«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը եւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը
Նելլի Գրիգորյան.- Վերջին մեկուկես ամսվա ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտների մասով բացահայտվել է մոտ 20 մլրդ դրամի չափով պետությանը պատճառված վնաս: Այժմ կառավարությունը փորձում է հասկանալ տնտեսական իրավիճակը՝ խնդիրներն ու հնարավորությունները: Միաժամանակ, այս ֆոնին շատերը, գուցե նաեւ արդարացիորեն, ակնկալում էին, որ հաջորդ տարի ունենալու ենք լայնամասշտաբ ներդրումներ, թռիչքային տնտեսական աճ ու այս ամենի եւ ստվերի կրճատման արդյունքում՝ պետական բյուջեի եկամուտների կտրուկ աճ: Ի հեճուկս սպասելիքների՝ խորհրդարանական քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ 2019-ի բյուջեն հեղափոխական չէ: Հիմնական ցուցանիշների մասով հետընթաց կա, օրինակ՝ ներկա կառավարությունը 2019թ. համար կանխատեսել է 4,9% տնտեսական աճ, մինչդեռ նախորդ կառավարությունը կանխատեսում էր 5,3% եւ այլն: Օբյեկտի՞վ է կառավարության այս զգուշավորությունը:
Հովհաննես Իգիթյան.- Այն, որ ասում եք՝ սպասելիքներ են, հեղափոխական է. չեն եղել այդպիսի սպասելիքներ, չեն եղել այդպիսի խոստումներ: Այսինքն՝ արդեն պարզ է, որ նախկին իշխանությունը այս դեմագոգիան պետք է օգտագործի ապակողմնորոշելու համար ժողովրդին եւ վարկաբեկելու գործող իշխանությանը: Մենք ունեցել ենք հեղափոխություն, հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ ներկայացրել է հետեւյալը. մենք ժամանակավոր կառավարություն ենք, մենք եկել ենք կոռուպցիան վերացնելու, ժողովրդին եւ կուսակցությունները նախապատրաստելու նոր արտահերթ արդար ընտրությունների: Սա է կառավարության ծրագիրը մինչեւ նոր ընտրություններ: Հետո պետք է հաշվի առնենք՝ ինչքան էլ որ ՀՀԿ-ն փորձում է ձեւացնել, թե իրենք ընդդիմություն են, իրենք ընդդիմություն չեն մինչեւ այս պահը: Եվ երեկ էլ խորհրդարանի նիստը չկայացավ, որովհետեւ մեծամասնության պատգամավորները, որոնք հանրապետական են, չեն գալիս: Ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ներկայիս իշխանությունը նախորդ պառլամենտում 7% էր: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ այս իրավիճակում բյուջեն գրեթե նույն համամասնությամբ պետք է տեղափոխվեր հաջորդ տարի:
Ն. Գ.- Երբ խորհրդարանում քննարկվում էր կառավարության ծրագիրը, դրանում կարմիր թելի պես անցնում էր միտքը, որ հեղափոխություն է տեղի ունեցել՝ ակնկալում ենք սա այսպես կլինի, նա այնպես կլինի, հավատը կմեծանա, ներդրումները կավելանան: Չե՞ք կարծում, որ այդ ամենը պիտի արտացոլված լինեին 2019-ի բյուջեի ծրագրում:
Վարդան Բոստանջյան.- Այսպիսի բան կա, որը ոչ մասնագետները կարող են չնկատել կամ չհասկանալ. մենք գործ ունենք մեծ համակարգի հետ, ինչպիսին երկիրն է: Համակարգային տեսության մեջ ասվում է, որ համակարգերը ունեն մեծ իներցիա, եւ հնարավոր չէ սպասել այնպիսի կտրուկ բաների, ինչպիսիք բարձրաձայնվում, ասվում են: Ժամանակային իմաստով նաեւ ունենք ճիշտ հասկանալու խնդիր, որովհետեւ մարդիկ հասկանում են այսպես. վաղը կլինի կենսաթոշակների բարձրացում, աշխատավարձի բարձրացում, տնտեսական կտրուկ աճ, ներդրումների շռնդալից աճ:
Ն. Գ.- Բայց իշխանությունների հռետորաբանությունն է այդպիսին:
Վ. Բ.- Հռետորաբանությունն իհարկե հարկավոր է՝ որոշակի չափերի մեջ եւ ժամանակի կտրվածքում, բայց կառավարության ծրագրում խոսվում էր հեռահար ինստիտուտների մասին: Ես հիմա չեմ ուզում ոչ մեկին պաշտպանել, առավել եւս՝ որեւէ մեկը իմ պաշտպանության կարիքը չունի, բայց դա այդպես է: Ինքս, օրինակ, կարծում եմ, որ լավագույն դեպքում մենք կարող ենք հաջողության շեմը տրորել երեք տարի հետո:
Ն. Գ.- Այսինքն՝ նորմա՞լ է, որ 2019թ. բյուջեի մասով կառավարությունը զգուշավոր է:
Վ. Բ.- Իհարկե, նորմալ է: Վարչապետն ինքը բնութագրեց՝ իներցիոն բյուջե: Ո՞վ էր մտածում, որ հանկարծակի կտրուկ հեղափոխական բյուջե պետք է ձեւավորել: Չմտածեք, որ մեծ երկրի մակարդակով հնարավոր էր հայտնաբերել եկամուտներ եւ այլն, եւ այլն, դրանցով պայմանավորված՝ միանգամից անցնել գործի: Լավագույն դեպքում կարող էր լինել այն, ինչ որ դուք ասացիք 20 միլիարդի վերաբերյալ: Բայց պետության համար դա կատաստրոֆիկ փոքր գումար է: Եվ բնականաբար, այս փոքրիկ քայլերով երկու-երեք ամսվա ընթացքում կարողացանք հայտնաբերել մի փոքր մասը, ինչ որ տեղի է ունեցել նախորդ ժամանակներում: Շրջահայացությունը պահանջում է շուտափույթ արդյունքների ձգտելը կասեցնել, եւ փորձենք բոլորս, ոչ միայն իշխանությունը, նպաստել այդ գործընթացին: Այս համատեքստում ես մտածում եմ, որ 2019-ի բյուջեն այդ էլ պետք է լիներ, չէր կարող ավելի լավը լինել:
Ն. Գ.– Վարչապետը եւ կառավարության տարբեր անդամներ արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացումը հիմնավորում էին Հայաստան ներդրումներ ներգրավելու անհրաժեշտությամբ: 2019-ի բյուջեում կա՞ն մեխանիզմներ, որոնք նպաստելու են համապատասխան միջավայրի ձեւավորմանը եւ արագ ու մեծ ծավալի ներդրումների հոսքին:
Հ. Ի.– Նախ, իմ կարծիքով՝ ընտրությունների առումով մենք ուշացել ենք, արտահերթ ընտրությունները պետք է լինեին մայիս-հունիսին: Հիմա, լավ, դեկտեմբերը արտահերթ ընտրություններ անցկացնելու օրինական հնարավորությունն է: Բայց երբ խոսում ենք ներդրումների մասին, պետք է հասկանանք, թե ինչու Հայաստանում վերջին 10-12 տարիներին նվազեցին օտարերկրյա ուղիղ ներդրումները: Ժամանակին, երբ ես ղեկավարում էի Հայաստանում եվրոպական առեւտրի պալատը, 40 օտարերկրյա ներդրող կար: Այսօր 7, 6 կամ 5-ն են: Դրսի ներդրումները անցած տարվա կտրվածքով իջել են, կարծեմ՝ մինչեւ 240 միլիոն դոլար: Համեմատության համար ասեմ, որ Վրաստանում դրսի ներդրումները 1,7 միլիարդ են: Եթե պետք է խոսենք նոր ներդրումների մասին, նախ այդ խոչընդոտները պետք է վերացնենք, ամենակարեւորները՝ կոռուպցիան եւ հովանավորչությունը:
Ն. Գ.- Դուք անընդհատ նախկինների դաշտ եք գնում, նախկինների մասով ամեն ինչ հասկանալի է ու պարզ է: Խնդրեմ՝ թվարկեք 2019-ի բյուջեում այն գործիքներն ու մեխանիզմները, որոնք ապահովելու են լավ ներդրումային միջավայրը:
Հ. Ի.- Այս բյուջեից սպասելիքներ չպետք է ունենանք, մենք սպասելիքներ պետք է ունենանք նրանից, որ Հայաստանում կոռուպցիա եւ հովանավորչություն չեն լինելու: Դուք դա բյուջեում չեք տեսնի: Նախորդ բյուջեում էլ գրված չէր, որ պետական գնումները տալիս ենք մեր հորեղբոր տղային կամ ծանոթների կազմակերպություններին, որոնք շուկայականից բարձր գներով են գնումներ կատարելու: Հիմա էլ գրված չէ: Բայց ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ վերահսկողությունը խիստ է լինելու: Դուք հիմա պատկերացնո՞ւմ եք, որ գնումները, օրինակ, տրվեն իմ հորեղբոր տղայի կազմակերպությանը:
Ն. Գ.- Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ եղավ նման դեպք, նրա ընտանիքին պատկանող ընկերությունը 35 հազար դոլար գրանտ շահեց չրի արտադրություն զարգացնելու համար:
Հ. Ի.– Ես տեղյակ չեմ, բայց դուք այդ մի դեպքը գիտեք, ուզո՞ւմ եք հինգ հազար դեպք ասեմ նախկինից: Չգիտեմ, այդ դեպքով երեւի զբաղվում են, բայց ես համոզված եմ, որ այսպիսի բաներ չեն լինելու: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչպես անել, որ Հայաստանը մյուս երկրների նման գրավիչ դառնա: Ի՞նչ եք ուզում, ուզում եք քննադատենք այս հինգ ամսվա աշխատա՞նքը եւ ասենք՝ գնացեք ընտրեք Սերժ Սարգսյանի՞ն:
Վ. Բ.– Որ ասվում է՝ բյուջեն իներցիոն է, պետք է հասկանանք, որ եղած հնարավորությունների սահմաններում կարողանում ենք ամեն մի ոլորտին որոշակի, կոպիտ ասած՝ փող շպրտել: Անկախ հնից ու նորից, անկախ հեղափոխություն կանեինք թե չէ՝ այս տարվա բյուջեն արդեն պետք է ծրագրային լիներ, որը ոչ այլ ինչ է, քան արդյունք. ցանկացած հատկացվող գումարի քանակական եւ որակական ցուցիչով: Ես կարծում եմ՝ այս հինգ ամիսների մեր ամենամեծ նվաճումը այն է, որ կարողացանք այս ահավորությունը կասեցնել եւ ամբողջ երկրում ստեղծեցինք վիճակ՝ զգաստացեք, բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Դա արդեն մոտեցում էր, եւ ես ուզում եմ, որ սա ուժեղանա:
Ն. Գ.- Ե՞րբ սպասենք մեր սահմանին ճամպրուկով ներդրողներին, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը իշխանությունները հենց այդպես էին հիմնավորում:
Վ. Բ.- Երբեք այդպիսի միամիտ բան չանեք: Այդպիսի բան լինում է, անկախ ընտրությունից կամ ոչ ընտրությունից, միայն այն ժամանակ, երբ երկրում գոյություն ունի տնտեսական քաղաքականություն եւ վստահության անսահման ինստիտուտ:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ մանրամասները՝
«Առավոտ»
16.11.2018
այս ընթացքով, դրսից նախկինում ներդրում կատարողներէն ոմանք իրենց ներդրածը կարելի եղածին չափ շուտ liquidate պիտի ընեն, քառասմբակ դուրս ելլեն այդտեղէն
ասկէ աւելի անկայուն երկիր դժուար է երեւակայել (օրինակի համար, ափրիկեան շատ մը երկիրներ ներքնապէս թոյլ, քաոսային եւ անկայուն են, բայց դեռ այդ ամէնուն վրան ալ դուրսէն իրենց վրայ յարձակող չկայ գոնէ)
թերեւս միայն հայրենասիրական զգացումներով դասական Սփիւռքի ներդրողներ կարող է որ մտածէին բան մը ընդելու մասին, սակայն տեսնելով թէ ի՞նչ է երկրի մէջ իսկ հայրենասիրութեան խղճալի մակարդակը (նիւթամոլ անհատապաշտութիւն, ազգային/բարոյական/ հոգեւորական տարրական արժէքների իսկ չգոյութիւն – կամ աղաւաղում յանուն «ազատական» ծայրայեղ գաղափարաբանութիւնների, բնիկների մօտ երկրէն փախչելու զանգուածային եւ տեւական հակումն, եւայլն.), անոնք ալ առեւտրական ներդրում չեն կատարեր. Կը նախընտրեն նուիրատւութիւն ընեն, փոխանակ առեւտրական ներդրումի, որպէսզի իրենց խղճի պարտը տան, առանց աւելորդ գլխացաւի:
սխալ չհասկցուինք, այս ամէնը միայն այժմու իշխանութեան յանցանքը չէ. Սակայն նախկին վարչակարգերը գոնէ երեւոյթ մը ստեղծած էին. bluff մըն էր ան, բայց այդպէս ալ գոնէ դեռ բան մը առաջ կրնար երթալ, կամաց-կամաց. Նորելուկ ոհմակի միակ հիմնական իրագործումը այդ պլաֆը բացայայտելը եղաւ, այդ երեւոյթը ոչնչացնելը. Հիմա այլեւս ո՞րմէկ լուրջ ներդրողը որեւէ լուրջ գումար կը տեղադրէ այդ հաւաքական խելագարութեան մէջ: