Ստորև ներկայացնում ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Թեհմինե Ենոքյանի հետ հարցազրույցը «Առավոտ»-ին:
– Կներկայացնե՞ք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ստեղծման գաղափարը, արժեքները և սկզբունքները:
– Մենք տարիներ շարունակ քննադատել ենք կուսակցություններին և այն գործելաոճը, որը որդեգրվել էր, քանի որ խաղի կանոնները թելադրվում էին ավտորիտար համակարգի կողմից, իսկ մնացած կուսակցությունները խաղում էին այդ կանոններով։ Նման իրավիճակում արդարացիորեն ձևավորվել էր բացասական ընկալում կուսակցականության նկատմամբ։
Մենք մեր պատկերացումների և փոփոխությունների տեսլականն ունենք: Երկար ժամանակ հանդիպումներ էինք ունենում և քննարկում, թե ինչ տեսակ օրենքներ պետք է ընդունվեն, որպեսզի պարզություն և հստակություն մտնի քաղաքական դաշտ: Ընտրել ենք Քաղաքացու որոշում անվանումը, քանի որ անհրաժեշտություն ենք տեսնում քաղաքացու համար բացել որոշումների կայացման ողջ գործընթացը, մասնակիցը դարձնել նրան և նոր մշակույթ բերել քաղաքականություն: Ահա այն դրդապատճառները, որը մեզ դրդեց կուսակցություն հիմնել:
Վերջինս նպատակ ունի փոխել այս ընկալումները, քաղաքականացնել քաղաքականությունը, քաղաքացուն տրամադրել որոշումների կայացման հարթակ։ ՔՈ ՍԴԿ կուսակցությունը հիմնադրվել է քաղաքացիների կողմից, ովքեր տարիներ շարունակ եղել են փողոցում և վեր են հանել հանրության հուզող խնդիրները, կարևորել են հանրային տարածքների պաշտպանությունը, հանրային տրանսպորտի խնդիրները, լույսի, գազի սակագնի խնդիրները, կարևորել են բնապահպանական խնդիրները։ Միանալ մեկ այլ կուսակցության անիմաստ էր, քանի որ այս տարիների ընթացքում կուսակցության ներկայիս անդամներից յուրաքանչյուրը որպես քաղաքացի առանձնացել է ինքնուրույն, թափանցիկ և հաշվետու գործելաոճով, հասարակությանը ինքնակազմակերպելով, ինչը կարծում ենք շատ դեպքերում բացակայում է այլ կուսակցությունների կամ միավորների խոհանոցում:
– Ինչպիսի՞ առավելություններով է առանձնանում ՔՈ ՍԴԿ-ն այլ կուսակցություններից:
– Քաղաքացու որոշում կուսակցությունը ազատության արդարության և հավասարության գաղափարական կոնցեպտի վրա հիմնադրված սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է։ ԱԺ-ում մանդատ ունենալու պարագայում պատրաստվում է փոխել կուսակցությունների մասին օրենքը: Պետք է հստակ չափորոշիչներ դրվեն, թե որ քաղաքական միավորը կամ խումբը կարող է կոչվել կուսակցություն, ինչ գաղափարական հենք ունի, այդպիսով հստակություն կմտցնենք կուսակցությունների տեսակի կողմնորոշման մեջ և մի շարք հարցերի շուրջ կձևավորվի քաղաքական դիսկուրս:
Ուզում ենք հանրային հաշտեցման մեխանիզմի տարրեր ստեղծել՝ ընդունելով դեկապիտալիզացիայի մասին օրենք, ըստ որի ապօրինի հարստացած անձանց գույքը կգնահատվի և միջոցներ կձեռնարկվեն հանրությունից գողացվածը վերադարձնելու համար: Կստեղծվի նախադեպ, որ այլևս անհնար է հանցավոր ճանապարհով հարստանալ: Մարդը և իր աշխատանքը կլինի գնահատված:
Քաղաքացին պետք է լինի իրազեկված և մասնակից որոշումների կայացման գործընթացին, քանի որ նախորդ տարիներին եղել է օտարված իր հանրային կյանքը կազմակերպող որոշումների կայացման գործընթացից: Ցանկանում ենք փոխել ընտրական օրենսգիրքը և վերացնել այս ռեյտինգային ընտրության մոդելը, որը ունի բազմաթիվ թերություններ: Վառ օրինակ է այն, որ այսօր շատ քաղաքական միավորներ դուրս են մնացել ընտրապայքարից, քանի որ այս կարճ ժամանակահատվածում չեն հասցրել ապահովել ՀՀԿ-ի կողմից մշակված ընտրական օրենսգրքի կանոնների պահանջները: ՔՈ ՍԴԿ-ում գործադիր մարմնի նիստերը հեռարձակվում են օն-լայն մեր ֆեյսբուքյան էջում: Մեզ մոտ թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ ամբողջ հաշվարկը՝ տեսախցիկի ներքո: Թե ինչպես են այլ կուսակցություններում որոշումներ կայացվում, դա հանրության համար գաղտնի է, ցուցակներին նայելով՝ անգամ՝ անհասկանալի:
– Ինչպե՞ս որոշեցիք քաղաքացիական դաշտից անցնել քաղաքականի:
-Ես մասնագիտությամբ լրագրող եմ, եղել եմ ակտիվ քաղաքացի, որն այս տարիների ընթացքում փորձել է վեր հանել իրավական, քաղաքական և սոցիալական խնդիրները, որոնք հուզել են ժողովրդին: Քաղաքացիական և քաղաքական դիսկուրսը կեղծ դիսկուրս է, քանի որ քաղաքացի լինելը արդեն իսկ քաղաքական կատեգորիա է, մեզանից յուրաքանչյուրը ամեն օր զբաղվում է քաղաքականությամբ: Ես ստեղծել եմ այս տարիներին քաղաքական վավերագրական ֆիլմեր, որոնք բացահայտել են ոստիկանության ապօրինությունները, բանակում տեղի ունեցող հանցագործությունները, անդրադարձել եմ բնապահպանական խնդիրներին՝ մասնավորապես Թեղուտին, Քաջարանին և Ամուլսարին: Վերջին իմ ֆիլմը 2017 թ. ընտրությունների մասին էր, այն անվանել էի «Մարիոնետների թատրոն»:
Համարում էի, որ ՀՀԿ –ի կողմից ստեղծված խաղի կանոններով հնարավոր չէ իրականացնել ընտրություն, քանի որ արդեն իսկ արդար և հավասար ընտրությանը մասնակցելու պայմանը իսկզբանե խախտված էր:
Հաշվի առնելով այն ֆինանսական և վարչական ռեսուրսը, որին տիրապետում էր մաֆիան, ամեն ինչ կանխորոշված էր, իսկ մնացած կուսակցություններին կամ դաշինքներին մնում էր միայն ստիպված հարմարվել այդ իրողության հետ՝ մի փոքր փայաբաժնի ակնկալիք ունենալ: Ես որոշել եմ առաջադրվել Վայոց Ձոր-Սյունիք ընտրատարածքում, քանի որ նախ ծնունդով այնտեղից եմ, և հետո որոշել եմ անդրադառնալ հանքարդյունաբերության վնասակար ազդեցությանը այլընտրանքային բիզնեսի զարգացման, մարդկանց խախտված իրավունքների թեման դուրս չթողել նախընտրական պայքարի ժամանակ, այլ ընդհակառակը՝ դարձնել օրակարգային կարևորագույն խնդիր և դիրքորոշում կորզել մնացած այլ կուսակցություններից, ովքեր հայտ են ներկայացնում պատգամավորության: Ի վերջո` քաղաքացուն է պատկանում զորությունը և հետևաբար այս մարզերում առավել քան խնդրահարույց է մարդու առողջությունը և պետության կողմից այս խնդիրների մասին առավել պատասխանատու վերաբերմունքի դրսևորումը:
– Ինչո՞ւ ընտրեցիք ՔՈ ՍԴԿ կուսակցությունը:
Դաշտում չեմ տեսնում այլ ուժ, որի անդամ կցանկանայի լինել, քան այն ուժը, որը ստեղծել ենք մենք: Իմ գաղափարակից ընկերների մեծամասնությունը այստեղ է, հետևաբար կարելի է ասել գաղափարական շատ մեծ տարաձայնություններ չունեմ: Հատկապես, երբ աշխատանքն իրականացվում է հաշվետու կերպով: Մնացած ուժերի պարագայում ես չեմ տեսնում գաղափարական ընդգծվածություն և հստակություն: Խաղի կանոններն ՔՈ ՍԴԿ-ում պարզ են և հստակ:
– Լրագրություն, ավելացավ նաև քաղաքականությունը, չե՞ն խանգարում միմյանց: Ինչպե՞ս է համադրում այդ երկուսը Թեհմինե Ենոքյանը և որո՞նք են դժվարությունները:
Ես հուլիս ամսից այլևս չեմ աշխատում որպես լրագրող: Եկեք անկեղծ լինենք, բոլորս ինչ-որ չափով սուբյեկտիվ ենք, անկախ մեր սոցիալական դերից: Դա դրսևորվում է մեր գաղափարական հայացքներում, մեր վարքագծում, մեր քոմենթներում, մեզ հուզող խնդիրների թեման ընտրելիս: Հակադրելու կարիք չկա, քանի որ կա խնդիր, կա լուծում, տվյալ պարագայում ավելանում է լուծումներ գտնելու և լծակներ ձեռք բերելու նոր գործիքակազմ:
– Ինչո՞ւ հիմա, նախկինում ցանկություն կամ հնարավորություն չի եղե՞լ զբաղվել քաղաքական ծրագրերով:
-Քաղաքականությամբ զբաղվել եմ միշտ, իսկ նախընտրական ծրագրերով՝ հիմա, քանի որ հեղափոխությունից հետո հնարավորություն է տրվել մասնակցելու ընտրություններին, որտեղ ամեն ինչ նախապես պայմանավորված չէ, խաղի կանոնները հավասար են բոլորի համար: Սա կարևոր արժեք է: Կաշառք տալը քրեականացվել է: Լցոնում իրականացնելը՝ գրեթե անհնար է դարձել: Իհարկե, իդեալական ընտրական օրենսգիրք չունենք, ինչի համար էլ ցանկանում ենք մասնակցել, որպեսզի այս և մի շարք խնդիրներ կարողանանք լուծել:
– Ի՞նչ նշանաբանով եք հանդես գալու քաղաքական արշավին:
-Մենք դեռ չենք որոշել, քննարկման ընթացքի մեջ ենք:
– ՔՈ ՍԴԿ կուսակցությանը անդամակցելով ու առաջադրվելով Վայոց ձորի և Սյունիքի մարզի ընտրատարածքում՝ ինչպիսի՞ գործելաոճ եք ցուցաբերելու, ինչպիսի՞ դրական փոփոխություններ կլինեն:
-Սյունիքի մարզը և Վայոց ձորը քաղաքականապես եղել են իզոլացված, կամ նախկին մարզպետի ազդեցության ներքո, իշխել է վախը: ՀՀԿ-ի ազդեցությունն ակնհայտորեն նպաստել է, որ քրեական տարրերը իշխող տեղ ու դեր ունենան մարդկանց կյանքի կազմակերպման և հոգեբանության մեջ: Վայոց ձորը փոքր մարզ է և քաղաքականապես ոչ ակտիվ: Այստեղ իշխել է հիմնականում նախկին ՀՀԿ-ական ֆեոդալ: Նույն մթնոլորտն՝ այստեղ է: Մարդիկ կախված իրենց աշխատանքից քաղաքական ակտիվություն չէին ցուցաբերում, քանի որ վախենում էին իրենց աշխատանքը կորցնել:
Հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց, վառ օրինակ է հունիսի 22-ից Ամուլսարի համար պայքարող տեղացիների բողոքը, որը մինչ հիմա մնացել է անպատասխան, ինչ-որ չափով անտեսված: Եղեգիս խոշորացված համայնքում հունիսի սկզբից քաղաքական վեճ կա գործող գյուղապետի վերաբերյալ: Նախկին կառավարությունը որոշել էր 12 խոշոր գյուղ միավորել մեկում, և 2017 թվականի ընտրություններին ընտրակաշառքով նշանակվել էր մի գյուղապետ, որը չի կատարում համայնքների բնակիչների պահանջները և հաշվի չի նստում նրանց հետ: Տեղացիները ցանկանում են գյուղապետի հրաժարականը և նոր ընտրություններ: Օր ու գիշեր պայքարում էին իրենց իրավունքների համար: Նոր կառավարության կողմից լրիվ անտեսված մնացին և խնդրին լուծում չտրվեց…
Մեր կուսակցության առանցքային գաղափարական հիմքերում է գտնվում նաև աշխատավորների իրավունքների պաշտպանությունը, համապատասխան օրենքների և կառույցների հիմնադրումը, որը էականորեն կփոխի մարդկանց հոգեբանությունը և սոցիալական կարգավիճակը։ Կստեղծի համապատասխան պայմաններ, որպեսզի նրանք ազատորեն արտահայտվեն իրենց խախտված իրավունքների մասին, պահանջներ դնեն և փոխեն: Մարդիկ իրենք պետք է ցանկանան ձևակերպել ինչի կարիք ունեն և ինչպես են տեսնում այդ խնդիրների լուծումը, մենք էլ փորձելու ենք ստեղծել այդ պարարտ հողը: Մեր մարզը՝ Վայոց Ձորը, սահմանամերձ գյուղեր ունի, որոնց կյանքի , կենսակերպի մասին շատ քիչ բան գիտենք: Շատ դեպքերում հիշում ենք այն ժամանակ, երբ գնդակոծվում է այս կամ այն տարածաշրջանը, ինչն անարդար է: Այդ մարդիկ ունեն բազմաթիվ այլ խնդիրներ,որոնց մասին պետք է խոսել ու գտնել լուծումներ:
– Ներկայիս բնապահպանական խնդիրներից մեկը՝ Ամուլսարի շահագործումը, գտնվում է վերը նշված մարզերում, ի՞նչ առաջարկներ ունեք այս հարցի լուծման համար:
Այս ամիսներին մենք՝ այդ տարածքի բնակիչներս, բազմիցս նշել ենք տեղական և միջազգային փորձագետների կարծիք այն մասին, որ պետք է փակել այս հանքը: Գրել ենք նամակներ կառավարությանը Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ, դրանք ամրագրված են ՀԲՃ նամակներում: Ռիսկերը ծրագիրը շարունակելու համար անհամեմատ մեծ են, հետևաբար այդ մասին բազմիցս ասել են ՀԲՃ-ի անդամները, տեղացիները միջազգային փորձագետները: 9 գնդեվազցիներով արդեն 3 տարի է ՀՀ վարչական դատարանում ենք, հնարավոր է լուծումը լինի դատարանում: Մենք կրկին ենք դիմել ՀՀ վարչական դատարան , այս անգամ 20 հոգի՝ Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից, վերջապես դատարանը մեր հայցն ընդունեց: Հայցի հիմքերը՝ պարտավորեցնել Բնապահապանության նախարար Էրիկ Գրիգորյանին առոչինչ ճանաչել Ամուլսարի դրական ՇՄԱԳ փորձաքննությունը:
Քրիստինե Նանյան
«Քաղաքականությամբ զբաղվել եմ միշտ… »
wow… այդ որքա՜ն երկար ժամանակ, ուրեմն…
քսան տարեկանի հասա՞ծ է, այդ օրիորդը