«Եթե Դուք պատրաստ եք որևէ կերպ աջակցել մեր թիմին քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև միանալ մեր նախընտրական թիմին, խնդրում ենք մեզ գրել անձնական նամակով: Մեր համար մեծագույն պատիվ կլինի Ձեր գործընկերությունը: Սիրով սպասում ենք»,- այսպիսի գրությամբ նամակներով facebook-ի օգտատերերին «Իմ քայլը» դաշինքի անդամները խնդրում են իրենց միանալ:
Թիվ 2 ընտրատարածքում դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի քարտուղար Սարգիս Մամյանը նույնպես ակտիվ աջակիցներ է փնտրում Բաղդասարյանի համար: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ աջակցություն են ակնկալում աջակիցներից: Նա ասաց, որ Խանջյան 7 հասցեում գտնվող կոորդինացնող խմբի հետ հանդիպման ժամանակ կորոշվի օգնության կարիքներն ըստ տարածքների:
Մեր հարցին, թե աջակիցները պետք է շրջե՞ն շենքերով ու բնակիչներին հարց ու փորձ անեն՝ ում են ընտրելու, Մամյանը պատասխանեց՝ հնարավոր է, տեղում կերեւա:
Մեր հարցին, թե աջակիցները վճարվելո՞ւ են իրենց աջակցությունը ցուցաբերելու համար, թեկնածուի քարտուղարն ասաց՝ ամեն ինչ պարզ կդառնա հանդիպումից հետո՝ խոստանալով բոլոր հետաքրքրվածների համար հանդիպում կազմակերպել կոորդինացնող խմբի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ