Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ օրը բուհի կառավարման բոլոր մարմինները գտնվում են ուսանողների ձեռքերում

Նոյեմբեր 16,2018 16:18

Նոյեմբերի 17-ը Հայաստանում և ամբողջ աշխարհում նշվում Է որպես ուսանողության միջազգային օր: Տոնի արմատները հասնում են մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: 1939թ.-ի նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակել էին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և գերեվարել մոտ 1200 ուսանողների։ Ավելի ուշ, Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ 1941 թ. Եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների համախմբման, համերաշխության, իրենց իրավունքների մասին խոսելու և ի սրտե ուրախանալու օր։

Տոնի առիթով խոսեցինք «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Գրիգոր Ջանիկյանի հետ, որը նշեց, թե կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ.-ին՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում դրական փոփոխություններ իրականացնել: Նա նշեց նաև, որ կազմակերպության հիմնադրումից անմիջապես հետո հայտարարվել է կամավորների կանչ, որպեսզի թիմը համալրվի ակտիվ երիտասարդներով: Եվ մոտ 200-ից ավելի կամավորների հոսք է նկատվել: Նրանցից 100-ի հետ իրագործել են մի շարք երիտասարդական ծրագրեր, այս պահին էլ աշխատում են մի քանի նախագծերի վրա: «Հունվար-փետրվար ամիսներին իրականացնելու են ծրագրեր Աղվերանում, ապա հանրապետության մյուս քաղաքներում: Առաջիկայում էլ կան ծրագրեր, որոնց մասին ավելի ուշ կբարձրաձայնեմ,- ասաց Գրիգոր Ջանիկյանը, ապա տոնի առիթով երիտասարդներին հորդորեց,- Երբեք կանգ մի՛ առեք, միշտ հետևե՛ք ձեր երազանքներին, որքան էլ դրանք անիրականալի թվան: Նաև փորձեք միշտ տարբերվել»:

ԵՊՀ-ն այս օրը միշտ նշել է մեծ շուքով: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովը դեռևս տարիներ առաջ որոշել էր նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրը, կազմակերպել հետաքրքիր միջոցառում, որը անվանել էին «Ուսանողական ռեկտորատ»: Այդ օրը ուսանողները հնարավորություն են ստանում մեկ օրով ստանձնելու ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների, դեկանների տեղակալների, ամբիոնների վարիչների պաշտոնները:

Այսինքն այդ օրը բուհի կառավարման բոլոր մարմինները գտնվում են ուսանողների ձեռքերում: Ուսանողները խոսում են, թե ինչ բարեփոխումներ կանեին իրենց ֆակուլտետներում, հրավիրում են ուսանողներին քննարկման, ինչ-որ հարցեր են բարձրաձայնում, փորձում առաջարկել լուծման իրենց տարբերակները:

ԵՊՀ ուսանողական խորհրդի քարտուղար Աննա Հարությունյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա նշեց, որ անձամբ երբևէ չի մասնակցել «Ուսանողական ռեկտորատ»-ին, բայց ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասել՝ տեսնելու ՝ո՞վ է լինելու իրենց ֆակուլտետի դեկանը:

Այս տարի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնը ստանձնել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը: Նա մեզ պատմեց իր հույզերի ու ապրումների մասին. «Ոգևորությունս ու անհանգստությունս կրկնապատկվում են, եռապատկվում են, երբ հասկանում եմ, որ հիմա, այս պահին ես եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը։ Այդ միտքը մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ինձ համար: Շատ ուրախ եմ, որ հենց ինձ է նման հնարավորություն ընձեռվել, վստահ եմ՝ այս օրը լինելու է ուսանողական կյանքիս լավագույն ու անմոռանալի օրերից մեկը։ Կաշխատեմ մտապահել ու վայելել յուրաքանչյուր ակնթարթը»:

Օրն ավարտվեց ուսանողների համար նախատեսված համերգային ծրագրով:

 

ԷլիզաԳրիգորյան, ԷլիզաԳալուստյան, 1-ին կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930