«Սասնա Ծռեր» կուսակցության անդամները վաղը ավտոերթով կուղեւորվեն դեպի Արցախ, իրենց պատկերացմամբ, այդ կերպ Հայաստանին Արցախի դե յուրե միացումն ամրագրելու որպես համահայկական օրակարգի գերակա հարց։
«Բացառվում է, որ 2015 թվականի հունվարի 30-ի խայտառակությունը կրկնվի, որովհետեւ պայմանները լրիվ այլ են: Կարծում ենք, որ Արցախի վրայից այն ժամանակվա Երեւանի իշխանությունը զավթած ու Արցախում իրենց դրածոները դրած վարչախմբի պատճառով Արցախի ճակատի վրա հայտնված խարանն այս այցով վերանալու է»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով, Արցախի առանձին հայկական պետություն լինելը հայ ժողովրդի նկատմամբ հեգնանք է, Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է:
Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դիտարկմանը, թե «Սասնա Ծռեր» կուսակցություն Արցախում չի կարող գրանցվել, քանի որ դա Արցախի օրենքներով արգելվում է՝ Ալեք Ենիգոմշյանը նրան ասաց, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը նաեւ պաշտոնապես գրանցվել է Արցախում, և դա որևէ հակադրություն չունի Արցախի Սահմանադրության և օրենքների հետ. «Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, ապա ինչո՞ւ պետք է «Սասնա Ծռերի»՝ Արցախում գրանցված կուսակցության պարագայում ինչ-որ հակաօրինականության հարց առաջանա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ