Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռիում թանգարանի տնօրենի մայրն աշխատանքի չի հաճախել, սակայն իր անունով աշխատավարձ է դուրս գրվել

Նոյեմբեր 16,2018 16:15

2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ մարզկենտրոնում գործող «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում» չարաշահումներ են արձանագրվել: Բանն այն է, որ տնօրինությունը 2006 թվականից սկսած թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել է որոշակի անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը յուրացվել են։

-Նախնական տվյալներով՝ աշխատակիցների քանակը 8 հոգի է: Աշխատակիցների մեջ առկա է եղել նաեւ տնօրենի մայրը: Մյուս 7 աշխատակիցների մասով բարեկամական կապ չի եղել, սակայն նրանք շահագրգռված են եղել, քանի որ իրենք ցանկացել են, որպեսզի աշխատանքային ստաժ ունենան: Հնարավոր է, որ քննության արդյունքում նաեւ այլ աշխատակիցներ ի հայտ գան: Կազմվել է զեկուցագիր, որի արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180, 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Ոստիկանության Տարոնի բաժնում ընկերության աշխատակիցներից ոմանք հաղորդումներ տվել են, այդ փաստերի կապակցությամբ: Այսինքն, որ աշխատանքի չեն հաճախել, սակայն իրենց փոխարեն աշխատավարձը ստացել է ընկերության տնօրենը: Նրա մոտ են գտնվել նաեւ աշխատավարձերի քարտերը,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Պողոսյանը տեղեկացրեց, որ գործընթացը շարունակվել է շուրջ 12 տարի: 2006 թվականից մինչեւ 2018 թվականը, թանգարանի տնօրենը շարունակաբար տարբեր պաշտոնների աշխատանքի է ընդունել մի շարք անձանց: Եվ նրանց աշխատանքի չհաճախելու պայմաններում իրենց ստորագրոթյամբ հաստատել են իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ. «Նրանք մասնավորապես ստորագրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացրել են վճարման եւ դրա արդյունքում, փաստացի աշխատանքի չհաճախող այս աշխատակիցների անվամբ անհիմն դուրս են գրվել առանձնապես խոշոր չափերի մոտ 7․352․400 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ»:

Տեղակալի խոսքով՝ բացի նշված գումարը, թանգարանի տնօրինությունը որոշ աշխատակիցներից ստացել է նաեւ կաշառք. «Նույն նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել նաեւ փաստական տվյալներ այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ –ի իրավասու պաշտոնատար անձինք, որոշ աշխատակիցների նույն կազմակերպությունում աշխատանքի ընդունելու, աշխատանքի չհաճախելու հագամանքն անտեսելու եւ այդ պայմաններում աշխատանքային ստաժ հաշվարկելու համար, պահանջել եւ որպես միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով ստացել են 140.000 ՀՀ դրամ կաշառք»:

Նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս պահին քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Թանգարանի լուսանկարը՝ Վիկիպեդիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930