«Ամուլսարի պաշտպանության համար պայքարողները մտահոգություններ են հայտնել, երբ վերջերս հանդիպումներ եմ ունեցել նրանց հետ: Կարեւոր է, որ հարակից համայնքների բնակիչների հետ խորհրդակցություններ իրականացվեն՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցության մասին տեղեկացնելու համար: Կառավարությունը դա պետք է նախաձեռնի, որպեսզի բնական պաշարների օգտագործման ծրագրերը համապատասխանեն մարդու իրավունքներին»,-ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրին՝ ասաց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն: Նա նշեց, որ բնապահպաններն ահազանգել են նաեւ իրենց հանդեպ սպառնալիքների մասին:
«Իրավիճակը մանրամասն գնահատել չեմ հասցրել, բայց կարեւոր է, որ մարդիկ բողոքում են բնապահպանական ազդեցության եւ հանքի շահագործման գործընթացի թափանցիկության բացակայության մասին, բայց, կարծում եմ, կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ բնակիչներին այդ մասին իրազեկելու: Կառավարությունը պատրաստ է ավելի լավ գործակցել հանքի հարակից համայնքների հետ, չէ՞ որ մարդիկ կարող են հողի օգտագործման եւ առողջության առնչությամբ հարցեր բարձրացնել»:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը շեշտեց, որ յուրաքանչյուր հանքարդյունաբերող ընկերություն, որը գործում է օրենքով, պետք է ապահովի համայնքների բնակիչների լիարժեք ընկալումը՝ իր գործունեության վերաբերյալ. «Ամուլսարի խնդիրն ավելի խորն ուսումնասիրության կարիք ունի: Լսել եմ նախկինում եղած սահմանափակումների մասին, որոնք համայնքին թույլ չեն տվել հստակ ընկալել տեղեկատվությունը: Բնական պաշարների օգտագործումը պետք է լինի արդար եւ բավարարի բոլորին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ