Քանի որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ծրագրում անդրադարձ կա ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու բուհերի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացմանը, ապակուսակցականացմանը և ինքնակառավարման ապահովմանը, կուսակցության մամուլի պատասխանատու Հայկ Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում բուհերի, մասնավորապես Բժշկական համալսարանի` ընտրությունից առաջ շատ արագ փոխված կառավարման խորհրդի կազմին, որտեղ 4-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են եւ կուսակցության ցուցակում են:
«Այդ ամենը օրենքի բացերի պատճառով է, հարցն այն չէ, թե ով է եղել, որ կուսակցությունից եւ ով է հիմա, օրենքով պետք է ամեն ինչ հստակ ամրագրվի, այդ թվում` ֆինանսական անկախությունը, բուհն իր ֆինանսական միջոցները տնօրինի ինքնուրույն, ոչ մեկից չունենա կախվածություն, կրթության նախարարությունը չպետք է ունենա վարչական լծակներ:
Պետությունը պետք է միայն լիցենզավորմամբ, կրթական հաստատությանը պետք է նայել որպես լիցենզավորվող տնտեսական գործունեություն ունեցողի: Պետք է ձերբազատվենք խորհրդային այն ձեւաչափից, որ դպրոցը, բուհը պետք է ենթարկվի նախարարությանը, մարզպետարանին…»,-նշեց Գրիգորյանը:
Նա հավելեց, որ ինքը սովորել է «դրսում», որտեղ չկա ուսխորհուրդ հասկացություն: «Կա հոգաբարձուների խորհուրդ, որը հետեւում է, որպեսզի ֆինանսական միջոցները ճիշտ ծախսվեն, ու կան դեկանատի եւ ուսանողների միջեւ ծրագրային, այսինքն՝ ուսումնական պլանի հաստատման հետ կապված քննարկումներ, որոնց մասնակցում են ուսանողները: Այնպես որ, ուսխորհրդի գործառույթը ես չեմ պատկերացնում, դա հետխորհրդային տարածքին բնորոշ մնացուկ է, որից պետք է ձերբազատվել:
Եթե մենք ուղղակի անձանց փոխենք, կլինի «Քաղաքացիական պայմանագրի» ուսխորհուրդ, հետո էլ մեկ ուրիշ ուժի ուսխորհուրդ կամ կառավարման խորհուրդ, դրա համար մեր ծրագրի դրույթներն ուղղված են այնպիսի բարեփոխումների, որ եթե անգամ Հայաստանի վարչապետ կամ նախագահ գա հայատյաց մարդ, ասենք՝ Աթաթուրքը, չկարողանա վնաս տալ Հայաստանին, այսինքն՝ մեզ պետք է համակարգի փոփոխություն, այնպիսի իրավական, քաղաքական բարեփոխումներ, որ էլ երբեք անիվը հետ չշրջվի եւ մի կուսակցություն չդառնա հրեշ, որից ստիպված լինենք ազատվել արտակարգ միջոցառումների արդյունքում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ