Վերջին մի քանի տարիներին 15-20 հազար սիրիացիներ ապաստան գտան Հայաստանում, նրանց ճնշող մեծամասնությունը ծնունդով հայեր են: France24-ի թղթակիցները եղել են Հայաստանում և ծանոթացել Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի վիճակին:
«Սիրիայի պատերազմի տարիներին փոքրամասնությունների ազգային հալածանքներից փախած նորեկներին Հայաստանի կառավարությունն ընդունեց գրկաբաց՝ նրանց առաջարկելով օգնություն և վարչական աջակցություն»,- ասում է մեկնաբանը:
Եվ չնայած այդ օգնությանը՝ փախստականների մի մասի համար այդ անցումը դեռ բարդ է. լեզվական խոչընդոտ, դժվարություններ աշխատանք գտնելու հարցում, Հայաստանի տնտեսական ծանր դրությունը, ի վերջո այն զգացողությունը, թե ինչքան բան են թողել Սիրիայում:
Լրագրողը նկատում է, որ մի մասը Հայաստան են տեղափոխվել ժամանակավոր, բայց Սիրիայում իրավիճակը գնալով վատթարացել է և նրանք հաստատվել են այս երկրում: Փախստականների մի մասի համար էլ Հայաստանն ավելի շուտ տարանցիկ կետ է, և այստեղ տեղափոխված փախստականներից երկրում մնացել են միայն մոտ 7000-ը:
Ռեպորտաժն ամբողջությամբ՝ կից տեսանյութում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ