք է ընդգծեմ, որ 1998 թվականից սկսած, որպես լրագրող, այնուհետեւ որպես լրատվական տարբեր ծառայությունների ղեկավար՝ ընտրական գործընթացներում ակտիվ մասնակցություն եմ ունեցել: Իհարկե, սա առաջին փորձն է` ուժերս փորձել պատգամավոր դառնալու: Գիտեք, սա լոկ ձգտում չէ, սա նախեւառաջ մեծ պատասխանատվություն է. մենք պետք է փորձենք փոխել մեր պատկերացումները պատգամավորների մասին, մենք պետք է ոչ միայն հեղափոխություն անենք դրսում, այլ նաեւ պետք է հեղափոխենք մեր մտածողությունը, այդ կարծրատիպերը պետք է կոտրենք: Պատգամավոր լինելը ինձ համար լուրջ ու շարունակական աշխատանք է ու մեծ ներուժ եւ ժամանակ է պահանջում: Պատգամավորը պետք է ամեն գնով հասնի այնպիսի օրենքների ընդունմանը եւ նախաձեռնությունների կատարմանը, որը ավելի լավը կդարձնի մեր ժողովրդի կյանքը: Կդառնամ պատգամավոր, թե ոչ՝ դա արդեն մեր հայրենակիցները կասեն. ես առաջադրված եմ ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները: Իսկ թե ինչո՞ւ հենց այդ ընտրատարածքում, ես Նոր Նորքի բնակիչ եմ, այսպես ասած՝ «մասիվցի»:

Իսկ ավագանիում ես մեծ եռանդով եմ աշխատում, արդեն մի քանի նախաձեռնություններով հանդես եմ եկել: Շատ եմ ցանկանում փոխել Երեւանը, օգնել այդ փոփոխությունների կատարմանը. չգիտեմ, ամեն բան դեռ առջեւում է: Ես հավատում եմ, ինձ դուր է գալիս իմ այդ լավատեսությունը, հավատը գործի կեսն է:

– Դժվար չի՞ լինելու ռեյտինգային ընտրակարգով մրցակցության մեջ մտնելը, հանրությունը սովոր է այդ ընտրակարգում օդիոզ դեմքերի եւ թաղային հեղինակությունների տեսնել:

– Գիտեք, ձեր նշած օդիոզ դեմքերն այս անգամ չկան ընտրացուցակներում, եւ դա շատ լավ է, քանի որ երկրում առկա ներկա իրողությունները վերջապես հասկանալի դարձան նաեւ այդ օդիոզների համար, որ չունեն շանս, որ այլեւս ընտրակաշառքով չեն կարող հայտնվել խորհրդարանում եւ 5 տարի բերանները ջուր առած նստել, որ իրենց գոյությունը պառլամենտում ուղղակի անիմաստ է, եւ հանրությունն էլ արդեն չի ընկալում այդ տեսակը: Ի դեպ, հենց այս միտքն էլ մոտիվացրել է ինձ, որ այս անգամ համարձակվեցի մտնել ընտրապայքարի մեջ: Ես երբեւէ չեմ պատկերացրել, որ նախկինում կարող է շանս ունենայի հայտնվելու ավագանիում կամ պառլամենտում առանց որեւէ մեկի «դաբրոյի». սա շատ լուրջ խնդիր էր մեզ նման մարդկանց համար: Ես պարզ ճակատով եմ գնում ընտրապայքարի, ես ունեմ մեդիա ոլորտում աշխատած 20 տարվա փորձառություն. լրագրող, տարբեր առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիր, տնօրեն, ուսանել եմ մի քանի համալսարաններում, նաեւ արտերկրում, մի քանի լեզուների եմ տիրապետում, բայց երբեւէ չեմ համարձակվել մտնել ԱԺ ընտրությունների գործընթաց, քանի որ չեմ հավատացել: Հիմա ավելի հետաքրքիր է: Իսկ ինչո՞ւ ոչ, իսկ ինչո՞ւ չփորձել ու չհասկանալ, թե ի՞նչ արդյունք կարող եմ ունենալ: Սա նույնպես մի քննություն է, որ կարելի է հանձնել: Ես շատ համարձակ մարդ եմ, ինձ ճանաչողները գիտեն. ես չեմ վախենում, անգամ, եթե ԱԺ չգնամ, ապա շատ լավ փորձ կլինի, կշարունակեմ իմ աշխատանքը ավագանիում եւ իմ շատ սիրելի Պետական Կամերային երաժշտական թատրոնում, որի տնօրենն եմ արդեն 7 ամիս:

– Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն են լինելու այս ընտրությունները, թեեւ ընտրակաշառքի եւ ադմինիստրատիվ ռեսուրսի գործոնն այս ընտրություններում դեր չի ունենալու, բայց հեղափոխական էյֆորիան է դոմինանտ գործոն լինելու, համենայնդեպս՝ Երեւանի ավագանու ընտրությունները դա ցույց տվեցին:

– Ես հուսով եմ, որ ձեր նշած գործոններից ընտրապայքարը զերծ կմնա: Ես նաեւ հուսով եմ, որ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թույլ տրված սխալներն այլեւս չեն կրկնվի, քանի որ սեւացնելու եւ վիրավորելու գործոնը շատ հին է, եւ այդ մեթոդները շուտ բացահայտելի են լինում: Ես հուսով եմ, որ պոպուլիզմը պետք է փոքր-ինչ զիջի դիրքերը, քանի որ մենք ավելի կառուցողական փուլ պետք է մտնենք: Բոլոր կուսակցությունները եւ դաշինքները պետք է ծրագրային մրցապայքարի մեջ մտնեն: Ես Նոր Հայաստանն այդպիսին եմ տեսնում: Առանց հստակ ծրագրերի մենք ոչ մի տեղ չենք հասնի: Իսկ ընտրությունը մեր հայրենակցինն է, ինչպես ինքը կընտրի, այդպես էլ կձեւավորվի ապագա խորհրդարանը: Այս ընտրությունները պետք է ծրագրերի պայքար լինեն, համենայնդեպս՝ դա իմ ցանկությունն է:

– ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», փաստորեն, պայքարելու են ընդդիմության տեղի` երկրորդ հորիզանականի համար. պայքարը սեւի ու սպիտակի ոգո՞վ է գնալու, թե՞ ծրագրերի մրցակցության ականատեսը կլինենք: ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին հանրությունը լավ է ճանաչում, «Լուսավոր Հայաստանը» ավելի մաքուր կենսագրություն ունի: Ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունները:

– Ինձ համար շատ տխուր փաստ է այդ գունաբաժանման քարոզը, որը մենք, ցավոք, տեսանք Երեւանի ընտրություններում. ես լավատես եմ եւ վստահ եմ, որ խորհրդարանական ընտրություններում դա այլեւս չպետք է տեսնենք: Ես նորից եմ ասում՝ մենք պետք է մտնենք կառուցողական դաշտ եւ պայքարենք լավ ծրագրերի համար, չհաշված, որ քարոզարշավի ժամկետը բավականին կարճ է՝ ընդամենը 12 օր, բայց առավելագույնս պետք է ներկայացնենք մեր ծրագրերը, եւ թող արդեն ժողովուրդը որոշի: Ինչ վերաբերում է 2-րդ, 3-րդ եւ չգիտեմ էլ որերորդ տեղեր զբաղեցնելու մասով, կարծում եմ՝ երբ որեւէ կուսակցություն մտնում է ընտրապայքարի մեջ, միշտ պետք է իր առջեւ դնի հաղթելու խնդիր: Սա առողջ մոտեցում է: Երբ դու պայքարում ես պարտվելու համար, արդեն տապալված ես: Յուրաքանչյուրը պետք է նշաձող դնի հաղթելը եւ չթուլանա, անի ամեն բան` ճիշտ քարոզարշավ, ճիշտ մատուցի իր առավելությունները, ճիշտ եւ քաղաքակիրթ հարաբերվի գործընկերների հետ. կարեւորը սա է: Իսկ արդեն թե ինչպե՞ս կձեւավորվի խորհրդարանը՝ դա կրկին մեր ժողովուրդը կորոշի, քանի որ այսօրվա իրողությունների մեջ ես վստահ եմ, որ ընտրական գործընթացները ազնիվ ու արդար ճանապարհով են գնալու:

– Այս ընտրություններում գերակշռում է լրագրողների ընդգրկումը ընտրացուցակներում. օրինաչա՞փ եք համարում մեր գործընկերների` քաղաքականությամբ զբաղվելու մղումները:

– Ես ողջունում եմ լրագրողների մուտքը խորհրդարան: Լրագրողները սթափ մարդիկ են, բավականաչափ գրագետ ու շատ տեղեկացված: Փորձը ցույց է տվել, որ այն լրագրողները, որոնք հատնվել են խորհրդարանում, միշտ շատ լավ են աշխատել: Ինչքան շատ լրագրող հայտնվի խորհրդարանում, այնքան կշահի մեր հասարակությունը: Ընկերներիցս մեկը երեկ մի լավ բան ասաց լրագրողների՝ խորհրդարանում հայտնվելու մասով. լրագրողները սիրում են կարդալ եւ լոկ օրենքներ դակող չեն լինելու, ամեն դրույթի ու կետի համար պայքարելու են ու առողջ քննարկումներ են ծավալելու: Իսկ սա իրոք շատ կարեւոր է ինձ համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

16.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ասումա դու քեզ չգովաս ով պիտի գովա։ Շատ կարդալը չափանիշ չի։ Եթե ասենք տնտեսագիտությունից ,մաթեմատիկայից համապատասխան բազա չկա ինչքանել կարդաս չի օգնի։ Ճարտար խոսալը պետք չի շփոթել լավ աշխատելու հետ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930