Փաշինյանն ասում էր, որ Շաբոյանն այդ պաշտոնին նշանակվել է
Սերժ Սարգսյանի քվոտաները պաշտպանելու համար, բա հիմա՞
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱԺ-ում հանձնաժողովի 2019-ի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելիս մրցակցության հետ կապված խնդիրների ինչ օրինակ բերեց, հիմնականում առնչվում էին Սամվել Ալեքսանյանի հետ: Նա օրինակներ բերելիս մի քանի անգամ «Ալեքս հոլդինգի» անունը տվեց, խոսեց նրա շաքարավազի բիզնեսի մասին, ասաց, որ «Ալեքս հոլդինգը» միաժամանակ զբաղվում է ե՛ւ շաքարավազի արտադրությամբ, ե՛ւ տարբեր պարենային ապրանքների ներմուծումներով, ե՛ւ միաժամանակ մանրածախ առեւտրի վաճառքով. «Սա մրցակցության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետեւ տվյալ տնտեսվարողը, որը գերիշխող դիրք է զբաղեցնում տվյալ ապրանքի արտադրման կամ ներմուծման բնագավառում, վաճառում է իր մանրածախ առեւտրային ցանցով այն նույն գնով, ինչ մի քիչ պակաս տրամադրում է մնացած մանրածախ առեւտրային ցանցերին եւ, բնականաբար, առավելություն է ստանում մյուս ընկերությունների նկատմամբ»:
«Առավոտը» Արտակ Շաբոյանին հարցրեց՝ նախորդ տարիներին, երբ ԱԺ-ում ներկայացնում էիք էլի ձեր տարեկան գործունեության ծրագիրը, այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձեզ մեղադրեց անգամ «Երեւան սիթիների» գովազդն անելու մեջ, հեգնեց, ասաց՝ քիչ է մնում ասեք «Երեւան սիթի, ամենացածր գները Հայաստանում», հիմա ի՞նչ է եղել, ձեր մոտ իրավիճա՞կ է փոխվել, որ Սամվել Ալեքսանյանին ու նրա ընկերությունները գովելու փոխարեն խնդիրներն եք մատնանշում: Շաբոյանը պատասխանեց. «Մենք խնդիրներ նախկինում էլ ենք բարձրացրել եւ պատասխանատվության միջոցներ կիրառվել են իրավախախտումների համար: Ես մի քանի անգամ նշեցի ընկերության անունը՝ ավելի կոնկրետ եւ առարկայական ներկայացնելու համար: Քանի որ խոսքը վերաբերում է շաքարավազի շուկային, դե գիտեք, միշտ էլ տարիներ շարունակ շաքարավազի շուկան շահարկվել է, միշտ ներկայացվել է եւ այս ոլորտի խոշոր ընկերությունը մշտապես եղել է «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, միշտ համարվել է որպես մենաշնորհային ոլորտ: Այս ոլորտի խնդիրները, նախկինում, եւ ներկայումս տիրող իրավիճակն ավելի առարկայական, պատկերավոր օրինակներով ներկայացնելու համար ես շեշտադրում էի ընկերության անվանումը»:
Մեր դիտարկմանը, որ հիմա 180 աստիճանով փոխվել է իր դիրքորոշումը, առաջ այդ ընկերության անունը հակառակ առումով էր տալիս, մեզ էլ վստահեցնում էր, որ մենաշնորհ չկա՝ Շաբոյանը պատասխանեց. «Ես, այո, այդպես ներկայացրել եմ, ներկայացրել եմ, որ օրենքի լեզվով, օրենքի իմաստով ընկերությունը մենաշնորհային չի համարվում, քանի որ մենաշնորհ է համարվում շուկայում 100 տոկոս զբաղեցնելու դեպքում: Սակայն, այո, իհարկե, ես մշտապես բարձրաձայնել եմ, որ մոտ 98 տոկոս է կազմում այդ ընկերության մասնաբաժինը ոլորտում: Վերջին մի քանի տարիների ընթացքում փոփոխություններ տեղի ունեցան, նոր ընկերություններ են ի հայտ եկել, ԵԱՏՄ-ից սկսել են ներկրումներ իրականացնել, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել եւ ավելի շատ տնտեսվարողներ ավելի մեծ խմբաքանակներով են սկսել ներկրումներ իրականացնել, որի արդյունքում ընկերության մասնաբաժինը այս պահի դրությամբ արդեն հասել է 78 տոկոս»:
Մենք Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ ձեր հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ կարգավորվե՞լ են, դուք կռված էիք ու ձեր կռիվը նաեւ հրապարակային էր՝ վերջին անգամ ԱԺ-ում ձեր գործունեության ծրագիրը ներկայացնելիս: Շաբոյանը պատասխանեց. «Մենք վարչապետի հետ ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ»: Հարցին՝ նա ձեզ վիրավորել էր, այսպես ասած «բարիշե՞լ եք», հաշտվե՞լ եք, Նիկոլ Փաշինյանը ձեզ ասում էր, որ դուք այդ պաշտոնին նշանակվել եք՝ Սերժ Սարգսյանի քվոտաները պաշտպանելու համար, հիմա Սերժ Սարգսյանը իշխանություն չի, դուք ո՞ւմ քվոտան եք ներկայացնում, որ մնացել եք այդ պաշտոնին: Շաբոյանը պատասխանեց. «Հիմա դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, ո՞նց եք պատկերացնում, հիմա ես պետք է ձեր պրովոկացիոն հարցերին պատրաստ պատասխանե՞մ»: Շաբոյանը սկսեց դիտողություններ անել, թե լրագրողները ինչպիսի հարցեր են պարտավոր տալ իր պես պաշտոնյաներին, օրինակ, խորհուրդ էր տալիս «աշխատանքային» հարցեր տալ:
Մենք կրկնեցինք՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դուք այդ պաշտոնին նշանակվել եք Սերժ Սարգսյանի քվոտաները պաշտպանելու համար, վիրավորում էր ձեզ, ասում էր՝ «խորհուրդ եմ տալիս ձեզ ոտի տակ չընկնել», մեր հարցը դրան է վերաբերում՝ Շաբոյանն արձագանքեց. «Դուք ավել պատասխան չեք ստանալու: Մենք նախկինում էլ ենք մեր գործն իրականացրել, կարծում եմ, հանձնաժողովը միշտ բարեխիղճ է աշխատել եւ եթե անցած տարիների վիճակագրությունը ձեզ ներկայացնեմ, ապա կտեսնեք, որ մենք հազարից ավելի գործեր ենք բացահայտել վերջին 7 տարիների ընթացքում: Եվ դուք նաեւ տեսաք համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ցուցանիշներով մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել: Մենք հիմա շարունակում ենք մեր բնականոն գործունեությունը, եւ հանձնաժողովը շարունակում է իր բարեխիղճ աշխատանքն իրականացնել»:
Դիտարկմանը, որ կոնկրետ ձեր «ֆիգուրին» էր վերաբերվում Փաշինյանի ասածը, ոչ թե հանձնաժողովին՝ Շաբոյանը պատասխանեց. «Ես որքան աշխատեմ, մշտապես աշխատելու եմ նույն սկզբունքով, այսինքն՝ բարեխիղճ եւ սրտացավ: Որոշում կայացնողը ես չեմ, ինձ նման հարցեր մի տվեք: Ոչ միայն ես, այլեւ մեր հանձնաժողովի անդամները որքան էլ աշխատեն, աշխատելու են նույն սկզբունքով՝ բարեխիղճ եւ սրտացավ»:
Հարցին՝ Դուք ասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, հիմա՞ էլ եք ձեր կարծիքին՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Ինձ մասնագիտական հարցեր տվեք»: Երբ ասացինք, որ լրագրողները նաեւ նրա համար են, որ պաշտոնյաներին հիշեցնեն իրենց նախկին ասածներն ու խոստումները, դուք Փաշինյանին ԱԺ ամբիոնից ասում էիք՝ ձեր չափի մեջ մնացեք, պոպուլիստական բաներ մի ասեք, հիմա մեզ հետաքրքրում է նույն կարծիքի՞ն եք մնացել, թե՞ ոչ: Շաբոյանը պատասխանեց. «Ճիշտ չեմ համարում ձեր կողմից բարձրացվող նման հարցադրումները: Ցտեսություն ձեզ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
16.11.2018