Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լևոնը նշեց, որ տրամադրված է վճռական

Նոյեմբեր 16,2018 18:01

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում հայաստանյան մասնակցությանը: Ասուլիսի բանախոսներն էին ՝ «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ L.E.V.O.N –ը, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարներ Դավիթ Ծերունյանն ու Անուշիկ Տեր-Ղուկասյանը, ինչպես նաև Հանրային ՀԸ հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Պլատոն:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցը Հանրային հեռուստաընկերության «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի հաղթողն է: «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ը հրաշալի հարթակ էր երիտասարդ կատարողների համար: Ըստ էության սա շատերի համար մեծ բեմին ելույթ ունենալու առաջին փորձն էր: Նախագծից հետո մասնակիցներն ընկերացան, ինչը, կարծում եմ, նախագծի լավագույն գնահատականն է»,- նշեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև քվեարկության ընթացակարգի փոփոխության մասին: Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին, իսկ քվեարկությունը անցկացվում էր sms հաղորդագրությունների միջոցով: Այժմ հայ հեռուստադիտողն ունի հնարավորություն քվեարկելու մեր մասնակցի օգտին, իսկ քվեարկությունն իրականացվելու է առցանց տարբերակով. «Նոյեմբերի 23–ից հնարավոր կլինի քվեարկել՝ այցելելով մրցույթի պաշտոնական կայք՝ jesc.tv: Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն մեկ անգամ, 3–5 մասնակցի օգտին։ Քվեարկությունը հասանելի կլինի մինչև Եվրատեսիլյան համերգը և կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո՝ 15 րոպեով»,- նշեց Դավիթ Ծերունյանն ու հավելեց. «Սա հրաշալի հնարավորություն է մեր մասնակցին սատարելու համար: Այսպիսով յուրաքանչյուրս կկարողանա իր ներդրումն ունենալ հայ մասնակցի հաղթանակում»:

Լրագրողի այն հարցին, թե անցյալ տարի շատերն ունեցել են խնդիր քվեարկության ընթացքում և արդյոք այս տարի շտկվել են նման խոտանները, Հանրային ՀԸ-ի հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Պլատոն պատասխանեց. «Անցյալ տարի նման խնդիր միայն մեզ մոտ չի եղել, տարբեր երկրների Հանրային հեռուստաընկերություններ դիմել են Եվրոպական հեռարձակողների միությանը նույն խնդրով: Այնտեղից վստահեցրել են, որ խոտանը գերծանրաբեռնվածության արդյունքում է եղել՝ Թիֆլիսում անցկացված «Մանկական Եվրատեսիլ»-ը գրեթե երեք միլիոն դիտող է ունեցել: Վստահեցրել են, որ այս տարի նման բան չի լինի»:

Հայաստանի ներկայացուցիչ Լևոնը նշեց, որ տրամադրված է վճռական, իսկ հարցին, արդյոք թալիսման իր հետ տանելու է Մինսկ, պատասխանեց, որ թալիսման չունի, նման բաների չի հավատում, սակայն կարծում է, որ իր երգն ու պարը կարող են բերել բաղձալի հաղթանակը:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը անդրադարձավ նաև եվրատեսիլյան բեմադրությանը. «Հետաքրքիր լուծումներ են լինելու, Լևոնը բեմին հանդես է գալու միայնակ, սակայն օգտագործելով հսկայական լեդերը՝ մենք կստանանք պարային յուրահատուկ համար: Իսկ Լևոնի կերպարը փոփոխության չի ենթարկվի, քանի որ այս կերպարն արդեն սիրված է հասարակության կողմից»:

Արդեն վաղը պատվիրակության ղեկավարներն ու մասնակիցը մեկնելու են Բելառուս, իսկ ահա նոյեմբերի 25-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ»-ը:

Հանրային հեռուստաընկերության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930