Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով. գլխավոր քարտուղարի հարցը փակված չէ. Զոհրաբ Մնացականյան

Նոյեմբեր 16,2018 19:45

ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ խոսելով հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունների, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում գործընկեր երկրների հետ առաջ եկած տարաձայնությունների մասին:

— Պարոն նախարար, Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիայի կարգով պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին: Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է այդ պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից, և որոշում է կայացվել Հայաստանը զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

— ՀԱՊԿ-ն իրենից ներկայացնում է անվտանգության ոլորտում 6 գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ: Եթե ձեր հարցին ի պատասխան ես կրկնեմ այն, ինչ Հայաստանը պնդում էր այս ամբողջ ընթացքում, ապա հնարավոր կլինի եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ: Միաժամանակ հարցի հիմքում դրված է հետևյալը. նախ, նորմատիվ բազան չի նախատեսում որևէ կոնկրետ լուծում այնպիսի հարցերի համար, որոնք կապված են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների իրականացման անհնարին լինելու հետ: Երկրորդ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ, կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեն: Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք, որպեսզի կազմակերպությունը լինի ուժեղ և մեր ներդրումն ենք ունենում այդ գործում:

Մենք նախաձեռնեցինք ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի լիազորությունների արտահերթ դադարեցման գործընթացը, քանի որ նրա հետ կապված ներքին բնույթի իրավական խնդիրներ ունենք: Եվ դա արեցինք, որպեսզի հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունը և մեր ներքին գործերը:

Մեր մոտեցումն ուղղված է, ընդհանուր առմամբ կազմակերպության գործունության ամրապնդմանը, լայն իմաստով ՀԱՊԿ բոլոր վեց անդամ-երկրների համախմբվածության ուժեղացմանը: Այնպես որ, պատասխանելով Ձեր հարցին, կասեմ, որ ո՛չ, չի նշանակում: ՀԱՊԿ կազմում կա վեց իրավահավասար անդամ, և որոշում այնտեղ կայացվում է կոնսենսուսով:

— Այսինքն` մենք կարող ենք փաստել, որ խնդիրներ կան նորմատիվ բազայի, փաստաթղթերի հետ, որոնք նույնպես կքննարկվեն սպասվող գագաթնաժողովի ժամանակ, ինչպես նաև այն փաստը, որ Ղազախստանի նախագահի հայտարարությունն արտահայտում է բացառապես այդ երկրի դիրքորոշումը…

— Կրկնեմ, կազմակերպության կազմում կա վեց իրավահավասար երկիր, որոնք ընդհանուր նպատակներին հասնելու համար համագործակցում են կոնսենսուսի հիման վրա:

— Անցնենք այլ թեմայի: Բոլորովին վերջերս Հայաստան այցելեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորապես այն, որ Հայաստանը կարող է գնել ամերիկյան սպառազինություն: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շահավետ առաջարկ ստանալու դեպքում հայկական կողմը կդիտարկի նման հնարավորությունը: Ի՞նչ է սա. քաղաքական հայտարարությու՞ն, թե՞ արդեն սկսվել է որոշակի գործընթաց՝ կապված ամերիկյան զենք գնելու հետ:

— Հայաստանը ոչ մի առաջարկ չի ստացել: Բացի այդ, մեր երկիրը գտնվում է բավականին զգայուն տարածաշրջանում, որտեղ կան չլուծված հակամարտություններ, և հասնել խաղաղության ու կայունության, ինչպես նաև այնպիսի մթնոլորտի, որը կնպաստի խաղաղության հաստատմանը, մեզ համար միանգամայն կարևոր հարց է: Նման պայմաններում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր երևույթ է:

Եվ երբ մենք մեր գործընկերներին դժգոհություն ենք հայտնում՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ, ընդգծում ենք, որ չենք կարող այդ փաստին վերաբերել որպես գործարք, այլ վերաբերում ենք որպես զենք, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը: Այնպես որ, սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում նման պայմաններում չափազանց վտանգավոր է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջին հերթում վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք արել ենք և կանենք հնարավոր ամեն բան՝ նրանց էքզիստենցիալ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար:

Բնական է, որ ոչ մեկ չի կարող կասկածի տակ դնել մեր մարտունակությունը և վճռականությունը՝ գործելու որպես այդ մարդկանց անվտանգության երաշխավոր: Միաժամանակ, ևս մեկ անգամ հատուկ շեշտում եմ, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

— ԱՄՆ-ը բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, բայց միաժամանակ ակնհայտ դիմակայության մեջ է Ձեր երկրի դաշնակիցներից մեկի՝ Իրանի հետ: Ինչպիսի՞ն եք տեսնում Երևանի ռազմավարությունը այս «երկու կրակի արանքում» իրավիճակում: Եվ ինչպե՞ս կարող են հակառուսական պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը խոստանում է խստացնել, ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա:

— Մենք հստակ սահմանել ենք մեր դիրքորոշումը. մեզ համար դա չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկեր է, որի հետ մենք ունենք սահմանված երկկողմ օրակարգ, և այն տարածաշրջանում ներկա իրողությունների համատեքստում Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի:

Մենք առաջիններից մեկն էինք, որ ողջունեցինք բանակցություններում առաջընթացը՝ 2015թ. միջուկային համաձայնագրի հարցում: Ներկա իրավիճակում մենք կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների՝ և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ կողմերի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ՝ նպատակ ունենալով պահպանել մեր շահերը և տարածաշրջանի կայունությունը: Դուք հիշատակեցիք Բոլթոնի այցի մասին, որը նաև մեզ համար հնարավորություն դարձավ բացատրել այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ, ինչպես նաև դրանցով թելադրված քաղաքականությունը:

— Առաջիկայում սպասվու՞մ է հանդիպում Ռուսաստանի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

— Ինչպես Դուք գիտեք, այս պաշտոնում նշանակվելուց հետո հունիսի սկզբին ես աշխատանքային այց իրականացրի Մոսկվա, որտեղ արդյունավետ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ հետ: Մենք ունեցել ենք և ունենք բավականին հագեցած օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Բնական է, կլինեն նոր հնարավորություններ պաշտոնական շփման համար: Բայց միաժամանակ անցած վեց ամիսների ընթացքում մենք շփվելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, այդ թվում միջազգային հարթակներում՝ լինի դա ՀԱՊԿ կամ ՄԱԿ շրջանակում: Անցյալ շաբաթ հանդիպեցինք Աստանայում:

Ես բարձր եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը և արագ հասանելիությունը, ինչպես նաև նախարար Լավրովի փորձը և գիտելիքները: Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեզ մոտ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնք համապատասխանում են մեր երկրների միջև համագործակցության բնույթին:

— Հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ինչպիսի հնարավորություններ կան, արդյո՞ք այդտեղ չիրականացված ներուժ կա:

— Դուք հիանալի գիտեք՝ որքան հագեցած և դինամիկ է հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգը՝ սկսած գիտությունից, մշակույթից, կրթությունից մինչև տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, և, իհարկե, ռազմատեխնիկական համագործակցություն: Գոյություն ունեն համագործակցության ձևավորված ձևաչափեր, որոնք թույլ են տալիս մեզ սահմանել մեր միութենական փոխհարաբերությունների խորացման նոր ուղղություններ:

Մեր փոխհարաբերությունները համախմբվում են նաև մեր անդամակցությամբ այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը. մենք սերտ համագործակցում ենք նաև այլ բազմակողմ հարթակներում: Մենք ունենք ամուր միութենական հարաբերություններ, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930