ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության դեմ վարչական վարույթները հազվադեպ են հրապարակայնացվում, մինչդեռ, անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների հաշվառման, առեւտրային, ոչ պետական առեւտրային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների գրանցման, առհասարակ գրանցումների հետ կապված բողոքներում չի թաքցվում երբեմն կողմերի առերեւույթ կոռուպցիոն մեխանիզմներին դիմելու մասին:
Հայցվորը, որի գործը ներկայացնելու եմ, մինչ դատական վարույթ հարուցելը, երկու դիմում էր ուղարկել պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանին՝ «նախազգուշացրել եւ տրամադրել է տեղեկություն այն մասին, որ ընկերության մյուս 52% սեփականատեր հանդիսացող բաժնետերը (ընկերության մյուս մասնակիցը) նախապատրաստվում է կեղծ տեղեկություններ ներկայացնել գործակալությանը եւ դրանց հիման վրա պատրաստվում է կատարել ընկերության գործադիր մարմնի, այն է՝ գլխավոր տնօրենի փոփոխության պետական գրանցում»։
Արամ Եփրեմյանը մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 28-ին, հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության եւ նշյալ գործակալության 2017թ. սեպտեմբերի 12-ին կատարված «Գազ Սուզան Արմենիա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության գրանցումը, ՀՀ արդարադատության նախարարի վարչական բողոքը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջներով:
Դատարանի այս տարվա որոշմամբ, որպես երրորդ անձ է ներգրավվել «Գազ Սուզան Արմենիան», այլ երկրի՝ ԻԻՀ քաղաքացի Ալի Հաքիմի Մոհամմադալին:
2018թ. մայիսի 7-ի նախնական դատական նիստում կատարվել է հայցի առարկայի փոփոխություն, մասնավորապես, հայցվորը խնդրել է որպես ածանցյալ պահանջ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը պարտավորեցնել Արամ Եփրեմյանին վերագրանցել որպես «Գազ Սուզան Արմենիա» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար:
Դատավոր Մերի Համբարձումյանը օգոստոսի 9-ին հրապարակել է վճիռը, որը դեռեւս բողոքարկման փուլում է:
Ըստ հայցվորի, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ոեգիստրի գործակալությունը կատարել է «Գազ Սուզան Արմենիա» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի՝ գլխավոր տնօրենի փոփոխության գրանցում, եւ գրանցման արդյունքում ընկերության գլխավոր տնօրեն Արամ Եփրեմյանի լիազորությունները դադարեցվել են եւ որպես ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել ԻԻՀ քաղաքացի Ալի Հաքիմին: Գրանցելու համար գործակալությանը հիմք էր հանդիսացել զործակալություն ներկայացրած ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունը, որն ըստ հայցվորի, իբրեւ թե տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 24-ին, որի օրակարգում եղել է գործադիր մարմնի ղեկավար գլխավոր տնօրենի լիազորությունները դադարեցնելը եւ նոր ղեկավար նշանակելը։
Գործակալությունն, ընդունելով ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունը, առաջնորդվելով «արժանահավատության կանխավարկածով», ընդունել է այն որպես արժանահավատ տեղեկատվություն:
Հայցվորի «նախազգուշական» դիմումները գործակալությունը հաշվի չի առել եւ կատարել է զլխավոր տնօրենի փոփոխության գրանցում։
Բողոքաբեր տնօրենը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի գրանցումն անվավեր ճանաչվի, իր ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանի հետ ներկայացել են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի պետ Էմին Աբգարյանի մոտ։ Նրանք ներկայացրել են բողոքը, գործակալության կողմից թույլ տված խախտումները։
ՀՀ արդարադատության նախարարը կայացրել է վարչական բողոքը մերժելու մասին որոշում, նշելով, որ գործակալության համար տնօրենի երկու ներկայացված գրավոր դիմում-նամակները պետք է հիմք ծառայեին, որպեսզի վերջինս կատարված գրանցման համար ներկայացված հիմքերի (դիմում եւ ժողովի արձանագրություն) նկատմամբ ունենար հիմնավոր կասկած, չդիտարկեր դրանք որպես արժանահավատ տեղեկություն եւ ձեռնարկեր օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար։
Ի դեպ, ըստ հայցվորի, իրենք փաստացի զրկված են եղել վարչական վարույթի շրջանակներում գործակալության դիրքորոշմանը ծանոթանալու եւ դրա վերաբերյալ առարկություններ ներկայացնելու իրավունքից. «Անհասկանալի է, թե ինչու է արդարադատության նախարարը լսումներին որպես կողմ եւ 3-րդ անձ ներգրավել Ալի Հաքիմին, այլ ոչ թե «Գազ Սուզան Արմենիա» ՍՊ ընկերության 52% սեփականության իրավունքով տնօրինող մասնակցին»։
Այլ հարց է, թե ինչպես է առանց Արամ Եփրեմյանի ծանուցման հնարավոր ժողովը եղել. «Երբեք ընկերության 52% բաժնեմասը տնօրինող մասնակիցը հանդես չի եկել, որեւէ տեղեկություն հայտնի չի եղել առաջարկվող նոր գործադիր տնօրենի անձի վերաբերյալ, պահպանված չեն ընկերության ժողովի վարման մատյանում 24.08.2017 թվականի վերաբերյալ որեւէ գրանցում, ինչը կհիմնավորեր, որ ընկերության մասնակիցները կամ 52% սեփականատեր մասնակցի լիազորված անձը գրանցվել են եւ մասնակցել ժողովին, մասնակցել քվեարկությանը»։
Պատասխանողների ներկայացուցիչները պնդել են, որ պետական գրանցումն օրինական է։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման հիմք էր հանդիսացել իրանցի Ալի Հաքիմիի դիմումը, արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունը, ընկերության գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու եւ նոր գործադիր մարմնի ղեկավար նշանակելու մասին, պետական տուրքի վճարման անդորրագիրը, արտաբյուջեի վճարման կտրոնը, լիազորագիրը, անձնագրի թարգմանությունը, փոստային ծանուցագիրն ու գրությունն՝ ուղղված նախկին գլխավոր տնօրեն Արամ Եփրեմյանին։
Ըստ դատարան ներկայացրած ապացույցներից մեկի՝ արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրության՝ ժողովին մասնակցել է Ալիի լիազորված անձ Ալիռեզա Մաթինիին, իսկ ընկերության կանոնադրական կապիտալի 48% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Արամ Եփրեմյանը չի մասնակցել։
«Գործակալության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում չեն հայտնաբերվել փոփոխության պետական գրանցումը մերժելու հիմքեր եւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին կատարվել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը»,-նշել էր պատասխանողը։
Ինչ վերաբերում է գործակալություն մուտքագրված թվով երկու նախազգուշական նամակներին, պատասխանողը հայտնել էր, թե «տեղեկացվել են ընկերության մասնակիցների միջեւ առկա տարաձայնությունների, այդ տարաձայնությունների վերաբերյալ ընկերության ընդհանուր ժողովում քննարկման բացակայության, ղեկավարի փոփոխություն կատարելու հնարավորության մասին»։
Գործակալությունն առարկել էր, նաեւ հայտնել, որ իրենք իրավասու չեն ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման վարույթի շրջանակներում քննել ընկերության լիազորված մարմնի՝ ժողովի կողմից կայացված որոշման իրավաչափությունը, ակնարկելով, որ օրենքով անվավեր ճանաչելու իրավասությամբ օժտված մարմինը դատարանն է:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարարի որոշմանը, ըստ պատասխանող գործակալության, նախարարը իր որոշմամբ՝ «թույլ չի տվել գործակալությանը, դուրս գալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, քննության առնել հարց, որի լուծման իրավունքը օրենքով վերապահված է բացառապես դատարանին»։
Այն, որ վարչական վարույթի շրջանակներում հայցվորին չի տրամադրվել գործակալության կողմից ՀՀ ԱՆ ներկայացված գրավոր դիրքորոշումը, պատասխանողը հայտնել էր. «Գործակալության դիրքորոշումը ի սկզբանե կցված է եղել վարույթի նյութերին եւ հայցվորը լսումների ընթացքում վարույթն իրականացնող պաշտոնատար անձի կողմից տեղեկացվել է իրենց դիրքորոշման վերաբերյալ, սակայն հայցվորը գործակալության գրավոր դիրքորոշմանը ծանոթանալու ցանկություն չի հայտնել լսումների ընթացքում, ինչպես նաեւ նման դիմում չի ներկայացվել հետագայում»։
Ի դեպ, դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողների՝ իրանցիների որեւէ ներկայացուցիչ չի ներկայացել դատական նիստին եւ դատարանը գործը քննել է պատշաճ ծանուցված պատասխանողների բացակայությամբ։
Երրորդ անձ «Գազ Սուզան Արմենիայի» ներկայացուցիչը դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, հայտնել էր, որ գործի քննության շրջանակներում քննարկման առարկա չէ արտահերթ ժողովի արձանագրության իրավաչափության հարցը, քանի որ տվյալ փաստաթուղթը քաղաքացիաիրավական գործարք է եւ վարչական դատարանում դրա իրավաչափության հարցի պարզումը դուրս է վարչական դատարանի լիազորությունների շրջանակներից. «Սույն գործի շրջանակներում անհիմն են հայցվորի այն ձեւակերպումները, որ 24.08.2017 թվականին կայացված ժողովի արձանագրությունը «Կեղծ» է, ավելին, տվյալ արձանագրությունը չի համապատասխանում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.11.2018