Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ՔՊ-ից առաջադրվել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ նա մարզպետ էր նշանակվել ԲՀԿ քվոտայով։ Իսկ Ազգային ժողովում վիճահարույց օրենքի նախագծի քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը ազատեց ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարներին ու մարզպետներին։ Կարեն Համբարձումյանը աշխատանքից ազատվելուց հետո դադարեցրեց անդամակցությունը ԲՀԿ-ին։
Անկուսակցական նախկին մարզպետի առաջադրումը թերեւս հետաքրքիր է նրանով, որ ԲՀԿ -ի նախընտրական ու նույն ընտրատարածքում ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի շտաբի աշխատանքը համակարգելու է Աղասի Հակոբջանյանը։ Վերջինս Կարեն Համբարձումյանի աներն է եւ ժամանակին հենց Հակոբջանյանի շնորհիվ նա նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Արդյոք չե՞ն խանգարի իրար՝ աներն ու փեսան՝ Կարեն Համբարձումյանն ասաց. «Նման բան չկա, ես կարծում եմ»:
Հետաքրքրվեցինք՝ վստահորեն հայտարարո՞ւմ է, որ Աղասի Հակոբջանյանը չի համակարգելու Նաիրա Զոհրաբյանի շտաբը, Կարեն Համբարձումյանը պատասխանեց՝ գիտեմ, որ ինքը չի համակարգելու, մնացածի մասին տեղյակ չեմ. «Ես այդպես գիտեմ, ավելի լավ է Հակոբջանյանից ճշտեք: Որքանով տեղյակ եմ, նման բան չկա: Ինչ վերաբերում է իրար խանգարելուն, ապա պայքար է՝ ոչ մեկս ոչ մեկին չենք խանգարում: Ամսի 9-ին ժողովուրդը կորոշի: Ոչ մի խանգարելու խնդիր չեմ տեսնում»:
Կապ հաստատեցինք նաև Աղասի Հակոբջանյանի հետ: Մեր հարցին՝ Դո՞ւք եք համակարգելու Նաիրա Զոհրաբյանի շտաբը և արդյոք չե՞ք խանգարի իրար՝ Կարեն Համբարձումյանի հետ, Աղասի Հակոբջանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ով է համակարգելու և ինչի մասին եք խոսում: Դեռ հլը չենք սկսել. կմտնի օրինական հունի մեջ, նոր այդ հարցերին կպատասխանենք: Չգիտեմ՝ ով ինչ է անում, ես ասում եմ՝ երբ կգա ընտրությունների ժամանակը, երբ օրինական ժամկետները կլրանան՝ ով ինչ պիտի անի, մենք ձեզ տեղյակ կպահենք»: Մեր ամփոփիչ հստակեցնող հարցին՝ Դուք համակարգելո՞ւ եք Նաիրա Զոհրաբյանի շտաբը, Աղասի Հակոբջանյանը պատասխանեց. «Երբ կգա ժամանակը և որոշում կլինի, այդ հարցին կպատասխանենք»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ