Վանաձորի թիվ 15, 33 եւ 40 մանկապարտեզներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Կարինե Ղուկասյանն ու Արմեն Եղիազարյանն իրականացրել են ուսումնասիրություններ՝ կապված մրցույթների կազմակերպման եւ գնումների գործընթացների հետ: Ստուգումների իրականացնելու շարժառիթն, ըստ ավագանու անդամների, եղել է փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ստացած բողոքները: Նրանք նշում են, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են բազմաթիվ խախտումներ. «Խոսքը վերաբերում է նրան, որ գնումների մրցույթի հայտարարման ժամանակ գործարարները մասնակցում են 2 տարբերակով՝ կա՛մ որպես ԱԱՀ, կա՛մ որպես շրջանառության հարկով աշխատող կազմակերպություն: Խնդիրը կայանում է նրանում, որ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները գտնվում են արտոնյալ պայմաններում: Քանի որ իրենց մրցակցային գինը հաշվվում է առանց ԱԱՀ-ի գնի: Տվյալ պարագայում, օրինակ, եթե ավելացված արժեք վճարող կազմակերպությունը մրցույթին մասնակցում է 100 դրամով, իսկ շրջհարկ վճարող կազմակերպությունը՝ 90 դրամով, չնայած նրան, որ նա 90 դրամ է եւ էժան, հաղթում է ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը: Քանի որ նրա մրցակցային գինը լինում է 16.67 տոկոս: Խնդիրն այն է, որ տվյալ դեպքում 2 կազմակերպություններն էլ, որոնք մասնակցել են Վանաձորի մանկապարտեզների մրցույթներին, ի սկզբանե մասնակցել են, որպես ԱԱՀ վճարող կազմակերպություն, սակայն մատակարարումը սկսել են իրականացնել, որպես շրջանառության հարկ վճարող: Այս պարագայում խախտվում է նաեւ պայմանագրի կետերը, քանի որ մի պայմանով կնքվել է պայմանագիր, բայց մատակարարվել է մեկ այլ պայմանով»,- ասում է Արմեն Եղիազարյանը:
Նշված կազմակերպությունները «Էս ընդ է» ՍՊԸ-ն եւ «Աննա Սաքանյան» Ա/Ձ-ն է: Եղիազարյանն ասում է, որ ի սկզբանե այս ընկերությունները կնքել են 10.մլն 237.000 դրամի սննդի մատակարարման պայմանագիր՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը: Սակայն մրցույթը շահելուց հետո փոխել են հարկատեսակը, մատակարարումն իրականացնելով շրջանառության հարկով: Դրա արդյունքում այս ընկերությունների շահույթը մինչեւ նոյեմբերի 1-ը կազմել է 1.700.000 դրամ. «Ավելացված արժեքի հարկը փաստացի չի վճարվել պետական բյուջե: Սա հավելյալ շահույթ է դիտարկվում տվյալ ընկերություններում: Այսինքն, հավասար մրցակցային դաշտը խաթարված է: Իրական շրջհարկով վճարվելու դեպքում այսքան գումար պետք է պակաս լիներ ապրանքների գնից: Նաեւ շատ ընկերություններ, որ մասնակցել են շրջանառության հարկով, իրենք չեն կարողացել մասնակցեն, չնայած, որ ավելի ցածր գին են առաջարկել: Սա ազդում է մեր ՏԻՄ բյուջեին եւ ծախսվում են ավել գումարներ, եւ փաստացի համայնքային հիմնարկները պայմանագրի կետի խախտմամբ գործունեություն են իրականացնում»:
Ավագանու անդամ Կարինե Ղուկասյանն ասում է, որ թեեւ իրենք ուսումնասիրություններ են իրականացրել 3 մանկապարտեզներում, սակայն պատկերը նույնն է համայնքի ենթակայության տակ գործող 20-ից ավելի մանկապարտեզներում: Ղուկասյանը գտնում է, որ եթե գնումների գործընթացն իրականացվի էլեկտրոնային ճանապարհով, ապա նման խախտումներից հնարավորին չափ կխուսափեն. «Նույնիսկ փոքր համայնքներում արդեն մի քանի տարի է օգտագործում են էլեկտրոնային գնման գործընթացը: Դա ավելի արդյունավետ է եւ միջանձնային հարաբերություններն այլ դաշտ են տեղափոխվում, իսկ մրցակցային դաշտը գրեթե գործում է ավելի անթերի: Մինչդեռ Վանաձորը դեռեւս օգտվում է փաստաթղթային գնման գործընթացից: ԱԱՀ օգտագործող գործարարները հիմնականում լինում են խոշոր գործարարներ: Իսկ շրջանառության հարկով աշխատողները փոքր եւ միջին ձեռներեցներ են: Եվ լսում ենք, որ վերջիններս բողոքում են, որ ԱԱՀ-ով աշխատող գործարարները ճնշում են գործադրում: Եվ փաստացի, մենք այսօր ունենք այն իրավիճակը, որ գնումների գործընթացում խախտվել է ՓՄՁ-ների եւ խոշոր գործարարների մրցակցային դաշտը: Կցանկանայի, որ գոնե Վանաձոր քաղաքը մտներ էլեկտրոնային դաշտ, որտեղ կապահովվեր մրցակցային հավասար պայմաններ: Իհարկե, նաեւ հետամուտ լիներ նմանատիպ պայմանագրեր կնքելուն»:
Առաջիկայում խնդրի վերաբերյալ կներկայացնենք նաեւ Վանաձորի քաղաքապետարանի պարզաբանումը:
ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ»
16.11.2018