Մարալիկի համայնքապետարանում ավարտվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից անցկացվող ստուգումները, որից հետո, սակայն, դարձյալ վերսկսվել են բողոքի ցույցերը։ Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջողները երկուշաբթի օրվանից դարձյալ փակել են համայնքապետարանի դռները, իսկ երեկ բոյկոտել մշակույթի տան աշխատանքները, որտեղ և երկու օր առաջ տեղափոխվել էր Արտակ Գևորգյանը։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ցուցարարներից մեկը՝ Սեյրան Սուքիասյանը՝ դժգոհելով, որ չնայած երկարատև բողոքի ցույցերին՝ իրենց ձայնն անտեսվում է, որևէ փոփոխություն չկա։
«Երեկ բոյկոտը տեղափոխվեց մշակույթի տուն, որտեղ տեղափոխվել էր Արտակ Գևորգյանը, բայց ինքը, կարելի է ասել, փախավ էնտեղից, դա բնորոշ է իրեն։ Այսօր մշակույթի տունը նույնպես չի աշխատում, անգամ մշակույթի տան աշխատողները ներս չեն մտել։ Ասեմ, որ արդեն երկրորդ տարին է ՝ոչ մի մշակութային միջոցառում այնտեղ չի կատարվել, այնտեղի աշխատակիցներին էլ պիտի փոխել։ Մեր պահանջը ոչ մի արձագանք չի գտնում։ Վերահսկողության ծառայությունն ավարտեց ստուգումները, ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղեկացել ենք, որ աուդիտն ավարտվել է, գործը քննչական կոմիտեում է։ Մենք աուդիտը համարում ենք մեր պայքարի բաղադրիչներից մեկը, և աուդիտն անձնային որակ չի փոխում մարդու մոտ, բայց նույնիսկ դրա պատասխանը մեզանից ոչ մեկը չգիտի, անգամ աուդիտ կազմակերպող տղաները»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ երկուշաբթի օրվանից կաթվածահար կանեն համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցների աշխատանքը։
«Գիտեք, մեր մոտ այնպիսի տպավորություն է, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 700 թվականին առաջին աուդիտը Չինաստանում ավելի բարձր որակ ուներ, քան 21-րդ դարում Հայաստանում։ Ժողովուրդը իրականում ընկճախտի մեջ է, եթե այսպես շարունակվի, ժողովուրդը պատրաստ է անգամ ընտրական գործընթացը տապալելու, բոլոր ընտրատեղամասերի առաջ կկանգնեն մարդիկ, և ընտրությունն ամբողջովին կտապալվի այս տարածաշրջանում։
Դանակը ոսկորին է հասել, մարդկանց մոտ հենց այդպիսի տրամադրություն էլ կա։ Համայնքապետարանի դիմաց երկաթից տակառ է դրված ու բարձր արժեհամակարգ ունեցող մարդիկ առավոտ ութին քնից զարթնում ու շարժվում են համայնքապետարանի դուռը փակելու ու այնտեղ վառվող կրակից են տաքանում։ Դա երևի թե մեր կառավարությունից միակ օգնությունն էր, որ ասենք իրավունք ունենք համայնքապետարանի դիմաց տակառ դնենք, մեջը ինչ-որ աթար կամ փայտ վառենք ու տաքանանք։ Դա կառավարության կողմից մեզ բաժին հասած մեծ ջերմություն ենք համարում։ Համայնքապետին որտեղ բռնում, ամոթանք են տալիս, էդ մարդը երևի թե ունի համապատասխան պաշտպանական միջոցները մեր կառավարության կողմից»,- ասաց Սեյրան Սուքիասյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ես շաքար կ’ուզեմ, ես շոկոլատ կ’ուզեմ,
այս համայնքապետը կ’ուզեմ, այդ մարզպետը չեմ ուզեր
թէ որ չտաք, չանէք ուզածս՝ կը պոռամ, կու լամ,
խաղալիքներս կը կոտրեմ
շունչս կը բռնեմ մինչեւ որ մարիմ՝
https://i.pinimg.com/originals/82/87/46/828746f9a0be8832d451a58769dd66fb.jpg