Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 13֊ին կայացրած որոշումը, և գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության: Թե ե՞րբ տեղի կունենա Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը և թե ինչպե՞ս է գնահատում պաշտպանական թիմը Վճռաբեկ դատարանի որոշումը՝ այս և այլ հարցերին անդրադարձել է Ռ․ Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանը:
«Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշման եզրափակից մասը, որը գնահատում եմ վատ, առավել մանրամասն որոշմանը կանդրադառնամ, երբ ամբողջությամբ ծանոթ լինեմ հիմքերին»,֊ ասաց Հայկ Ալումյանը չբացառելով, որ որոշումն ստանալուց հետո մեծ է հավանականությունն այն Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու:
Թե երբ է Վերաքննիչ դատարանն անդրադառնալու հարցին, այս առնչությամբ պարզվում է օրենքը ժամկետները չի սահմանել, ժամկետներ կան, եթե առաջին ատյանի որոշումը բողոքարկվում է Վերաքննիչ դատարան, իսկ երբ Վճռաբեկ դատարանն է գործը բեկանում և ուղարկում վերաքննիչ ՝ այդ առումով օրենքը ժամկետներ չի սահմանում:
Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանն անդրադարձավ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան բողոքարկելու հիմքերին՝ մասնավորապես, նշելով, որ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքի փաստական հիմքերից մեկն այն է եղել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել, պաշտպանական կողմի ներկայացված մի շարք փաստարկներին:
Հարցին, թե որոնք են եղել այդ փաստարկները Հայկ Ալումյանը նշեց՝ փաստարկներից մեկը եղել է անձեռնմխելիությունը, որինև անդրադառնալով էլ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, հաջորդը՝ մեղադրանքում առկա է ձևակերպում, թե հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել սահմանադրության խախտմամբ:
«Այս առնչությամբ պաշտպանական թիմը հայտնել է, որ հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է՝ այսինքն, ո՛չ քննիչը, ո՛չ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել, թե նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական:
Ըստ պաշտպանի՝ հաջորդ փաստարկը մեղադրանքում հիշատակվող փաստացի ռազմական դրություն հայտարարելուն է վերաբերել: Այս դրվագի վերաբերյալ պաշտպանական կողմը նշում է՝ փաստացի ռազմական դրություն նշանակում է, որ դե յուրե ռազմական դրություն հաստատված չի եղել, բայց դե ֆակտո այդպիսի դրություն է հաստատվել:
Այս կապակցությամբ պաշտպանական կողմը ներկայացրել է համապատասխան օրենքի նորմեր, որտեղ ասված է, թե ինչից է բաղկացած ռազմական դրությունը: Միաժամանակ նաև ներկայացվել են տվյալներ, որ մինչև 2008 թվականի մարտի 1֊ը երկրում ռազմական դրությանը բնորոշող մի շարք հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:
Բացի վերը նշվածները Հայկ Ալումյանը նաև հայտնեց, որ մեղադրանքում կան այնպիսի ձևակերպումներ, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված և բոլորովին անզեն: Այնինչ մարտի 1 գործով առկա են տասնյակ դատավճիռներ որոնցում հստակ գրված են՝ ցուցարարները եղել են զինված, նշված են կոնկրետ զենքի տեսակներ և նույնիսկ կոնկրետ անձանց անուններ են հիշատակվում:
Ուստի պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքի մեջ չի կարող այնպիսի ձևակերպումներ լինել, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին և նախքան այդպիսի ձևակերպումներ տալը՝ պետք էր բոլոր այդ դատավճիռների վերանայման խնդիր քննարկել, քանի որ որևէ մարմին իրավունք չունի պետության անունից նման ձևակերպումներ անել, թե իբրև ցույցերը եղել են բացառապես խաղաղ և ցուցարարները բոլորը եղել են անզեն:
Հայկ Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը նշված այս փաստարկներից ոչ մեկին իր որոշման մեջ չէր անդրադարձել և Վճռաբեկ բողոք ներկայացվել է այս նկատառումներից ելնելով՝ որպեսզի Վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրվի այս փաստարկների վրա: Եվ քանի որ Վճռաբեկը բեկանել է Վերաքննիչ որոշումն, ուստի պաշտպանական կողմը հիշատակված փաստարկները կներկայացնի կրկին Վերաքննիչ դատարանում, հուսալով, որ այս անգամ Վերաքննիչ դատարանը կանդրադառնա այդ փաստարկներին:
Ի թիվս այս փաստական տվյալների, Հայկ Ալումյանը Վճռաբեկ դատարանի գրասենյակ էր ներկայացրել նաև ապացույց՝ տեսանյութի տեսքով, որի մասին ավելի վաղ խոսել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տեսանյութում առկա են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ակտիվիստները դուրս գալիս ավտոբուսների հետևից և կրակում, ապա թաքնվում այդ ավտոբուսների հետևում:
Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության կողմից Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի լրացմանն, ապա պաշտպանը նշեց, որ իրավական որոշումը չի փոխվել, ընդամենը բառերի քանակն է շատացել:
Միաժամանակ Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ մեղադրանքի լրացման առումով ՀՔԾ֊ին դիմել են պարզաբանում ստանալու նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ պարզաբանելու անհրաժեշտություն չկա:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ – ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ