Ի թիվս այլ կետերի «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում խոսվում է նաեւ ԱՄՆ Գրին Քարտի (Կանաչ Քարտ) նմանությամբ հայկական ներգաղթային համակարգ ստեղծելու՝ համապատասխան օրենսդրությամբ, ու Իսրայելի օրինակով ոլորտ առ ոլորտ մասնագետներին Հայաստան հրավիրելու, նրանց ֆինանսավորման ու ինտեգրման խնդիրները լուծելու ու Հայաստանում հաստատվելու փուլային ազգային նախագծի մասին։
Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում դա իրատեսական է համարում: Նաեւ փաստարկում է, թե ինչու:
«Հայաստանն ունի ոչ վատ կրթական համակարգ, մենք գրավիչ ենք, քանի որ կրթության որակը լավն է, չեմ ասում գերազանց է, բայց լավն է, եւ եթե մեկը պետք է գնա Ռուսաստանի յոթերորդական կարգի բուհում կրթություն ստանա, կնախընտրի Հայաստանում սովորել ավելի որակյալ եւ մատչելի: Դա մեզ թույլ է տալիս ավելի մրցունակ կրթական համակարգ ունենալ»,-ասում է մեր զրուցակիցը:
Նրա ձեւակերպմամբ. «Եթե մարդը եկավ սովորեց, մտածելու է նաեւ Հայաստանում աշխատելու մասին, իսկ Հայաստանի միգրացիոն քաղաքականությունն այս պահին շատ տխուր վիճակում է, պետք է հստակեցնել, թե ինչպես ենք մարդկանց տալիս կացության կարգավիճակ` ներգրավելով մեր աշխատաշուկա»,-հավելում է կուսակցության մամուլի խոսնակը:
Հայկ Գրիգորյանը կարծում է, որ ամենամեծ ներգաղթային քաղաքականություն վարող երկիրը ԱՄՆ-ն է. «ԱՄՆ-ի աշխատաշուկայի գրեթե կեսը հիմնված է ներգաղթյալների վրա»: Նա նշում է, որ այդ ընթացքում մարդը տարիներ շարունակ հարկեր է վճարելու, եւ դրանից շահելու է մեր պետական բյուջեն, այսինքն` իրենց առաջարկածն այն է, որ ԱՄՆ-ի ներգաղթային համակարգը նույնությամբ կրկնենք: Նրա համոզմամբ, դրանով մենք Հայաստան ենք ներգրավելու այն մասնագետներին, որոնց կարիքը մեր երկիրն ունի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ