Զուրաբ Շամոյանը տարիներ առաջ Հայաստանում ներդրումներ է արել եւ բիզնես սկսել: Գործարար Շամոյանը Վրաստանի քաղաքացի է, ազգությամբ եզդի եւ նույն բիզնեսն ինչ սկսել է Հայաստանում, Վրաստանում այդ գործով արդեն մեծ հաջողությունների է հասած եղել: Եվ, քանի որ որոշել է բիզնեսը Հայաստանում էլ ընդլայնել, Հայաստանի քաղաքացի հանդիսացող իր ընկերոջը՝ Կարեն Մարտիրոսյանին եւ նրա զարմիկին՝ Սերգեյ Մարտիրոսյանին դարձրել է գործընկեր ու Վանաձորում գրանցված նրա ընկերության հետ գործ սկսել: Երբ գործերը հաջող են ընթացել, եկամուտներն օր օրի ավելացել ու բիզնեսը սկսել է ընդլայնվել, գործարար Շամոյանին հայաստանյան գործընկերներն ասել են՝ բիզնեսին տանիք է պետք, կարգն այդպես է եւ այդ տանիքը կլինի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Ներսիկ Նազարյանը:
«Խորհրդակցեցինք, որոշեցինք, եթե պետք է, ուրեմն ինչպես բոլորը, այնպես էլ մենք: Մեզ տանիք վերցրինք Ներսիկ Նազարյանին: Ասացի, եթե կարգն այդպես է, պետք է, ուրեմն թող լինի»,-այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում պատմեց գործարար Զուրաբ Շամոյանը: Նրա խոսքով, ինքը զբաղվել է արտաքին հարցերով, իսկ Մարտիրոսյան եղբայրները կարգավորել են ներքին հարցերը. «Մուծել ենք նրան այն բանի համար, որպեսզի մենք բիզնեսի հետ խնդիրներ չունենանք: Շրջանառությունը մեծանում էր՝ տանիքի «աշխատավարձը» նույնպես մեծանում էր»,-պնդում է գործարարը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սկզբում պարոն Շամոյանը ներդրել է 150 հազար դոլար, սակայն, երբ մեր երկրում բիզնեսն ընդլայնվել է, շրջանառությունը մի քանի անգամ մեծացել է, ձեռքբերված գույքերն ու ավտոմեքենաներն էլ միասին կազմել են մի քանի միլիոն դոլար:
Գործարարի խոսքով, քանի որ ինքը ՀՀ քաղաքացի չէր՝ չնայած Հայաստանում հայրական տուն ունի եւ ծնողները հայաստանցի են, ի սկզբանե որոշվել է բաժնետերեր դարձնել Մարտիրոսյան եղբայրներին, նրանցից մեկի կնոջը: Մի քանի տարի որեւէ խնդիր չի ունեցել: Զուրաբ Շամոյանի խոսքով, «մուծվել են» ու հանգիստ աշխատել, սակայն 2015 թվականին Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը կանչել է ու Շամոյանի խոսքով, հայտարարել՝ էլ բիզնես չունեք, ազատ եք: Ըստ գործարարի, հանդիպումը կայացել է Հյուսիսային պողոտայի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարքեթի երկրորդ հարկում: Ասուլիսին ներկա Կարեն Մարտիրոսյանը նույնպես վկայեց, որ այդ հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել:
«Մեզ ասաց, որ եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք Ներսիկ Նազարյանին: Մենք Կարենի հետ փնտրում էինք Ներսիկ Նազարյանին, սակայն այդ մարդը չբարեհաճեց հանդիպել մեզ հետ»:
Գործարարը նշում է, որ տեղի է ունեցել խարդախություն եւ իրենց բիզնեսում բաժնեմաս ունեցող Սերգեյ Մարտիրոսյանն այդ ամենից տեղյակ է եւ նրա միջոցով է կատարվել: Նրանց խոսքով, Սերգեյ Մարտիրոսյանը եւ Ներսիկ Նազարյանն ունեն իրենց անունով միլիոնների սեփականություններ: Եվ այդ մասին վկայող փաստեր կան: Փաստաբան Գրիգորյանի խոսքով, մինչ այդ Սերգեյ Մարտիրոսյանը ունեցվածք չի ունեցել եւ այն ձեռք է բերել բիզնեսն իրենցով անելուց հետո:
Գործարարը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն,ինչպես Զուրաբ Շամոյանի փաստաբանը նշեց, գործը մի ատյանից՝ դատախազությունից քննչական մարմիններ, այնտեղից էլ կրկին դատախազություն է գնացել: Որեւէ իրավապահ մարմին գործարարի ձեռքի տակ եղած ապացույցներին՝ ձայնագրություններին, ուշադրություն չի դարձրել, որտեղ Սերգեյ Մարտիրոսյանն ասում է, որ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին: Զուրաբ Շամոյանի խոսքով, իրեն ՀՔԾ-ում հարցրել են՝ դուք Ներսիկ Նազարյանին գումար տվե՞լ եք.«Ասացի՝ ոչ, ես նրան անձամբ չեմ տվել, քննիչն ասաց, ուրեմն գործը փակված է»:
Գործը վերաբացել եւ կրկին կարճել են 2017 թվականին: Փաստաբանի խոսքով, ոչ առերեսում են արել, ոչ՝ դատահաշվապահական փորձաքննություն:
«Գործի նյութերով Ներսիկ Նազարյանն ընդհանրապես կապ չունի»,-ասաց պարոն Գրիգորյանը: Ըստ գործարարի, որ այս ամենը կապ ունի Ներսիկ Նազարյանի հետ, ապացույցներից մեկն այն է, որ նրա որդու անունով բացվել է «Ժամարի» ընկերություն, որը Զուրաբ Շամոյանին եւ Մարտիրոսյաններին պատկանող «Մարսերար» ընկերությունից գնում է ապրանքը եւ իրականացնում նրա սպառումը:
Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո գործարարը կրկին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին, ապա ՀՔԾ, սակայն գործը մի մարմինը կրկին կարճել է, մյուսն էլ արդեն 3 ամիս է ոչինչ չի պատասխանում: Գործարարների համոզմամբ, գործը չի բացվում, քանի որ իրավապահ համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել, գործը քննում են նույն քննիչները, ինչ այն ժամանակ եւ գործում են հին կապերը:
Aravot.am-ը այս գործի առնչությամբ փորձեց կապվել նաեւ Ներսիկ Նազարյանի հետ, որի հեռախոսը սակայն անջատված էր:
Պատրաստ ենք լսել նաեւ պարոն Նազարյանի մեկնաբանությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ