Արդեն մոտ 10 օր է պոլիկլինիկաներում «Կոլխիցին» դեղամիջոցը չկա: Հիվանդները, որոնք անվճար՝ պետպատվերով ստանում են այս դեղը, ստիպված դեղատնից են այն ձեռք բերում:
«Կոլխիցինը» բժիշկները նշանակում են պարբերական հիվանդություն ունեցող անձանց: Նրանք այդ դեղամիջոցը, ըստ բժշկի նշանակած չափաբաժնի, պետք է խմեն ամեն օր, եւ առանց ընդհատումների: Հիվանդներն այս դեղը պոլիկլինիկաներում ստանում են ամիսը մեկ անգամ՝ մեկ ամսվա չափաքանակով:
Aravot.am-ին դիմած քաղաքացիները պատմեցին, որ պոլիկլինիկաներում նրանց վստահեցրել են, թե այլեւս տեղական արտադրության «Կոլխիցին» չկա, չեն արտադրում, այդ պատճառով էլ խնդիր է առաջացել: Թե երբ կլինի դեղը՝ բժիշկներն էլ չգիտեն:
«Պարբերաբար գնում ենք տեսնենք՝ վերջը՞, ստացա՞ն էդ դեղը: Չկա ու չկա: Բժիշկներն էլ մի նորմալ պատասխան չեն տալիս, որ հասկանանք՝ լրիվ հույսներս կտրե՞նք՝ էլ պետպատվերով չենք ստանա, թե՞ կարող է նախարարությունը մի բան անի»,-մեզ հետ զրույցում ասաց այս դեղն օգտագործող մի քաղաքացի:
Թե ինչո՞ւ է պոլիկլինիկաներում «Կոլխիցինի» դեֆիցիտ առաջացել, եւ երբ խնդիրը կկարգավորվի, արդյոք շարունակվելու է հիվանդներին այս դեղը անվճար տրամադրելը, Aravot.am-ը փորձեց պարզել առողջապահության նախարարությունից:
ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Կոլխիցինը», որը տրամադրվում էր հիվանդներին, տեղական արտադրության չէ, այն ներկրվում է Ռումինիայից: Գրիգորյանի վստահեցմամբ՝ «Դեղի ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել, բայց արդեն հարթվել են: Դեղի բաշխման ընդհատում չի եղել: Փոքր քանակություն ենք ունեցել ու բաժանել ենք: «Կոլխիցինը» երկուշաբթի կամ երեքշաբթի օրը արդեն կբաշխվի»:
Գրիգորյանի խոսքերով՝ որպեսզի դեղի խմբաքանակն ավելի արագ հասնի Հայաստան եւ ընդհատում չլինի՝ ինքնաթիռով են ներկրել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ