«Համաներումը չպետք է նպատակ հետապնդի մեխանիկորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ համաներման մասին այսպիսի պատկերացումը հաճախ այն պատճառով է, որ տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չեն առաջնորդվել ազատությունից զրկման հարցերում։
«Ազատությունից զրկված մարդու նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկած։ Նրա հետ պետք է տարվի անհատական աշխատանք, պետք է մարդուն նախապատրաստել աստիճանական ազատ արձակման, իսկ մենք ի՞նչ ենք արել, տարիների ընթացքում պահել ենք անձին մեկուսացած ու սոցիալ-հոգեբանական ոչ մի աշխատանք չենք կատարել անձի հետ ու վերջում ասել ենք՝ գիտես ինչ կա, դու պատրաստ չես ազատ արձակման», – մանրամասնեց Արման Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու պատճառով չի կարող մարդուն ասել՝ դուք պատրաստ չեք ազատ արձակման. «Պետք է սկզբունքային փոփոխություններ կատարել։ Բեռնաթափելը կամ գերբնակեցման հարցը լուծելը, շատ կարեւոր է, բայց տպավորություն չպետք է ստեղծվի, որ սա միակ խնդիրն է. մեր քրեակատարողական հիմնարկները շատ ունեն խնդիրներ։ Չի կարելի մարդու մասին դատել բացառապես կատարված հանցանքի բնույթով, ինչպես նշում է միջազգային իրավաբանությունը, արդարությունը չի ավարտվում բանտի դարպասների հետևում, պետք է մարդկանց մշտապես տանք այդ հնարավորությունը։ Մենք խնդիրներն անընդհատ բարձրաձայնելու ենք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ