Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը`Տավուշի մարզի գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ

Նոյեմբեր 16,2018 15:27

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց` ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։ Հրապարակված փաստերը վերաբերում են սեպտեմբեր ամսվա ընթացքում Տավուշի մարզի Կոթի, Բաղանիս, Վազաշեն, Ոսկեվան եւ Այգեհովիտ բնակավայրերի գնդակոծություններին:

«Փաստահավաք աշխատանքներն ընդհանրապես նոր ուղղությունն են ՄԻՊ գործունեության մեջ, մենք սկսել ենք այս ուղղությունը 2016 թվականից, եւ այն բացառապես հիմնված է միջազգային սկզբունքների վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Թաթոյանը`հավելելով, որ այս աշխատանքները սկսել են հիմք ունենալով մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, իրենց ուղղվող ահազանգերը. «Փաստահավաք աշխատանքների ընթացքում առանձնազրույցներ են անցկացվել տեղի բնակիչների հետ, վարչակազմերի, ուսուցիչների հետ է աշխատանք տարվել։ Այս ողջ աշխատանքների ընթացքում մեզ հետ սերտ համագործակցել են գյուղական համայնքների ղեկավարները։ Ողջունելի է նաեւ այն, որ ավելի քան հիսուն ՀԿ-ներ քննադատական հայտարարություններով հանդես եկան, որոնք ուղղված են թիրախային՝ երեխաների պաշտպանությանը»:

Արման Թաթոյանի ներկայացմամբ, գնդակոծությունները հիմնականում տեղի են ունենում այն ժամերին, երբ ակտիվ է քաղաքացիական բնակչությունը, գնդակոծվում են հիմնականում մանկապարտեզներն ու դպրոցները:

«Օրինակ` Կոթի գյուղում, մեր արձանագրած տվյալների համաձայն, գնդակոծությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 2, 4, 5, 15, 16, 29-ին, զեկույցում հստակ նշված են նաեւ ժամերը։ Ինչ վերաբերում է Բաղանիսին, ես անձամբ եղել եմ այնտեղ, վնասվել էր գյուղի դպրոցի տանիքը, վտանգն այն էր, որ խաղադաշտում գտնվող երեխաները նույնպես կարող էին ենթարկվել գնդակոծության։ Այդ պատճառով, փաստահավաք աշխատանքներից հետո աշխատանքներ ենք տանում որոշ միջազգային կառույցների հետ, որպեսզի կարողանան կանխարգելիչ բնույթի քայլեր ևս ձեռնարկվի»,- մանրամասնեց Արման Թաթոյանը։

Այս զեկույցը կներկայացվի միջազգային կառույցներին, պետական եւ քաղաքացիական հասարակության մարմիններին: «Այդ զեկույցը բացառապես հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- վստահեցրեց Արման Թաթոյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին`Ադրբեջանի ՄԻՊ-ն է՞լ նման փաստահավաք աշխատանքներ իրականացնում է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Անկեղծ ասած տեղյակ չեմ, չեմ նկատել այդպիսի զեկույցներ, բայց միջազգային հարթակներում քննարկումների ժամանակ անում են հայտարարություններ, թե իրենց նկատմամբ էլ են անում գնդակոծություններ։ Իրականում այս զեկույցները նպատակ ունեն ոչ թե հավասարակշռություն պահելու, այլ ցույց տալու իրական վիճակը և մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930